Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ծնելիությունը Հայաստանում նվազել է 10.000-ով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Հայաստանում ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 1990-ին:
Իսկ թե ո՞րն է նվազման հիմնական պատճառը, ՄԱԿ-ի ԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի համոզմամբ, Հայաստանում տիրող սոցիալական ծանր պայմաններն են: «Կառավարությունը խոսում է միայն ցածր ծնելիության բարձրացման խնդրի մասին, այնինչ արտագաղթի ու ներգաղթի խնդիրները ևս առաջնահերթ լուծման կարիք ունեն: Ունենալով քիչ ծնելիություն` մեր երկիրը բազմաթիվ խնդիրների առջև կարող է կանգնել,- ասաց Հարությունյանը,և հավելեց,- ՄԱԿ-ի ԲՀ-ի հետազոտությունները պարզել են, որ ընդամենը 30 տարի հետո տարեցների թիվը Հայաստանում կհասնի ընդհանուր բնակչության թվի 20 տոկոսին: Դա շատ լուրջ սոցիալական մարտահրավեր է մեր երկրի համար, այսինքն` 5-ից 1-ը կլինի 60 տարեկան»:
Ըստ բանախոսների` կառավարությունն այս ուղղությամբ ահռելի աշխատանք ունի կատարելու, թեև վերջերս ընդունված` նպաստների բարձրացման մասին օրենքն ուղղված է նաև ծնելիության խթանմանը, սակայն Աննա Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծնելիության համար հատկացվող նպաստն այնքան էլ չի ազդում ծնելիության բարձրացման վրա: Ըստ նրա` այս խնդիրն ավելի հիմնավոր պատճառներ ունի. Հայաստանում գործազրկության մակարդակը բարձր է, այդ դեպքում էլ անհրաժեշտ է պետական միջամտություն:
Հարությունյանը նշեց, որ լուրջ խնդիրներ կան նաև երեխայի խնամքի կենտրոնների աշխատաժամերի հետ կապված. մանկապարտեզներում և նման կենտրոններում աշխատանքային ժամն ավելի շուտ է վերջանում, քան ծնողների աշխատանքային ժամերը: Այս առիթով Հարությունյանը ներկայացրեց Կանադայի և մի շարք եվրոպական երկրների փորձը, որտեղ աշխատել ցանկացող կանանց համար աշխատաշուկայում վերացվում են հնարավոր բոլոր խոչընդոտները: Դիտարկելով մեր երկրում իրականացվելիք հնարավոր լուծումները` բանախոսները նշեցին, որ կառավարությունը շեշտը պետք է դնի հատկապես մարդու ազատ ընտրության վրա, և ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ ունենան այնքան երեխա, որքան ուզում են:
Ինչ վերաբերում է Հայաստանի բնակչության թվին, ՄԱԿ-ի ԲՀ-ի հետազոտությունների արդյունքով` այն ևս նվազել է: 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ընդհանուր բնակչության թիվը կազմում է 2.969.800 մարդ, այնինչ` 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ 2.979.900 մարդ էր: Ծնելիության պատկերն այսպիսին է ` 2018 թ. առաջին կիսամյակում ծնվել է 16.189 երեխա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 17.170 երեխա:
Ի դեպ, Հայաստանի ժողովրդագրական վիճակը տարբերվում է հարևան երկրների ժողովրդագրական ցուցանիշներից. Հայաստանում գրանցվել է 1.6%, Վրաստանում և Իրանում` 1.90, իսկ Թուրքիայում և Ադրբեջանում` 2,7 % ժողովրդագրական աճ:
Բացի դրանից, այս ամենին զուգահեռ, Հայաստանը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, համարվում է նաև ծերացող երկիր: Թեև մահացությունների թիվն այս տարի նվազել է 1500 դեպքով, (անցած տարի 14.500 էր, այս տարի` 13.000), բայց բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ` տարեցների թիվը կազմում է 63 %: Իսկ ծնելիության թվի 10.000-ի նվազումը, ըստ հետազոտությունների, արտագաղթի հետևանք է:
Բանախոսները հույս հայտնեցին, որ ապագայում նման ցուցանիշներ չենք ունենա կառավարության համապատասխան ջանքերի և վերոնշյալ խնդիրների լուծման շնորհիվ: