Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում` նվիրված է մեծ կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին, կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։
Առաջին անգամ նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի «Հանդիսավոր պոեմը», իսկ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Հանդիսատեսը համերգի ավարտից հետո Խաչատրյանից իր ծափողջյուններով պահանջեց եւս երկու ստեղծագործություն կատարել:
Համերգից հետո Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առանց երաժշտության ապրել չի կարող:
«Երաժշտությունն ինձ համար այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես։ Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ։ Երաժշտությունը մի վայր է, որտեղ կարողանում ես մաքրել հոգիդ: Ինձ համար երաժշտությունից մաքուր երեւույթ չկա»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ չնայած սովորել է տարբեր ուսուցիչների մոտ, բայց իր երաժշտությունը հայկական է. «Ես Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը՝ Սաղմոսավանք, Տաթեւ: Լինելով այդտեղ՝ ես զգում եմ, որ դա իմ հողն է։ Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ է»:
Իսկ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ կարեւոր է այն հանգամանքը, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտները, ովքեր հանդես են գալիս լավագույն նվագախմբերի հետ, գալիս են Հայաստան եւ ելույթ ունենում հայրենիքում։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին. նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը: