կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 12:54
Մշակույթ

ՀՊԵՆ-ի համերգին ''բիս''-ով հնչեց ''Մարիո'' խաղի երաժշտությունը

ՀՊԵՆ-ի համերգին ''բիս''-ով հնչեց ''Մարիո'' խաղի երաժշտությունը

Մայիսի 15-ին եւ 16-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Երկու համերգներին էլ դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ հանդիսատեսին անակնկալներ մատուցվեցին:

 

Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Նա Երևան էր ժամանել Թբիլիսիից հատուկ` համերգին մասնակցելու համար:

 

Համերգային ծրագրի ընթաքում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Վահագն Հայրապետյանը։ Ամբողջ երեկոյի ընթացքում հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիներն ուղեկցվում էին մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերի կադրերով։

 

Հանդիսատեսը վայելեց «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Աստղային պատերազմներ», «Մալենա» և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից:

 

Երեկ համերգի հիմնական ծրագրի ավարտից հետո հանդիսատեսն իր ծափահարություններով հետ կանչեց նվագախմբին. «բիս»-ով կատարվեց հայտնի «Մարիո» խաղի երաժշտությունը: