կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 14:59
Տնտեսական

Ազատ առեւտրի ռեժիմը կխթանի արտահանումը

Ազատ առեւտրի ռեժիմը կխթանի արտահանումը

Ազատ առեւտրի ռեժիմ` երկկողմ համաձայնագրերի հիման վրա, Հայաստանն ունի ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ստորագրած 7 երկրների հետ եւ, ըստ էության, այդ համաձայնագրով երկկողմ ձեւաչափը փոխարինվում է բազմակողմով. անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրին` այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

 

Նրա խոսքով` սա ինտեգրման նոր աստիճան է, համաձայնագիրն էլ ամբողջությամբ համապատասխանում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերին:

 

«Մեր ընկերությունների համար լայն հնարավորություն է ստեղծվում անարգել, առանց մաքս վճարելու մուտք գործել անդամ երկրների մաքսային տարածքներ, այսինքն` սա արտահանման խթանմանն ուղղված եւս մեկ քայլ է»,- նշեց նախարարը:

 

Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք դեռեւս չեն ստորագրել համաձայնագիրը, ապա Տ. Դավթյանը տեղեկացրեց, որ գործընթացը շարունակվում է, եւ համաձայնագիրը բաց է անդամակցության համար:

 

ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ 8 պետություններ` Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան եւ Հայաստանը: Համաձայնագիրը չեն ստորագրել Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը: