կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-29 15:30
Առանց Կատեգորիա

Երաժշտությունը մարդկանց ավելի լավը լինելու հնարավորություն է տալիս

Երաժշտությունը մարդկանց ավելի լավը լինելու հնարավորություն է տալիս

Տրոմբոնահար Արիստակես Մարտիրոսյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի միջին սերնդից է, ֆիլհարմոնիկում նվագում է` 2000 թ. սկսած: Երաժիշտն իր առաջին քայլերը սկսել է` դաշնամուր նվագելով, սակայն, լսելով տրոմբոնի հնչողությունը, անմիջապես տարվել է եւ որոշել երաժշտական կրթությունը շարունակել որպես տրոմբոնահար: Մարտիրոսյանը վստահեցնում է, որ փողային գործիքները նվագախմբի շունչն ու հոգին են:

 

-Երկու զավակ ունեք, ինչպե՞ս եք նրանց կրթում եւ դաստիարակում, որպեսզի ճիշտ երաժշտություն լսեն:

-Աշխատում ենք այնպես անել, որ նրանք հնարավորինս շատ շփվեն բարձրորակ երաժշտության հետ: Հաճախ ենք միասին դասական երաժշտության համերգների հաճախում:

 

-Ո՞ր օղակն է թերանում, որ այսօր դասական երաժշտությունն այնքան էլ տարածված չէ:

-Հիմնականում մոտեցման խնդիր է, այսինքն` մշակութային քաղաքականությունից է գալիս, ինչպես նաեւ մեր երկրի քաղաքականությունից` կապված մշակույթի զարգացման հետ: Այն կապված է նաեւ տնտեսական մի շարք խնդիրների հետ, այսինքն` պետք է նայել նաեւ երկրորդ կողմին եւ հաշվի առնել այն, թե երաժիշտն իր մասնագիտությամբ կարողանո՞ւմ է ապրել: Ստացվում է` մենք չունենք մշակութային քաղաքականություն, եւ մեր երկրի ծրագրերում չի խթանվում մշակութային գործունեությունը:


-Ասում են` մարդիկ գումար չունեն, որ գնան համերգի, բայց չէ՞ որ նույն հաջողությամբ այլ համերգների մասնակցում են, ինչպե՞ս է այս հակադրությունը ստացվում:

-Իմ կարծիքով` նրանք, ովքեր միգուցե իսկապես կցանկանային դասական երաժշտության համերգների ներկա լինել, չունեն այդ հնարավորությունը: Մարդկանց մի մասն էլ զուտ ձեւի համար է գալիս համերգներին` իր ներկայությունը կամ իր նոր զգեստը ցուցադրելու համար: Իհարկե, հիմա մարդիկ այն վիճակում չեն, որ յուրաքանչյուր շաբաթ համերգի գան:

 

-Նկատե՞լ եք, որ ձեւական կողմը, իրոք, շատ է. քաղաքը կանաչապատում են, դալանները` նկարազարդում, բայց Երեւանը, օրինակ, մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սայլակից օգտվողների համար:

-Համաձայն եմ, այո, ձեւական կողմը շատ է. մարդիկ աշխատում են ավելի շատ ինչ-որ բան ցույց տալ, քան գործ անել: Դրա պատճառն այն է, որ նրանք իրականում միտում ունեն քողարկել այն մեծ խնդիրները, որոնք մենք ունենք, եւ որոնք ավելի շատ լուծման կարիք ունեն, ինչի համար էլ ձեւական, կոսմետիկ քայլեր են անում:

 

-Երաժշտությունն ի՞նչ կարող է փոխել մեր մթնոլորտում:

-Շատ բան: Մենք նաեւ համազգային մեծ խնդիր ունենք` մարդկանց հոգեբանության հետ կապված, այսինքն` մեր բոլոր տնտեսա-քաղաքական խնդիրները, նեգատիվ տարրերը իրենց ազդեցությունն են ունենում յուրաքանչյուր անհատի մտածողության եւ հոգեվիճակի վրա: Մարդկանց, կարելի է այսպես ասել, «ներքին առողջացման» կարիք ունենք, եւ այս հարցում մեզ կարող է օգնել հենց երաժշտությունը: Երաժշտությունը մարդկանց ավելի բարի, լավը լինելու հնարավորություն է տալիս:

 

-Վերջերս մեր արվեստագետներից մեկի հետ հարցազրույցի էի, եւ նա շատ հետաքրքիր միտք ասաց` հիմա ամենաանպաշտպան խավը կրթված մարդիկ են: Համամի՞տ եք այս մտքի հետ:

-Իհարկե, ասեմ ավելին` մեր երկիրն այսօր դարձել է աշխարհի այն եզակի երկրներից մեկը, եթե, իհարկե, երկրորդն էլ կա, որտեղ կրթված մասնագետների, լավ որակավորում ունեցողների կարիք չկա, ինչով էլ պայմանավորված է մեր լավ մասնագետների արտահոսքն արտերկիր: Շատ ոլորտների «խախուտ» վիճակը գալիս է նրանից, որ դրանք ղեկավարվում են ոչ համապատասխան մարդու կողմից: Սա իմ կարծիքն է:

 

-Լավատես լինելը չի՞ խանգարում, քանի որ անընդհատ ստիպված եք լինում բախվել իրականությանը:

-Երբեք: Եթե լավատես չլինես եւ միայն վատը սկսես տեսնել, դու «կգնաս» դեպի վատը: Իսկ երբ դու հավատում ես, որ ամեն ինչ լավ է լինելու, այդ դրական էներգիան, իրոք, հաղթում է: Կարծում եմ, որ հարկավոր է մի քիչ սպասել եւ ավելի մտածված ու խոհեմ մոտեցում ցուցաբերել ցանկացած հարցում:

 

-Մեր ավագանու կազմում մի շարք մտավորականներ կան, ի՞նչ քայլեր պետք է նրանք անեն, որ մեր մշակութային խնդիրները հաճախակի քննարկման առիթ դառնան:

-Շատ կարեւոր է լինել անկողմնապահ եւ միշտ հանրության շահերը մեկ քայլ վեր դասել քո անձնական շահերից: Բոլոր ղեկավարները պետք է հասկանան, որ ամեն մարդ, իր անձնական հարցը լուծելով, երկրի առջեւ ծառացած խնդիրները չի լուծում. չէ՞ որ վաղը նույն այդ պաշտոնյան պաշտոնաթող է լինելու եւ առնչվելու իր ստեղծած խնդրի հետ: Մարդիկ այժմ իրենց անձնական շահերը առաջնային են համարում, սակայն պետք է մեկ-երկու քայլ մի քիչ ավելի հեռուն նայել` նորմալ եւ առողջ հասարակություն ստեղծելու համար:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ