կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 13:15
Առանց Կատեգորիա

Վա՞տ եք ապրում. դա դեռ քիչ է ձեզ

Վա՞տ եք ապրում. դա դեռ քիչ է ձեզ

Հուլիսի 11-ը Ազգաբնակչության համաշխարհային օրն էր: Այս օրերին Հայաստանի ժողովրդագրական խնդիրների մասին է բարձրաձայնվում, ներկայացվում են թվեր ու վիճակագրություն: Պատկերը, մեղմ ասած, աղետալի է: Որքան էլ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը պնդի, թե արտագաղթը մեծ չէ, լրագրողներն են ուռճացնում ամեն ինչ, իրականությունն այլ բանի մասին է գուժում:

 

Նշված օրն այցելել էի Սարուխան գյուղ: Գտնվում է Գեղարքունիքի մարզում, Հայաստանի ամենահարուստ գյուղերից մեկն է. խոպանչիները շատ են: Ասացի՝ տեսնեմ՝ ազգաբնակչություն մնացե՞լ է, թե՞ ոչ: Գյուղում ունեմ 6 ընկեր, բոլորն էլ՝ «բանակից մնացած»: Այցելեցի նրանց տներն ու իմացա` վեցից եւ ոչ մեկը գյուղում, ավելին՝ Հայաստանում չէ: Բոլորը մեկնել են խոպան: Գյուղում երիտասարդություն չէր մնացել, ինձ հանդիպած մի քանի երիտասարդներն էլ ասացին, որ պետք է բանակ գնան, դրա համար դեռ Սարուխանում են: Միայն ծերերն էին մնացել ու կանայք: «Մե մարդ մեռավ՝ կնանիքն են տանում-թաղում»,- դժգոհում էին ծերունիները:

 

Սարուխանի մի հատվածը ջրազուրկ է, կանայք դույլերով ջուր էին բերում մեծ հեռավորությունից: Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք դուք բերում, բա երեխաներ չունե՞ք, ի՞նչ են անում: «Որ կան՝ մե՞զ ինչ, ռսի աչքը լույս, ռսի խամար են աշխատում, մի քանի կոպեկ ուղարկում են, երեխեքին հավաքել-գնացել են»:

 

Ես ցավ ապրեցի, որ ընկերներս լքել են երկիրը: Դեռ դա քիչ է` Զոհրաբն ու Մկրտիչն արդեն տեղեկացրել էին իրենց կանանց, որ ճամպրուկները կապեն ու սպասեն տոմսին: Այսինքն` նրանք վերադարձի միտք այլեւս չունեն: Հարութը՝ ընկերս, գյուղի տրակտորիստն է: Վարուցանքն ինքն էր անում, գնացել է: Հայաստանի բոլոր գյուղերում էլ կա մեխանիզացիայի պակաս, ու այս պայմաններում Հարութի գնալը շատերին կստիպի հող չմշակել:

 

Զրուցում եմ գյուղացիների հետ ու պարզում, որ հողը մշակողներն էլ են գնացել, հող չեն մշակում: «Էս մեր խող ու ջրի նախարարն ասեց, որ խողը սկսել են շատ մշակել: Տո սուտը կարտոլ դառնա՞: Որ մենք ոչ մեկս չենք մշակում, գեղի 70 տոկոսը դուրսն ա, ի՞նչ մշակել, ո՞վ ա մշակում»,- ասում է Արտեմ բիձան:

 

Գյուղի ծերունիները հավաքվում են կլուբում ու զբաղվում խաղերով: Մտնում եմ. սեղանները հավասար դրած, շախմատը, նարդին ու դոմինոն շարած, մարդ չկա: Պահակը ասում է՝ «գնացել են պերերիվ, ստե կայնի, տեղ չէթաս, հեսա կգան»: Գալիս են, տեղեկանում են՝ լրագրող եմ ու սկսում են հայհոյել, «անաստված» հայհոյանքներ հղել, ոչ ավելի ոչ պակաս, նախագահին, նախագահից սահուն անցնում են վարչապետին ու ԱԺ նախագահով ավարտում 7-8 հարկանի հայհոյանքներ: Չեն քաշվում տեսախցիկից: Բողոքում են թոշակից, նպաստից, ապրուստից ու այն բանից, որ արդեն երեխեքն ու թոռները իրենց չեն լսում, գնացել են դրսերն ու նոր ադաթներ են բերում գյուղ: «Կէթաս Սերժին կասես` Գևորգն ասում էր` բա չե՞ս ամանչում, ընչի՞ էկար, խաբիր, գացիր: Եքա վերադաս մարդն անշառ գյուղացիներին կդնի կ....՞»:

 

Գյուղը հարուստ է գեղեցիկ տներով, նոր, մեծ: Ասում եմ՝ բա որ էդքան վատ է ձեր վիճակը, ո՞նց եք էսպիսի տներ սարքել: Պարզվում է՝ ով մի քիչ գումար է աշխատում, առաջինը տներն է վերանորոգում, բացի այդ, ըստ իրենց, «սովետի թվին» են սարքել:

 

- Թոշակը չի խերքում (հերիքում), դրել են, 2500 դրամ են բանցրցրել,- բողոքում է մի ծերունի:

 

- Փարա տայիր՝ էլի կբանցրցնեին (բարձրացնեին),- կողքից հուշում է մյուսը:

 

- Մեռա ասելով, ասում են` էտ փողով կարաս նպաստ սարքես:

 

- Էս տենո՞ւմ ես, էս մե թաք ատամն ա, ըստով (սրանով) էլ ափսոսում եմ բան ուտեմ: Որ հնգավ (ընկավ) չէ՞՝ կուրուկ (կորած) եմ,- դժգոհում է մեկ ուիշը:

 

- Խորքուրս (հորաքույրս), տարիքով կնիկ ա, նպաստից զրկեր են, որտեւ ես խոպան եմ էթում: Նպաստի 90 տոկոսը ֆարշ ա: Ես էթամ, գիշեր-ցերեկ ճգռեմ, որ նպաստն էլ կդրե՞ն,- ասում է մեկ ուրիշը, ով տարիքի պատճառով արդեն այս տարի չի մեկնել արտագնա աշխատանքի:

 

Ասում եմ՝ այդքանը ասեք առանց հայհոյանքների: Բա թե՝ չէ, մենք հայհոյելուց ենք հանգստանում:

 

Վերջին նախագահական ընտրություններին մասնակցել է 4 հազար սարուխանցի: Երեք հազարը ձայն են տվել Սերժ Սարգսյանին: Ասում եմ՝ ինչո՞ւ եք ձայն տվել եւ այժմ ինչո՞ւ եք բողոքում: Ասում են. «Տո ընտրողի էլ, ընտրվողի էլ... Մեզ տարան, գծին-տվին ձեռներս»: Գիտեմ, որ ճիշտ չեն ասում: Իրենք էլ գիտեն, որ չեմ հավատում: Ասում եմ՝ փողով չե՞ք ընտրել: «Բոլորովին»,- պատասխանում է մի ծերունի, ու սկսվում է բանավեճը: Արդյունքում պարզվում է, որ գրեթե բոլորն էլ վերցրել են, բայց «Րաֆֆի են գծել»:

 

Ինձ բան չի մնում ասելու՝  ձեզ տեղն է, ընտրել եք, դիմացեք 5 տարի ու դրանից հետո եւս, որովհետեւ մեկ է՝ 5 տարի անց էլ եք վերցնելու մի քանի կոպեկն ու վազեք մեր ապագան կեղտոտելու: Գյուղից դուրս եմ գալիս հիասթափված, թվում է՝ խեղճ, անմեղ մարդիկ են, բողոքում են, դժգոհում են, արդար ապրել են, կոլխոզ են պահել, երկիր են սարքել, բայց հենց իրենք իրենց ձեռքով վաճառում են իրենց, իրենց զավակների ու մեր ապագան:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ