Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ներկայացրած եւ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության կողմից հավանության արժանացած` 2013 թվականի ծրագրի 5 հիմնասյուներից մեկն էլ «Մարդկային կապիտալ»-ի մասին դրույթների ամբողջությունն է: Այս առումով կառավարությունը նախատեսում է գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով:
Առաջինը որակյալ կրթական եւ մշակութային ծառայությունների մատչելիության ապահովումն է: Սովորաբար այն երկրներում, որոնց զարգացման մակարդակին է ձգտում կամ հայտարարում է, որ ձգտում է Հայաստանի Հանրապետությունը, այս ոլորտներում սկզբունքի պես մի բան է, որ կրթությունը պետք է լինի ոչ թե մատչելի, այլ հասանելի: Որովհետեւ կրթությունն ինքնին չի կարող լինել մատչելի, այն պահանջում է նյութատեխնիկական, մասնագիտական, շենքային եւ այլ տիպի բազաների առկայություն, ջանքեր եւ ժամանակ: Այս ամենը փող արժեն, ու մարդիկ հասկանում են, որ որակյալ կրթությունը չի կարող մատչելի լինել:
Ուստի առաջադեմ երկրներում ոչ թե կրթությունն են մատչելի դարձնում, այլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ թանկ, բայց անհրաժեշտ եւ որակյալ կրթություն ստանալ ցանկացողները ինչ-որ մեխանիզմերի, վարկերի, օգնությունների, թոշակների, դրամաշնորհների եւ այլնի միջոցով որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենան` հետագայում իրենց կատարած կրթական ներդրումները մարելու պայմանով:
Հարկ է նշելը, որ թեեւ կառավարությունն այս կետը ներառել է իր ծրագրում, բայց հետո ծրագրի ավելի լայն բացվածքում որեւէ գործնական, թեկուզ տեսական կետով չի անդրադարձել, թե ինչպես է Հայաստանում ապահովելու «մատչելի կրթություն եւ մշակութային ծառայություններ»:
Նույնը վերաբերում է նաեւ առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության եւ հասանելիության ապահովմանը վերաբերող` կառավարության ծրագրի դրույթներին: Ինչպես կրթությունը, առողջապահությունն էլ չի կարող մատչելի լինել: Աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի հասարակարգում առողջապահությունը մատչելի, առավել եւս` անվճար չէ: Ուղղակի մարդակենտրոն հասարակարգերում, որոնք ունենք մարդկանց սոցիալական երաշխիքների կայուն համակարգեր, այս թանկ, բայց հույժ կարեւոր ոլորտի համար նույնպես գործում են տարբեր մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր խավերի ներկայացուցիչների օգտվել առողջապահական եւ բուժծառայություններից:
Ինչեւիցե, ծրագրի հետագա բացվածքում կառավարությունն այս կետը կյանքի կոչելու համար նշում է` «ապահովվելու է հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, ինչպես նաեւ հետվիրահատական վերականգնողական շրջանի գրագետ վարումը: Հետևողականորեն իրականացնելու է բժիշկների պարտադիր վերապատրաստում, այդ թվում` աշխարհի լավագույն առողջապահական կենտրոններում: Երաշխավորելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար»:
Բայց այստեղ նշված չեն, թե կետերից յուրաքանչյուրի համար ինչ մեխանիզմներ են ներդրվելու, այդ մեխանիզմներն աշխատեցնելու համար որքան միջոցներ են հարկավոր, եւ այդ միջոցները որտեղից են ձեռք բերվելու:
Հետո կառավարությունը շեշտում է աղքատություն եւ անհավասարություն ծնող պատճառների վերացում նպատակը` սոցիալապես խոցելի եւ աշխատունակ խավերի համար կրթության, հմտությունների զարգացման եւ աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով: Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս է հայրենի կառավարությունը սա ծրագրում իրականացնել:
Իհարկե, այս առումով նշվում է` «զբաղվածության ռազմավարությամբ նախանշված քաղաքականության նոր մոդելի իրավական, գործառնական, ինստիտուցիոնալ հիմքերի ամբողջական ապահովում եւ գործարկում. աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության խնդիրների լուծման միջոցառումներ. սոցիալական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամբողջական և լիարժեք ներդրում՝ սոցիալական համալիր ծառայությունների տրամադրում «Մեկ պատուհանի» սկզբունքով»:
Ասել է, թե կետերն անորոշ են, եւ որեւէ մեկը ծրագրի ավարտից հետո չի կարող ստուգել` արդյոք կառավարությունը կատարե՞լ է իր խոստումը` իրագործե՞լ է իր թիրախադրումները, թե՞ ոչ, որովհետեւ կոնկրետ, շոշափելի, առարկայական թիրախ նշված չէ:
Որ կառավարությունը սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) սոցիալական կացարանի` բնակարանի տրամադրման ծրագրեր եւս ունի, սա, կարելի է ասել, զարմանալի է, քանի որ վերջին 1.5 տարվա տարբեր նախընտրական փուլերում, երբ ընդդիմադիրները խոսում էին սոցիալական բնակարանաշինության մասին, իշխանությունների ներկայացուցիչների հիմնական «հակափաստարկը» այս դրույթն իրագործելու համար անհրաժեշտ միջոցների բացակայությունն էր…
Կառավարությունը բազմաթիվ կետեր ունի սահմանափակ կարողություններ, ֆիզիկական դժվարություններ ունեցող անձանց համար, որոնք նույնպես տեսանելի եւ շոշափելի թիրախներ չունեն: Բայց այս դրույթներում մի կետ կա, որին արժե անդրադառնալ` տրանսպորտային միջոցներից օգտվելու մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցողների համար: Այստեղ ուղղակի հետաքրքիր է, թե այդ կետը կառավարությունն ինչպես է իրագործելու միկրոավտոբուսների ու Չինաստանից նվեր ստացած ավտոբուսների եւ այլնի դեպքում… Չնայած` օրերս չինական մանուշակագույն ավտոբուսների առաջին դռան կողքի պատուհաններին հայտնվել են «Նստատեղեր հաշմանդամների, ծերերի եւ երեխա մայրերի համար» գրառումներ` հավանաբար դա է ծրագրային այս կետի իրագործումը ենթադրում…
Նշենք նաեւ, որ նախատեսվում է կենսաթոշակների շարունակական աճ, որի արդյունքում ակնկալվում է միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակը հասցնել աղքատության գծի առնվազն 125 տոկոսին: Հայաստանում աղքատության գիծ է համարվում մոտ 36 հազար դրամը: Դրա 125 տոկոսին հասցնելը նշանակում է, որ նվազագույն թոշակը պետք է լինի մոտ 45-46 հազար դրամ: Բայց երբ նայում ենք աճի դինամիկային, որ կառավարությունը հերոսություն է համարում ու մեծագույն «ջանքերի» գնով է կարողանում 2000-2500 դրամներով թոշակներն ու սոցիալական նպաստները բարձրացնել, ապա դրանից հետո ինչպե՞ս պետք է, օրինակ, 20 հազար դրամ թոշակ ստացողի թոշակը բարձրացնի միանգամից 25 հազարով, առավել եւս, երբ գազի թանկացումից հետո սպասվող գնաճի պայմաններում աղքատության գիծն էլ, բնականաբար, պետք է բարձրանա…
Ամենազավեշտալին, թերեւս, կառավարության ծրագրի` «Մարդկային կապիտալ» գլխի այս դրույթն է` «շարունակվելու է մայրական կապիտալի համակարգի ներդրման միջոցով ծնելիության խթանումը»: Մայրական կապիտալի համակարգի եզրույթը, ինչպես հիշում ենք, նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջ քաշեց Սերժ Սարգսյանը: Բայց ինձ անձամբ հետաքրքրում է, թե ո՞վ է զբաղվելու ներդրված մայրական կապիտալի մոտ ծնելիության խթանմամբ ու ի՞նչ միջոցներով` արդյոք դրա համար առանձին գերատեսչություն կստեղծվի՞, թե՞ կբավարարվեն անհատների մատուցած ծառայություններով… Գուցե կառավարությունը ուզել է գրել` «ծնելիության աճի խթանում», բայց «աճ» բառը սպրդել է, ու այլ իմաստ է ստացվել, ո՞վ գիտի:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ