Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոփայի համշենցիների կյանքում յայլա գնալու ավանդույթն անփոխարինելի կենսակերպ է։ Երբ գալիս է յայլա գնալու ժամանակը, նրանք եռանդուն պատրաստություններ են սկսում տեսնել, մեծ ոգևորությամբ են լցվում։
Յայլա գնալուց առաջ, օրեր շարունակ ամբողջ ընտանիքով պատրաստություններ էին տեսնում ու անհամբեր սպասում այդ պահին։ Նույն ոգևորությունն էլ ապրում էին յայլայից վերադառնալիս։ Անասնապահության միջոցով ապրուստը վաստակող ընտանիքների համար յայլաները չտեսնված օրհնություն էին։ Յայլայի արոտավայրերում արածող կենդանիներն ավելի առողջ են լինում։ Միևնույն ժամանակ ամռանը Խոփայի խեղդող ու խոնավ եղանակի փոխարեն յայլաները մարդկանց համար կարծես առողջարան լինեն։ Յայլայի պաղ ջրերը խմող ու այնտեղ մորթված անասունների մսով սնվող մարդիկ ամենաառողջ կենսակերպն են վարում։ Երեխաների համար յայլան սահման չունեցող խաղահրապարակ ու հնարավորինս ազատ միջավայր էր նշանակում։ Լայնատարած հարթավայրերում երեխաները հազար ու մի խաղեր էին խաղում, զվարճանում։ Անասնապահությամբ զբաղվող մարդիկ յայլայում անասունների կաթից ձմռան համար յուղի, պանրի ու այլ սննդամթերքի պաշար էին մթերում։
Դեպի յայլա
Շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների արտադրությունից ու տարածումից առաջ ապրիլ ու մայիս ամիսներին գյուղերից սկսվում էր անասուններին յայլա տանելու գործընթացը։ Անասուններին ու անհրաժեշտ ամանեղենը, հագուստը, մթերքներն ու այլ պարագաները բարձում էին ձիերի վրա ու ճանապարհ ընկնում դեպի յայլա։ Գիշերում էին ճանապարհահատվածում եղած վայրերում։ Այդ ընթացքում անասունները հանգստանում էին, մարդիկ՝ ևս։ Արդանուչի (Արտանույշ-Ակունք խմբ.) կողմերից յայլա գնացողները Բորչկայում՝ Դաքվարա հովտի եզրին, Արդվինում, Սինքոթում, Թոլգումում, Արդանուչում, Հարհանում էին գիշերում։
Մեքենաների տարածումից հետո սկսեցին յայլա բարձրանալ բեռնատարներով։ Բարձրանալիս անասուններին ու մարդկանց անհրաժեշտ ամանեղենը, հագուստը, մթերքը և այլ իրեր բեռնատարի մեջ էին բարձում, իրենք էլ նստում ու ողջ ճանապարհին երգեր երգելով՝ յայլա բարձրանում։
Ներկայում, յայլա բարձրանալիս, մարդիկ անասուններն ու անհրաժեշտ իրերը բեռնատարով են ուղարկում, իսկ իրենք էլ սեփական մեքենաներով բարձրանում։
Վերադարձը յայլայից
Գյուղական օրացույցի համաձայն` «օգոստոսի 20»-ից սկսվում է վերադարձը յայլայից։ Ոմանք, եթե Արդանուչի փեշերին մնալու տեղ ունեն, աշունն էլ են անցկացնում յայլայում։ Նույն գյուղից երեքից հինգ տուն բնակիչ մեքենա էր վարձում ու իրերը դրանով հետ ուղարկում, անասուններին էլ ոտքով էին ճանապարհում։ Այդ ճանապարհորդությունն ուներ իր դժվարություններն ու միաժամանակ հաճույքը։ Առաջին օրը, եթե եղանակը լավ էր լինում, ծիծաղով, խաղալով անասուններին արածեցնելով` Ինջե Ղարղանն անցնում էին, Քարանլըքմեշեից ներքև գտնվող սոճիների խեժից մաստակ ստանում ու ծամելով՝ առաջին երեկո հասնում Արդանուչ, այնտեղ էին գիշերում։ Երկրոդ երեկո Արդվինի տախտակի գործարանի դիմաց՝ ճանապարհի եզրին գտնվող մի լայնատարած վայրում էին գիշերում։ Երրորդ օրը մինչև երեկո դժվարությամբ անցնում էին Բորչքան։ Բորչքան անցնելիս ևս մեկ ընդմիջում էին տալիս ու չորրորդ օրն արդեն իջնում Խոփա։
Խոփա ու Քեմալփաշա գավառներում ապրող համշենցիները հիմնականում գնում էին Շավշաթի ու Արդահանի, ինչպես նաև Արդանուչի ու Արդահանի միջև ընկած յայլաներ։ Սակայն Խոփայի Հենդեք (հայկական անվանումը` Կարճի-Ակունքի խմբ.) գյուղի բնակիչները Մուրգուլի յայլաներ էին բարձրանում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից առաջ (93-րդ պատերազմ) Քեմալփաշայի գյուղերի բնակիչները հիմնականում Բաթումի վրայով Հուլո գյուղի մոտ գտնվող յայլաներն են բարձրանում, իսկ երբ 93-րդ պատերազմից հետո այդ յայլաները Ռուսաստանի տարածքում են հայտնվում, Քեմալփաշայի շրջակա գյուղերի բնակիչները յայլաներ գնալու հարցում բավականին շատ դժվարությունների են հանդիպում։ Օսմանյան արխիվային արձանագրությունների ուսումնասիրությունների ժամանակ տեսնում ենք, որ որոշ գյուղերի բնակիչներ իրենց անասուններին նախկին յայլաներ տանելու համար սահմանին եղած ռուս զինվորների հետ պայմանավորվածություն էին ձեռք բերում։ Նույն դժվարությունները Արդահանի յայլաներում էլ են հանդիպում, ու Խոփայի գյուղերից յայլա գնացող գյուղացիները ռուսների տիրապետության տակ գտնված յայլաներ անասուններ տանելու հնարավորություն չեն ունենում։ Այդ խնդիրը լուծելու համար Օսմանյան պետության կողմից դիվանագիտական նախաձեռնություններ են արվում։
28.09.1884 ամսաթվով թվագրված օսմանյան արխիվային արձանագրություններում գտնվել է «Ռուսաստան. Խոփայի ավանին ենթակա Հեմշին գյուղի բնակչությունը իր անասուններին արածեցնելու համար Արդահանի յայլաներ տանելիս ռուսական կառավարության կողմից արգելվելու, դա կանխելու վերաբերյալ Լազիստանի սանջակի ղեկավարի գրությունը, Արտաքին գործերի նախարարությանը տրված հավաստագիրն ու այլ գրությունները, այս ճանապարհին Պետերբուրգի դեսպանության կողմից արվող նախաձեռնությունը ներառող զեկույց» անունով փաստաթուղթը, որն այդ դժվարությունները լուծելու համար արված նախաձեռնությունների վերաբերյալ փաստաթղթի մի օրինակ է։ Այդ ժամանակաշրջանում յայլայի ճանապարհին հանդիպած դժվարությունների հետ կապված` օսմանյան արխիվներում գտնված «Խոփայի սահմանային շրջանի բնակչության՝ յայլա մուտք գործելու պատճառով անասունների մաքսային պաշտոնական հաղորդագրություն» (Ֆինանսների նախարարություն)” անունով փաստաթղթից հասկանում ենք, որ այդ տարիներին (1926 թ.) Ռուսաստանը մաքսային գործընթացով թույլ էր տալիս գյուղացիներին յայլաներ բարձրանալ։ Կարճ ասած, թե՛ 93-րդ պատերազմի ժամանակ ու դրանից հետո, թե՛ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ու Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առաջին տարիներին Ռուսաստանի կողմում մնացած յայլաներ գնալու համար Խոփա ու Քեմալփաշա գյուղերում գտնվող քաղաքացիները շատ դժվարությունների են հանդիպել։ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտ Արդահանի, Շավշաթի յայլաները ռուսական տիրապետության տակ էին, ինչի պատճառով իրենց ապրուստն անասնապահության միջոցով վաստակող Խոփայի ու Քեմալփաշայի գյուղացիները բավականին շատ խոչընդոտների ու դժվարությունների են հանդիպում։ Այս առնչությամբ առկա օսմանյան արձանագրությունների ամփոփագրերից դա ակնհայտ հասկացվում է։
Յայլաներն ու այդ յայլաներ բարձրացող գյուղերի բնակիչները, գերդաստանները
Բիլբիլանի յայլա գնացողներ.
Թավգեթի յայլա գնացողներ՝ Չավուշլու, Բաշոբա գյուղերի բնակիչներ
Կայադիբի յայլա գնացողներ՝ Քոյունջուններ (Քարաբաջաքլար)
Ֆաթմաչայըրի յայլա գնացողներ՝ Բաշոբա, Ուչքարդեշ և Յոլդերե գյուղերի բնակիչներ (Վայիչօղլուներ, Թոսունօղլու, Գեդիքներ)
Զենգինյուրթի յայլա գնացողներ՝ Քայա և Բաշոբա գյուղերի բնակիչներ (Քարաիբրահիմօղլուներ, Աքբըյըքներ)
Շավշաթի-Արդահանի յայլաներ գնացողներ՝
Ստորին Օբա յայլա գնացողներ՝ Քարաօսմանիյե գյուղ (Ուսթաբաշներ), Չամուրլու գյուղ (Յըլմազներ), Քոյունջուլար գյուղ (Շեքերներ), Բաշոբա գյուղ (Սարհոշօղուլներ, Յաղջըներ)
Վաջօղլու յայլա գնացողներ՝ Քարա գյուղի բնակիչներ (Վայիչներ)
Թաթարօղլուի յայլա գնացողներ՝ Փափարթ-Շանա գյուղ (Թաթարներ)
Չաքմաքլար յայլա գնացողներ՝ Չայլը ու Չիֆթքյոփրյու գյուղերի բնակիչներ (Չաքմաքներ)
Քայադիբի յայլա գնացողներ ՝ Չամուրլու գյուղ (Յըլդըզներ), Չավուշլու գյուղ (Քայաներ)
Մեձլերի (Բյույուքօբա) յայլա գնացողներ՝ Քեմալփաշայի ու Խոփայի տարբեր գյուղերի բնակիչներ,
Նալլը Փուղարի յայլա գնացողներ՝ Քազըմիյե գյուղ (Յազըջըներ), Յոլդերե գյուղ (Աքյուզներ), Չավուշլու գյուղ (Յազըջըներ)
Յըղըլըի յայլա բարձրացողներ՝ Արդալա գյուղ, Չավուշլու գյուղ (Աքբըյըքներ), Բալըք գյուղ (Սարհոշներ, Գենչեր),
Սուսուզ յուրթի յայլա գնացողներ՝ Քարա գյուղ (Ալթընքայա, Սարհոշօղուլներ, Քարաիբրահիմօղլուներ)
Սարըչայըրի յայլա գնացողներ՝ Չամուրլու գյուղ (Ջանջըօղուլներ), Քոյունջուլար (Ուսթաբաշներ)
Մուրգուլի յայլաներ գնացողներ՝ Հենդեք գյուղ (Թոփալօղլուներ)։
Հասան Ազաքլը
Թարգմանեց Անի Մելքոնյանը