Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խելագարվե՞լ են ինչ է, խելքները հացի հե՞տ են կերել. մի՞թե մենք կքաշենք աղյուսը այս պետության հիմքերի տակից…»:
Հայտնի պոլսահայ լեզվաբան, գրող, լրագրող և գործարար Սևան Նշանյանը 13 ու կես ամսվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայում` «Մուհամեդ մարգարեին վիրավորելու» համար: Նշանյանի դեմ ուղղված այս արշավը նոր չի սկսվել. այն մի քանի տարվա պատմություն ունի: Պատճառը մեկն է` Նշանյանի համարձակ հայտարարությունները Թուրքիայում տաբու եղած տարբեր հարցերի շուրջ: Պոլսահայն արդեն հասցրել է նաև մահվան սպառնալիքներ ստանալ թուրք ազգայնականներից: Նրա շուրջ զարգացող դեպքերը շատերին են հիշեցնում Հրանտ Դինքի պատմությունը, ու հայ և այլազգի շատ մտավորականներ շեշտում են, որ նրա կյանքը ևս վտանգված է:
Ի՞նչ նախապատմություն ունի լրագրողների սպանության, ազատազրկման և այլ միջոցներով լռեցումը Թուրքիայում: Պատմական համառոտ անդրադարձ կատարենք խնդրին:
Հասան Ֆեհմին` առաջին նահատակ լրագրողը թուրքական մամուլի պատմության մեջ
Թուրքիայում Նահատակ լրագրողների հիշատակի ոգեկոչման օր է համարվում ապրիլի 6-ը: 1909 թվականի հենց այդ օրն է սպանվել «Սերբեսթի» պարբերականի հոդվածագիր և խմբագիր Հասան Ֆեհմին: Վերջինս համալսարանը Թուրքիայում ավարտելուց հետո իր գաղափարներն ազատ կերպով արտահայտել կարողանալու նպատակով ուղևորվել էր Փարիզ, որտեղ` մոտիկից ծանոթացել երիտթուրքական կուսակցության կադրերի և արքայազն Սաբահաթթինի շրջապատի հետ: Փարիզից Եգիպտոս այցելած Ֆեհմին Օսմանյան կայսրությունում Սահմանադրության հռչակումից հետո վերադարձել էր Ստամբուլ, որտեղ ստանձնել մեզ քաջածանոթ Մևլանզադե Ռըֆաթին պատկանող «Սերբեսթի» թերթի պատասխանատու խմբագրի պաշտոնը: «Սերբեսթի» պարբերականը ժամանակաշրջանի ամեահամարձակ թերթն էր, որի էջերում էին հրապարակվում այն ազատամիտ լրագրողների հոդվածները, որոնց գաղափարների տպագրումն արգելված էր այլ մամլո օրգաններում: Հասան Ֆեհմին և նրա խմբագրած «Սերբեսթի» պարբերականն ուշադրություն էին գրավում իթթիհադականներին ուղղված խիստ քննադատություններով: Ուշագրավ է, որ թեև Ֆեհմիի հոդվածների պատճառով թերթի խմբագրությունը մահվան սպառնալիքներ էր ստանում, սակայն նա անվեհեր շարունակում էր քննադատել երիտթուրքերին: 1909 թ. ապրիլի 6-ին Հասան Ֆեհմին իր մտերիմ ընկեր Էրթուղրուլ Շաքիրի հետ Գալաթայի կամուրջն անցնելիս սպանվել է մի վարձու մարդասպանի կողմից… Հասան Ֆեհմին երիտթուրքերի կողմից դեռ նոր ձևավորվող խորքային պետության զոհն էր:
Օջալանի և MİT-ի համագործակցության մասին պնդումը` Ուղուր Մումջուի սպանության պատճառ
Թուրք լրագրող, գիտնական, մի շարք գրքերի հեղինակ Ուղուր Մումջուն 1965 թ. ավարտել էր Անկարայի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետը: Լրագրողական գործունեությունը «Յենի օրթամ» պարբերականում սկսած Մումջուն 1975 թվականից էլ աշխատանքի էր անցել «Ջումհուրիյեթ» օրաթերթում: 1992 թ. փետրվարի 1-ից մինչև մայիսի 3-ն էլ` աշխատակցել «Միլլիյեթ» պարբերականին: Լրագրողական կյանքում մեծ նվաճումներ գրանցած Մումջուն զոհվել է 1993 թ. հունվարի 24-ին` ռումբերով հարձակման հետևանքով: Որոշ ենթադրությունների համաձայն` նրա սպանությանը տեղիք էր տվել իր կողմից արտահայտված այն պնդումը, թե Աբդուլլահ Օջալանը որոշ ժամանակ աշխատել էր Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) համար: Ուշագրավ է «Էրգենեքոնի» գործով կազմված երկրորդ մեղադրական ակտում մեջբերված գաղտնի վկաներից մեկի` Գալիփի հետևյալ ցուցմունքը. «Լրագրող Ուղուր Մումջուն սպանվել է ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրահանգով` ՊԿԿ-ի և MİT-ի միջև եղած կապը բացահայտելու պատճառով…»: Սակայն իրականում նա թուրքական խորքային պետության զոհն էր:
Ահմեթ Թաներ Քըշլալըն` խորքային պետության հերթական զոհ
Թուրք քաղաքագետ, քաղաքական գործիչ, լրագրող ու դասախոս Ահմեթ Թաներ Քըշլալըն ավարտել էր Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 1962-63 թթ. եղել էր «Յենի գյուն» պարբերականի խմբագիրը, ապա` «Քաղաքական ուժերը ժամանակակից Թուրքիայում» թեմայով ատենախոսություն պաշտպանել Փարիզի համալսարանում: 1971-77 թթ. «Յանքը» հանդեսում նրա հեղինակության տպագրված հոդվածները գրավել էին Ժողովրդահանրապետական կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Բյուլենթ Էջևիթի ուշադրությունը, որի աջակցությամբ էլ 1977 թ. հիշյալ կուսակցության ներկայացրած ցուցակով Իզմիրից պատգամվոր էր ընտրվել: 1978 թ. վարչապետ Էջևիթի կազմած կառավարության մեջ ընդգրկվել էր որպես Մշակույթի նախարար: Ահմեթ Թաներ Քըշլալըն ստանձնել էր Մշակույթի նախարարության պաշտոնական հանդեսի` «Ուլուսալ քյուլթյուր» ամսագրի խմբագրական գործը: 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո Քըշլալըն սկսել էր քաղաքագիտություն դասավանդել Անկարայի համալսարանում, 1988-ին ստացել պրոֆեսորի կոչում: 1999 թ. հոկտեմբերի 21-ին Ահմեթ Թաներ Քըշլալըն զոհվել է Անկարայում գտնվող սեփական տան առջև` ենթարկվելով ռումբերով հարձակման: Կա վարկած, ըստ որի` նա սպանվել է իսլամիստական շրջանակների կողմից: Սակայն իրականում նա ևս խորքային պետության զոհն էր:
Եվ Հրանտ Դինք…
Մեծագույն հայի` Հրանտ Դինքի կենսագրությունը, սպանության պատճառների վերաբերյալ ենթադրությունները և սպանության մանրամասները հայտնի են բոլորիս: Այդ պատճառով մեր հոդվածում ոչ թե կանդրադառնանք դրանց, այլ միայն մի հատված կմեջբերենք համաշխարհային ճանաչում ունեցող թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Թալեաթ փաշայի վրեժը լուծված է…» հոդվածից, որում դարձյալ ընդգծվում է խորքային պետության դերը սույն սպանության գործում.
«Հրանտ Դինքի գործով դատավճիռը մեծ զարմանք հարուցեց… Իրականում չպետք է այդքան զարմանայինք. եթե կարողանայինք իմանալ Հրանտին սպանողներին թաքցնողների գտնված տեղը, եթե հնարավորություն ունենայինք տեսնել, թե ինչպես և որտեղից են նրանք նայում մեզ, և ամենակարևորը` եթե կարողանայինք կապ ստեղծել Հրանտ Դինքի սպանության ու 1915 թ. ցեղասպանության միջև, այնժամ չէինք զարմանա: Եւ կլսեինք, թե ինչպես են նրանք, մեզ նայելով, մեղմ ժպիտով ասում. «Խելագարվե՞լ են ինչ է, խելքները հացի հե՞տ են կերել. մի՞թե մենք կքաշենք աղյուսը այս պետության հիմքերի տակից…»:
Վերջաբանի փոխարեն
100 տարվա ընթացքում 61 լրագրող է սպանության միջոցով լռեցվել Թուրքիայում: Ուշագրավ է, որ եթե առաջին 70 տարում սպանվել են միայն 15-ը, ապա վերջին 28 տարում այդ թիվը մեծ աճ է գրանցել. մահափորձի միջոցով վերացվել է 46 լրագրող: Սույն թվում ընդգրկված չեն ազատազրկման միջոցով լռեցվածները, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված արևմտահայ մամուլի մեր փառահեղ ներկայացուցիչները…
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
Akunq.net