կարևոր
3541 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 22:17
Հասարակություն

ՍԴ առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով. Սոս Հակոբյան

ՍԴ առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով. Սոս Հակոբյան

Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Սոս Հակոբյանը:

«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում հրապարակային կերպով հանրության առաջ երդվելուց խոսքը սկսել է հետևյալ բառերով. «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով….»

Սա նշանակում է երկու բան.

  1. Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ից գիտակցում է, որ ինքը Սահմանդրական դատարանի դատավոր է,
  2. Հանրությունը, այդ թվում՝ ՀՀ դատարանների բոլոր դատավորները 2022 թվականի դեկտեմբերի 16-ից իմացել են և գիտակցել են (կամ ողջամտորեն կարող էին իմանալ և գիտակցել), որ Սեդա Սաֆարյանը այլևս Բարձր դատարանի, նույն ինքը Սահմանադրական դատարանի դատավոր է։

Այսինքն, ՀՀ բոլոր դատարանների դատավորնեը, որտեղ Սեդա Սաֆարյանը հանդես է եկել որպես որևէ անձի ներկայացուցիչ ամենաուշը դեկտեմբերի 16-ից հստակ իմացել են, որ գործ ունեն ոչ թե փաստաբանի հետ, այլ օրինակ՝ օրենքների սահմանադրականությունը որոշող Բարձր դատարանի դատավորի հետ, որը դատական իշխանության ինստիտուցիոնալ մակարդակում օժտված է ամենաբարձր հեղինակությամբ։

Հիշեցնենք, որ կա ապացույց, որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը իրականացրել է փաստաբանական գործունեություն (նույն ինքը՝ ներկայացուցչություն)։

Այսինքն, Սեդա Սաֆարյանը մի կողմից ուղղակիորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, քանի որ դրա համաձայն ՍԴ դատավորը չի կարող նույնիսկ անհատույց հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ կամ տրամադրել խորհրդատվություն (բացառությամբ, եթե ներկայացներ իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց)։

Մյուս կողմից (դիտարկելով դրա խորը բովանդակային մասը), Սեդա Սաֆարյանը կատարել է ևս մեկ վարքագծի կանոնի խախտում՝ ըստ էության օգտագործելով իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի (Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, քանի որ իր գործերով դատարանները իմացել են, որ գործ ունեն պաշտոնը ստանձնած ՍԴ դատավորի հետ։ Դեռ հլը պարզ չէ, թե վերջինս երբ է դիմել Փաստաբանների պալատ իր լիազորությունների դադարեցման համար։

Եթե ներկայացուցչության կանոնի խախտումը Սահմանադրական դատարանի համար հիմք է Սեդա Սաֆարյանին «նկատողություն» հայտարարելու համար, ապա դատավորի հեղինակությունը օգտագործելը ի շահ այլ անձի էական կարգապահական խախտում է, որը հիմք է, որպեսզի Սահմանադրական դատարանը դադարեցնի Սեդա Սաֆարյանի լիազորությունները որպես ՍԴ դատավոր։

Մի կարևոր հանգամանք էլ՝ դիտարկելով դեկտեմբերի 16-ը որպես մեկնակետ (երդում տալու օրը), որտեղից սկսած Սեդա Սաֆարյանը իրավունք չուներ լինել փաստաբան, ես օգտագործում եմ աշխարհի երեսի բոլոր իրավաբանների համար անվիճելի փաստարկ առ այն, որ Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ կարգապահական խախտում։

Քանի որ, հանրությանը արդեն սեպտեմբերի 15-ից հայտնի էր, որ Սեդա Սաֆարյանը շուտով աներկբա ստանձնելու է ՍԴ դատավորի լիազորությունները, այսիքն՝ իրականում քննությունը Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրությունը և օրենքները ոտնահարելու մասին կարելի է սկսել հենց սեպտեմբերի 15-ից սկսած։

Ամփոփելով. Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով։

Հակառակ պարագայում՝ Սահմանդրական դատարանի դատավորները անգործությամբ կհեղինակազրկեն Սահմանադրական դատարանը և իրենց որպես ՍԴ դատավորների։

Հ.Գ. երդման հղումը մեկնաբանությունների մեջ»։