|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացումը նաև քաղաքական որոշում է, քանի որ այն ամրապնդելու է հայ-ռուսական հումանիտար կապերը. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ, չնայած դրան, բուհի մասնաճյուղի բացումը Հայաստանում իրենց համար նախևառաջ կրթական որոշում է: Նախարարը նշեց, թե շատերն այն համարում են երկրորդ ռուսական բուհի բացում` մոռանալով, որ հայ–ռուսական /սլավոնական/ համալսարանը նաև հայկական բուհ է, ինչպես, օրինակ, ֆրանսիականը` հայ-ֆրանսիական, իսկ ամերիկյանը` հայ-ամերիկյան: Աշոտյանը հիշեցրեց, որ սլավոնական համալսարանն այս տարի ստացել է թույլտվություն` դասավանդել նաև հայերենով։
«Սա չի կարող ռուսամետ քայլ համարվել, եթե այդպես է`ինչո՞ւ արևմտամետ չէիք որակում ինձ, երբ, ասենք, ֆրանսիական լիցեյի բացման մասին էր խոսք գնում: Մենք, ի վերջո, բացում ենք լավագույն բուհերի մեկի մասնաճյուղը Հայաստանում, և ես մրցակցության ու ընդհանուր որակի պատասխանատու եմ, չունեմ «լյուբիմչիկներ» բուհերի մեջ: Մենք այս պահին չունենք նման միջազգային բուհերից մեկի մասնաճյուղն այստեղ բացելու այլ առաջարկություն»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ ավելի լավ չէ՞, որ ուսանողը մնա Հայաստանում և այստեղ կրթություն ստանա, քան մեկնի Մոսկվա: