կարևոր
6736 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-09 12:38
Քաղաքական

Ներդրված «Կերպարվեստն» և «Երաժշտությունը»՝ «Տեխնոլոգիայի» ձախողված ուղիո՞վ

Ներդրված «Կերպարվեստն» և «Երաժշտությունը»՝ «Տեխնոլոգիայի» ձախողված ուղիո՞վ

Գալիք ուստարում 10-րդ դասարանում 1-ին անգամ կներդրվի «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները:

Մի քանի օր է, ինչ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ), մասնագիտական շրջանակներին և հանրակրթության շահառուների դատին է հանձնել` նոր ՀՊՉ-ով գրված 2024-2025 ուսումնական տարում գործածության համար երաշխավորված Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի համար նախատեսված դասագրքերի  մի մասը։

Հիշեցնենք՝ Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում նոր ՀՊՉ-ի ներդնումը նախատեսվում էր 2023-2024 ուսումնական տարում, բայց այն մեզ անհայտ պատճառներով հետաձգվեց և արդյունքում կներդրվի 2024-2025 ուսումնական տարում։

Այս կոնտեքստում հետաքրքրական է այն, որ Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի կրթական ծրագրում 1-ին անգամ ավելացել են նոր առարկաներ, օրինակ` «Կերպարվեստ» և «Երաժշտություն»։

Չլինելով «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների մասնագետ՝ չենք կարող խոսել և կարծիք հայտնել հիշյալ դասագրքերի մեթոդական և բովանդակային մասերի վերաբերյալ։ Դա լուրջ մասնագիտական խնդիր է և թող այդ թեման քննարկեն մասնագետները։

Խնդիրը կդիտարկենք այլ ասպեկտներով.

- արդյոք ճի՞շտ է հիշյալ առարկաները ներմուծել հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի կրթական ծրագրում,

- արդյոք մեր կրթական համակարգը պատրաստ է այս նորամուծությանը։

Նախ և առաջ նշենք, որ հիշյալ առարկաների դասավանդումը, սկսած ԽՍՀՄ տարիներից,  մինչ օրս մեզ մոտ պատշաճ չի իրականացվում։ Պատճառներից ամենագլխավորը մասնագետների պակասն է։ Այսօր հիշյալ առարկանները Հանրակրթական դպրոցների մեծ մասում բառացիորեն դասավանդում են բոլոր տեսակի մասնագետները, սկսած տեխնիկական մասնագիտացում ունեցողներից մինչև հումանիտար և բնագիտամաթեմատիկական մասնագիտություններ ունեցողներով։ Այսինքն` առարկան դասավանդում են բոլորը, բացի բուն մասնագետներից, ինչի արդյունքում, օրինակ,  Հանրակրթական դպրոցը ավարտած շրջանավարտների մեծ մասը տարրական գիտելիքներ և պատկերացումներ չունեն երաժշտության և կերպարվեստի մասին։ Ու այդ մարդիկ որպես կանոն համալրում են արաբաթուրքական երաժշտության երկրպագուների շարքերը։

Ընդհանրապես, դպրոցի գերխնդիրներից մեկը, բացի սովորողներին գիտելիքներ տալուց,  պետք միտված լինի սովորողների մոտ գեղագիտական ճաշակ ձևավորելուն։ Շատ լավ է, որ ԿԳՄՍ նախարարությունը փորձում է արժևորել այս առարկաները, բայց, եթե նույնիսկ ամեահրաշալի դասագրքերը գրվեն ու դրվեն աշակերտների սեղաններին, միևնույն է` դրանից որևէ էական բան չի փոխվելու, քանի որ մենք մեծամասամբ չունենք հիշյալ առարկաները պատշաճ դասավանդող կոմպետենտ մասնագետներ։ Իսկ նյութատեխնիկական բազայի մասին ընդհանրապես ավելորդ է խոսելը։

Ցավոք այսօր մեր կրթական համակարգը  նյութատեխնիկական և մասնագիտական առումով պատրաստ չէ հավուր պատշաճի իրականացնել 10-րդ դասարանում ներդրված «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների կրթական ծրագրերը։ Շատ լավ կլիներ եթե ԿԳՄՍ նախարարությունը, մինչև այս առարկաների ներդնումը,  ուսումնասիրեր և հետևություններ աներ մոտ 10 տարի առաջ ներդրված «Տեխնոլոգիա» առարկայի ձախողված փորձը։

Հիշենք՝ «Աշխատանքի ուսուցում» առարկային փոխարինելու եկավ բազմաբովանդակ մի հրաշալի առարկա, որը մեզ այսօր հայտնի է «Տեխնոլոգիա» անունով։ Այն ժամանակ էլ գրվեցին չափորոշիչներ, ստեղծվեցին մասնագետների կարծիքով հրաշալի դասագրքեր, և այն ամենը, ինչ մեթոդական առումով անհրաժեշտ էր և է հավուր պատշաճի հիշյալ առարկան դասավանդելու համար։  Բայց այն ժամանակ ԿԳ նախարարությունը այսօրվա ԿԳՄՍ նախարարության նման չի լուծել և չի կարողանում լուծել մասնագետների և նյութատեխնիկական բազայի խնդիրները։ Արդյունքում՝ այսօր որևէ շոշափելի արդյունք մենք չունենք այս առարկայի դասավանդման մասով։

Ցավում եմ բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը կրկնում է հին սխալները։ ԿԳՄՍ նախարարությունը պետք է միաժամանակ աշխատի 3 ուղղությամբ` բուհական համակարգի միջոցով մասնագետների պատրաստում, նյութատեխնիկական բազային համալրում և Հանրակրթական համակարգից դուրս գտնվող համապատասխան մասնագետների մոտիվացում դեպի Հանրակրթություն։

ԿԳՄՍ նախարարությունն այս ողջ ընթացքում չհասկացավ մի պարզ ճշմարտություն, որ վերապատրաստումների միջոցով հնարավոր չէ ոչ մասնագետին դարձնել մասնագետ և վստահել հիշյալ առարկաների դասավանդման ողջ պատասխանատվությունն ու առաքելությունը։

Արդյունքում՝ այսօր հանրակրթական դպրոցն ավարտած շրջանավարտների գերակշիռ մասը տարրական գիտելիքներ չունի այս առարկաներից։

Ամփոփենք. ըստ իս ընդհանուր առմամբ վատ չէ այս առարկաների դասավանդումը հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում, և, հաշվի առնելով մեր հասարակության դեգրադացված արժեհամակարգը, կարծում ենք, տեղին է։ Բայց նյութատեխնիկական բազային իսպառ բացակայության և մասնագետների այս մակարդակով հնարավոր չէ որևէ շոշափելի արդյունք գրանցել։ Ցավում ենք...

Վանո Կարապետյան

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ