կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 15:45
Մշակույթ

Դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերում

Դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերում

Ապրիլի 19-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին (ՀՊԵՆ)։ Նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը։

 

Հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ունկնդրեց հոլիվուդյան սիրված ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերի բնակչությանը։ «Hollywood Non-Stop»-ն արդեն իսկ ներկայացվել է Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, և այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել նվագախմբի ելույթները։

 

Սերգեյ Սմբատյանը համաձայն չէ այն պնդումներին, թե դասական երաժշտություն քիչ են լսում. «Մարդիկ սիրում են դասական երաժշտությունը, դրա կարիքն ունեն, պարզապես պետք է գտնել մատչելի ձևաչափ` այն ավելի ճիշտ ներկայացնելու, հասանելի ու սիրելի դարձնելու համար»։

 

Արտաշատի հանդիսատեսին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան։ Նա բարձր գնահատեց ՀՊԵՆ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այս մշակութային փոխանակման ծրագրի միջոցով հայ հանդիսատեսին է ներկայացվում ամերիկյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, բացի այդ` սա նաև մեծ հնարավորություն է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար` ներկայացնելու իրենց հմտությունները։

 

Արարատի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Մերի Կարապետյանի կարծիքով՝ Երիտասարդական նվագախմբի արտաշատյան ներկայացումը մշակութային մեծ իրադարձություն է, սպասված ելույթ, որն բարձրացնում է հանդիսատեսի գեղագիտական ճաշակը, ամոքում ու պարգևում հոգեկան ներդաշնակություն:

 

Արտաշատի Շահումյանի անվան դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Զառա Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց համար համերգային այս ծրագիրը լավ առիթ էր` վայելելու դասական երաժշտությունը առանց Երևան հասնելու. «Ֆիլմերը դիտել էինք, երաժշտությանը ծանոթ էին, սակայն շատ հաճելի էր ունկնդրել այն դասական մատուցմամբ։ Հանդիսատեսն այսօր մաքուր երաժշտության կարիք ունի, և Երիտասարդական նվագախումբը մեզ ընձեռեց այդ առիթը»: