կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 22:33
Հասարակություն

Որտեղի՞ց է ծագել ձեռքսեղմման ավանդույթը

Որտեղի՞ց է ծագել ձեռքսեղմման ավանդույթը

Ձեռքսեղմումը գործածվում է բարևելիս, հրաժեշտի և շնորհավորանքների ժամանակ, ինչպես նաև` ի նշան պայմանավորվածության գալու և հաշտեցման: Այն մատնանշում է կողմերի բարյացակամությունն ու բարի մտադրությունները: Այսօր այն ողջունելու ձևերից ամենատարածվածն է:

 

Իսկ որտեղի՞ց է ծագում այս ավանդույթը: Ձեռքսեղմման ավանդույթը, ըստ որոշ աղբյուրների, ծագել է հնագույն ժամանակներից, երբ մարդիկ հաճախ էին պատերազմում և հանդիպելիս ձեռքն առաջ էին պարզում` ցույց տալով, որ խաղաղությամբ են եկել` առանց զենքի:

 

Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում ընդամենը ձեռքի ափի ցույց տալը սկսում է չգոհացնել, քանի որ արդեն մեծ տարածում էին գտել վարձու սպանությունները, ու զենքը կարող էր պահվել հագուստի թևքում: Դրա հետևանքով տեղացիների բարևելու ձևը փոխվեց. նրանք սկսեցին միմյանց դաստակները սեղմել` շոշափելու համար հնարավոր վտանգը` դաշույնը, դանակը, թուրը:

 

Ըստ մեկ այլ վարկածի` այս կանոնը մեզ է փոխանցվել ասպետներից: Եթե ասպետների մենամարտից հետո նրանցից որևիցե մեկը չէր հաղթում, ապա նրանք մոտենում էին իրար` խաղաղ ձևով համաձայնության գալու: Նրանք ձեռքսեղմման նպատակով առաջ էին պարզում իրենց ձեռքերը, այսինքն` ցույց էին տալիս, որ անզեն են, և խաբեությունից խուսափելու համար այս դիրքով մնում էին մինչև բանակցությունների ավարտը:

 

Մեկ այլ վարկած այն կապում է միջնադարյան մի ծիսակարգի հետ, որը ժամանակի ընթացքում փոփոխվել է: Ծիսակարգը հետևյալն էր. մարդը իր մատները կամ ձեռքը դնում է մեկ ուրիշի ափի մեջ: Սա խորհրդանշում է առաջինի անվերապահ հնազանդությունն ու վստահությունը երկրորդին: Էթիկայում գոյություն ունի ձեռքսեղմման և ողջույնի մի քանի կանոն: Ձեռքսեղմումը պիտի լինի ոչ շատ թույլ և ոչ էլ շատ պինդ: Ժեստը պետք է արվի վստահ և հստակ: Այն պետք է լինի կարճատև և առանց ավելորդ ջանքերի:

 

Ձեռնոց հագած երկու տղամարդու բարևի դեպքում կարելի է ձեռնոցը չհանել, սակայն եթե նրանցից մեկը հանում է ձեռնոցը, ապա մյուսը ևս պետք է հետևի նրա օրինակին: Կանանց առհասարակ թույլատրվում է բարևելիս չհանել ձեռնոցները` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ցանկանում են իրենց հատուկ հարգանքն ու վերաբերմունքը ցույց տալ իրենցից տարիքով ավելի մեծ կնոջ:

 

Եթե Ձեզ ներկայացնում են ինչ-որ մեկին, ապա նա պիտի առաջինը իր ձեռքը մեկնի բարևելու համար: Մարդաշատ վայր մտնելիս պարտադիր չէ հատ առ հատ բոլորի ձեռքը սեղմել. բավական է ընդհանուր ողջունել բոլորին: Հանդիպելիս առաջինը տղամարդն ու տարիքով կրտսերը պետք է բարևեն: Բարևելիս տղամարդը չպետք է առաջինն իր ձեռքը մեկնի կնոջը: