Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 21:00
Քաղաքական

Վիգեն Սարգսյանի այցը Իրան կխթանի հայ-իրանական համագործակցությանը պաշտպանական ոլորտում

Վիգեն Սարգսյանի այցը Իրան կխթանի հայ-իրանական համագործակցությանը պաշտպանական ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։

Այնուհետեւ կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ։ Բարձր գնահատելով դարավոր պատմություն ունեցող հայ-իրանական բարեկամությունը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կարեւոր նախադրյալ է հարաբերությունների շարունակական խորացման համար։ Ալի Ակբար Վելայաթին նշել է, որ Իրանն ու Հայաստանն արդեն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում տնտեսության մի շարք ճյուղերում եւ հույս հայտնել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Իրան կխթանի համագործակցությունը նաեւ պաշտպանական ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վիգեն Սարգսյանն ու Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձեւավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հիմնախնդրին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։

Փետրվարի 2-ի երեկոյան հայկական պատվիրակությունը վերադարձել է Երեւան։