Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. «Հայաստանում ամենահեշտ բանը մարդու հետ հաշվեհարդար տեսնելն է: «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահին իր աշխատասենյակում մի քանի օր առաջ դաժան ծեծի են ենթարկել: Պարզապես փողոցից մարդիկ մտել են նրա աշխատասենյակ, ծեծել ու անարգել հեռացել: Մեկ տարի առաջ այդպիսի մի դաժան հաշվեհարդարի արդյունքում մահացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Տարիներ առաջ նման մի դաժան ծեծի արդյունքում Աշոտ Մանուչարյանը հայտնվեց հիվանդանոցում, ենթարկվեց բազմակի վիրահատությունների և երկար տարիներ բուժվում էր, սակայն մարդակերպների ավերածություններն այսօր էլ նկատելի են նրա դեմքին:
Չկա օր, որ մենք՝ լրագրողներս, սպառնալիքներ չստանանք: «Չե՞ք վախենում», «բա որ հարցերդ լուծենք», «տանդ տեղը գիտեմ» և նմանատիպ արտահայտություններին մենք հումորով ենք վերաբերվում, բայց «պատից կախված հրացանը», որպես կանոն, վերջին արարում կրակում է, և չի բացառվում, որ հոգեկան հավասարակշռությունը կորցրած, անպատժելիությունից գազազած մեկն այդ սպառնալիքները մի օր իրականացնի:
Զինված հաշվեհարդարները թերևս այլ «կինոյից» են և ուրիշ խոսակցության թեմա, բայց նույնպես վկայում են մեզանում տիրող մթնոլորտի, անպատժելիության, ուժով ու զենքով հարցեր լուծելու համընդհանուր մտածողության մասին: Այս պարագայում խիստ կարևորվում է ոստիկանության, պատժող մարմինների դերը:
Երբ Գորիսի ոստիկանությունը կես ժամից ավելի սպասում է՝ մինչև մարզպետի տան մոտ ընթացող փոխհրաձգություններն իրենք իրենց մարեն: Երբ բանկի անվտանգության աշխատակիցները խուսափում են միջամտել բանկի նախագահի ծեծին: Երբ ծեծվողը գիտի իրեն ծեծողին, իսկ իրավապահները ոչ մի կերպ «չեն հայտնաբերում», ծեծի ավանդույթը ծաղկում է: Տարածվում ու մտնում յուրաքանչյուր տուն»: