Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն երկրներում, որոնք ավելի զարգացած են, տեղանքով ավելի մոտ են Եվրոպային, այնտեղ հասարակությունը շատ ավելի մոդեռն է ու քաղաքացիական բողոքի սովոր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` խոսելով Ուկրաինայում մոլեգնող բողոքի ցույցերի մասին, որոնք ուղղված են Մաքսային միության դեմ:
Համեմատականներ անցկացնելով Հայաստանի հետ` նա նշեց, որ պատմականորեն Ուկրաինան բաժանված է ռուսամետ ու արևմտամետ տարածաշրջանների, իսկ Հայաստանն` իր տարածքի փոքրությամբ և հանրային կողմնորոշմամբ, բաժանումներ չունի: Ուկրաինան անցել է արևմտյան ռեֆորմիստական քաղաքականության բովով, և այդ ամենը նպաստել է նրան, որ քաղաքացիական բողոքն ավելի է հասունացել Ուկրաինայում: Բացի այդ` Ուկրաինան, որպես պետություն, դեռևս վերջնական որոշում չի կայացրել` Մաքսային միության անդամակցության հետ կապված, ինչը հնարավորություն է տալիս, որ քաղաքացիները ինչ-որ ձևով մասնակցություն ունենան երկրում քաղաքական որոշումների կայացմանը կամ գոնե հայտնեն իրենց անհամաձայնությունը:
Անուշ Սեդրակյանի խոսքով` Հայաստանում մասսայական բողոքների մշակույթը գնալով ավելի քիչ պոպուլյար է դառնում, մանավանդ` արտաքին քաղաքական վեկտորների առումով, և հայ քաղաքացին դեռևս չի պատկերացնում, որ հասարակությունը կարող է փոխել երկրի քաղաքական մասնակցության վեկտորը: Ըստ Սեդրակյանի` անգամ ճնշման մեքենան Ուկրաինայում չի կարողանում ազդել քաղաքացիական բողոքի վրա: Մեր այն հարցին` արդյո՞ք Հայաստանում էլ կսկսվեն Մաքսային միությանը դեմ ուղղված բողոքի ցույցեր, նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում բողոքի ցույցեր չեն լինի, քանի որ Հայաստանում դեռևս չի շոշափվել հասարակության ցավոտ կետը: «Ուկրաինայի հասարակությունը որպես հնարավորություն չի դիտարկում արտագաղթը, մնում է իր պետության մեջ ու պայքարում է, իսկ Հայաստանի բնակչությունը արտագաղթում է»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Դիտարկմանն ի պատասխան, որ այդ դեպքում Հայաստանում բողոքի երևույթը դառնում է անհնար, նա համոզմունք հայտնեց, որ բողոքի երևույթը հնարավոր կդարձնի նոր երիտասարդությունը: Նրա խոսքով` եթե ավագ սերունդը թույլ չտա, որ Մաքսային միությունը ճնշի այդ երիտասարդությանը պահպանողական դաժան մտածողությամբ, ապա 10 տարի հետո դա լինելու է այլ տիպի երիտասարդություն և այլ որակի բողոք, դա լինելու է երիտասարդ պրոֆեսիոնալների բողոք, երիտասարդներ, որոնք չեն հանդուժելու կառավարման արտաքին կառավարման ոչ պրոֆեսիոնալիզմը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի` Հայաստան այցին, Անուշ Սեդրակյանը նշեց, որ շատ նորմալ է, երբ երկրների նախագահները գալիս ու գնում են, և որքան շատ հզոր երկրների նախագահներ գան Հայաստան, այնքան կմեծանա երկրի վարկանիշը: «Ուղղակի վատ է, որ այդ այցելության օրակարգերը մնում են Հայաստանում բամբասանքերի մակարդակով, ասենք` ոմանք ասում են` Պուտինը գալիս է նոր կառավարություն նշանակելու, ոմանք ասում են` Պուտինը գալիս է նոր ռազմաբազա հիմնելու, շատ ավելի հաճելի կլիներ, եթե գերտերությունների նախագահների այցելությունների օրակարգը լիներ թափանցիկ»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքացիները ենթադրություններ են անում, մեկնաբանություններ են անում այցի վերաբերյալ, այնինչ` այցը մանրակրկիտ պետք է ներկայացվեր հանրությանը:
Հարցին, թե արդյո՞ք այցի մանրամասները թաքցնում են, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Չեն թաքցնում, պարզապես մեր հասարակության և կառավարման մեթոդիկայի անջրպետն է, երբ ամեն կերպ ընդգծվում է, որ հասարակությունը մասնակից չէ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Դա հանրությանը որպես գործոն հաշվի չառնելու` հին ու բարի հայկական ավանդույթն է»: