կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-10 12:52
Մշակույթ

Ապրում են մի քաղաքում, որտեղ ոչ ոք չի ապրում

Ապրում են մի քաղաքում, որտեղ ոչ ոք չի ապրում

Շնորհանդես էր` Ավագ Եփրեմյանի «Վարք. սեւագրություն» եւ Վաչե Եփրեմյանի «Բնագիր եւ մեկնություն» գրքերի: Շուտ եմ գնում, գրախանութի կողքին Ավագ Եփրեմյանն է կանգնած: Անձրեւ է գալիս:

 

-Բա էս ինչո՞ւ ներս չեք մտնում:

 

-Մերոնք եկան, տարա ներս, ես դուրս եկա: Չգիտեմ: Չեմ սիրում, երբ ուշադրության կենտրոնում եմ լինում, մարդիկ կլոր շարվում են, ինձ էլ մեջտեղում կանգնեցնում ու սկսում ինձնից խոսել: Այնքան էլ մարդ կհավաքվի...

 

Ավագ Եփրեմյանը սովորականից ավելի մենակ էր թվում. Ավագ Եփրեմյանը ներկա չէր գրքի շնորհանդեսին, հատկապես այն պահից սկսած, երբ Վաչե Եփրեմյանի գիրքն ինչ-որ մեկը մեկնեց, որ Ավագ Եփրեմյանը մակագրի...

 

«Ուզում եմ շեշտը Վաչեի գրքի վրա դնել»,-ասաց Ավագ Եփրեմյանը ու հիշեց.«Հունվարին, երբ Վաչեն էս ափիս էն ափն անցավ, Թադեւոս Տոնոյանը էդ օրերին հարցազրույց էր տալիս, ու հարցազրույցի ժամանակ ասաց` հիմա Վաչեն էնտեղից նայում ու ասում է` վերջ տվեք, այ ժողովուրդ, էս ինչի՞ վրա եք, էս ի՞նչ եք անում: Իսկապես, էդպես էլ կասեր, քանի որ իր հումորը մանկությունից եկած հումոր էր»:

 

Ավագ Եփրեմյանը վերհիշեց` եղբայրը ԵՊՀ-ի բանասիրականի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էր, եւ գրականության առաջին դասին Մկրտիչ Մկրյանը /ով այդ ժամանակ նաեւ դեկանն էր/ ինչպես եւ ընդունված էր` ուսանողներին հարցրել է, թե ովքե՞ր են կուրսում ստեղծագործում.«Վաչեն վեր կացավ ու ասաց` ես ծանոթացնեմ, թե ովքեր են ստեղծագործում՝ ահա Աղվան Վարդանյանը՝ բանաստեղծ, ահա Վասակ Դարբինյանը՝ արձակագիր, էսպես մի քանի հոգի... Դասախոսը, ի վերջո, հարցնում է՝ բա դու ո՞վ ես, այ տղա, դու ի՞նչ ես անում, ի՞նչ ես գրում՝ արձակագի՞ր ես, թե՞` բանաստեղծ: 3-րդ կուրս, պետական համալսարան, Սովետական Միություն, եւ Վաչեն պատասխանեց` պարոն Մկրյան, ես նոր ստեղծվող ժողովուրդների համար էպոսներ եմ գրում: Դե, Մկրյանի արձագանքը` իր բարակ ձայնով, թե` դուրս կորի: Հիմա հասկանում եմ, որ դա կյանքի հանդեպ իր վերաբերմունքն է, որովհետեւ ամեն կատակի մեջ մի ճշմարտություն կա»:

 

Գրականագետ, Եփրեմյանների գրքերի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ կարծում էր, թե Ավագ Եփրեմյանի մասին գրելը դժվար է, քան խոսելը, բայց հակառակը ստացվեց, ինչը Եփրեմյանի պոեզիայի յուրահատկություններից է գալիս:

 

«Ավագի պոեզիան ավելի շատ ընթերցելու, հետընդդեմ մենակ մնալու պոեզիա է, քանի որ այն խորքերը, որ բացում է Եփրեմյանն իր բանաստեղծության մեջ, այն կառուցածքային, բովանդակային յուրահատկությունները, որ բերում է իր պոեզիայով, իսկապես վայելքի այն տրամադրությունն են ստեղծում, որը մի փոքր նաեւ էգոիստորեն չես ուզում ոչ մեկի հետ կիսել»,-ասաց գրականագետը եւ հավելեց, որ գիրքն ընդգրկում է Եփրեմյանի անցած պոետական ճանապարհը եւ ամբողջացնում նրա` որպես բանաստեղծի եւ մարդու ընդհանուր վարքը:

 

Խոսելով Վաչե Եփրեմյանի մասին` Նիկողոսյանը նշեց, որ եթե վերջինս կենդանի լիներ, հիմա մի անկյունում քաշված-կանգնած էր լինելու, քանի որ դա իր տեսակն էր.«Չգիտեմ քանիսը զգացին այն կորստի մեծությունը, որ մենք ունեցանք Վաչեի մահով: Կուզեի` Վաչեին հիշեին` նրա արտահայտած մտքերը մեջբերելով, իսկ նրա գիրքը բոլորի գրապահարաններում լինի, քանի որ Վաչեն, իսկապես, ցույց է տալիս ճանապարհներ, որոնցով մենք պետք է գնանք: Վաչեն մեզ համար բացահայտել է երեւույթներ եւ հասկացություններ, որոնք մեր կողքին լինելով` մենք չենք նկատել: Վաչեն շփումների մեջ փակ էր եւ նույնիսկ ամենաշատ իր հետ շփված մարդիկ քիչ բան են կարողանում պատմել նրա մասին, բայց այն, ինչ պատմում են, այնքան էական է, որ այս դեպքում շատությունը չի որոշարկողը»:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Եփրեմյան եղբայրներին ճանաչում է արդեն 36 տարի, եւ իրենք միասին կյանք են ապրել, իրար հետ գրականություն ապրել:

 

«Վաչիկը դասական կերպար էր. կյանքում, կենցաղում շատ քիչ մարդիկ են կարողանում յուրաքանչյուր օր ու միջավայր տոնի վերածել: Մյուս կողմից, Վաչիկը փակ, ներամփոփ էր շատ, սակայն իր այդ «փակության» մեջ կարողացավ բոլորովին նոր կողմից տեսնել ու բացել գրականությունը: Իր օրինակով կարող ենք ասել, որ մենք ունենք 20, 21-րդ դարին համարժեք գրականության վերլուծություն: Շատ ավելի ուշ հասկացանք, որ թերեւս Վաչիկը մի բան գիտեր, որ մենք չգիտեինք ու չգիտենք»,-ասաց Վարդանյանը:

 

Անդրադառնալով Ավագ Եփրեմյանի պոեզիային` Վարդանյանը նշեց, որ Ավագ Եփրեմյանը համալսարանում իրենցից մի կուրս բարձր էր եւ մինչեւ այսօր էր բարձր է` իր գրականությամբ ու պոեզիայով:

 

«Նման հավատարմությունը գրականության հանդեպ եւ անընդհատ որոնելու եւ գտնել-չգտնելու այս ընթացքն Ավագին դարձնում է մեր գրականության ամենառաջին դեմքերից մեկը: Հանձին Ավագի` մենք ունենք աշխարհին հարաբերակցվելու, եւ մեր տեսանկյունից նայելու հնարավորություն: Ավագի պոեզիան` որքան էլ ժամանակակից, զուտ անձնական դրսեւորում է` իր ծննդավայր քաղաքից անընդհատ աղերսվելով եւ նոր որակներ բերելով»,-ասաց Վարդանյանը:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ