կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-31 12:08
Մշակույթ

Ավանդույթը՝ հոգեշահ պատմություն․ գրքերի շնորհանդես՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում

Ավանդույթը՝ հոգեշահ պատմություն․ գրքերի շնորհանդես՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում

Գրքի շնորհանդեսի ավանդույթը՝ այժմ արդեն դարձած գեղեցիկ ու հոգեշահ մի պատմություն․․․

Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախաձեռնությամբ և ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի աջակցությամբ` հուլիսի 30-ին «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ գրող Մնացական Մուրադյանի «Հավատք» և բանաստեղծ Հարություն Սարգսյանի «Հոգու սարսուռներ» գրքերի շնորհանդեսը։

Բացման խոսքում ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը նախ շնորհակալություն հայտնեց կենտրոնին՝ գրկաբաց հյուրընկալության համար։ Շեշտը դնելով գրքերի տպագրության վրա ընդհանրապես՝ նա փաստեց, թե հայ իրականության համար ինչպիսի օրհասական ժամանակաշրջանի հետ է համընկել գրքերի ծնունդը․ այդ օրերին պատերազմի դաշտից բոլորը սրտի թրթիռով միայն բարի լուրերի էին սպասում։

Խոսքն ամփոփելով` Ա․ Կարապետյանը ներկայացրեց բանաստեղծությունների ժողովածուն մեկ «բանաձևով»՝ նշելով, որ Հ․ Սարգսյանի ստեղծագործությունները բարոյականության և մաքրվելու գործեր են, իսկ Մ․ Մուրադյանի գիրքը բնորոշելիս նա մասնավորապես ասաց․ «Հեղինակը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակների ազատամարտիկ է` հոգով՝ մարտիկ, մտքով՝ ազատ, բնականաբար, նրա արյունը առաջնայնորեն է հոսում հայոց համազգային երակներով․․․»։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզի նախկին մարզպետ, ՀՅԴ կուսակցության անդամ Հովսեփ Սիմոնյանը։

Երկու գրքերի վերաբերյալ գրականագիտական ծավալուն խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ Կարինե Մարտիրոսյանը, որը նաև ներկայացված գրքերից մեկի՝ «Հավատք» ժողովածուի առաջաբանի հեղինակն է։ Գրականագետը կարևորեց երկու գրքերի գեղարվեստական արժանիքները, առանձնահատկությունները, արդիականությունը և անհրաժեշտությունը հայ գրականության համար։

Մ․ Մուրադյանի գրքի մասին խոսքն ամփոփելով՝ նա մասնավորապես նշեց․ «Թեպետ ժողովածուն բաժանված է մասերի, սակայն թե՛ սեղմ, ամփոփ մտքերը, թե՛ առած-ասացվածքները, թե՛ հոդվածները, ըստ էության, մեկ ամբողջություն են կազմում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրականում, մեծ առումով, բոլորը մարդու մասին են և այն ամենի, ինչին կամա, թե ակամա առնչվում է մարդ տեսակը՝ սկսած հավատ-կրոնից մինչև մեծագույն հուզազգացական վիճակներ: Բազմաթիվ, այդ թվում՝ փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական գրականություն ուսումնասիրելուց հետո ներկայացվող գիրքը դրվում է ընթերցողի սեղանին՝ վստահաբար արդարացնելով հեղինակի ակնկալիքը: Գիրքն ընկալելի է, հավասարակշռված, հասուն մտածողության արգասիք, իսկ առաջ քաշված այս կամ այն հարցի հետ համակարծիք լինելը կամ չլինելը թողնված է ընթերցողին՝ բնականաբար, ակնկալելով հնարավոր ճշմարիտ, ինչպես գրողի կրեդոն է, Բնությանը ուղիղ գծով ամենամոտ արդյունք»:

Հ․ Սարգսյանի գիրքը բնորոշելիս ստեղծագործության ի թիվս այլ առանձնահատկությունների՝ գրականագետը ընդգծեց նաև նրա ինքնաճանաչման տանող բանաստեղծությունները․ «Եթե գրքի առաջին մասում գրողի սերն է առ հայրենին, ապա երկրորդում ինքը գրողն է՝ ինքնաճանաչման հայտով․ նա, առանց ավելորդ ծեքծեքումների, բաց տեքստով անցնում է ինքնաորոնման բարդ ճանապարհով՝ բացելով հոգու բոլոր խորխորատները՝ երբեմն մի տեսակ լռին հոգնությամբ, երբեմն ասես սպասումների խորտակվող նավով, երբեմն էլ՝ հուսալքությամբ, մենության, ներամփոփվելու անձայն ձգտումով։ ․․․Գիրքը ինքը հեղինակն է, և գրքում մեր օրերի մարդն է՝ ապրված իրականության, հույզերի ու զգացողությունների, զգացմունքների մի հյուսածո՝ մի կողմից, մյուս կողմից՝ հայրենիքի, բնության, հող ու ջրի անքակտելի կապը, ինքնատիպ ազդեցությունը նրա «ես»-ի, հոգևոր ներաշխարհի, անկումների ու վերելքների վրա»։

Ժողովածուներից հատվածներ ընթերցեցին արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Տիգրան Գաբոյանը և արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը։ Վերջինս նաև ջերմ գրող-հանդիսատես կապ-միջավայրն ապահովեց՝ անցկացնելով ցերեկույթը։

Երկու գրքերի վերաբերյալ առանձին ելույթներով հանդես եկան բանաստեղծներ Ռոբերտ Եսայանը, Սոնա Անտոնյանը, Արտաշես Ատոմը, արձակագիրներ Շնորհիկ Շահինյանը, Արմենուհի Մխիթարյանը, կինոռեժիսոր Գառնիկ Սարգսյանը, «Դպիր» հրատարակչության տնօրեն Հովիկ Կարապետյանը։ Շնորհավորանքի խոսքեր հնչեցին Մ․ Մուրադյանի մարտական ընկերների կողմից։ Հանդիսատեսի դատին հանձնվեց նաև Հ․ Սարգսյանի դեռևս անտիպ գործերից մեկը։

Միջոցառումն ընդմիջվում էր երաժշտական կատարումներով՝ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Միքայել Պետրոսյանի «մաքուր կվինտաների» ուղեկցությամբ։

 

ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 ՀԳՄ անդամ