կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 15:05
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Նույնիսկ վիրավորական է

Ո՞վ լիներ Անդրիաս Ղուկասյանի տեղը, որ չվիրավորվեր: Հայրիկյանը երկու օր է` հիվանդանոցում է, բայց ով ասես՝ չայցելեց, ինչ ասես` չասացին, ինչպես ասես՝ չմեծարեցին: Ընդհուպ ասացին՝ մեր պետականությունն է վտանգվել: Ինքն, ահա, 15 օր է հացադուլ է անում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ասել, որ պետականությունը վտանգվում է կամ ընտրությունների վրա ստվեր է ընկնում: Խիստ անհամաչափ են լուսաբանում թեկնածուներին, խիստ անհամաչափ:

 

Գյուղական քաղաքագիտություն

Առաջիկա նախագահական ընտրություններում Հայրիկյանի հնարավոր հաղթանակը մեր երկրի ու պետականության, ինչու չէ, նաև մեզ համար հղի է լուրջ վտանգներով: Եթե այսօր արդեն, երբ Հայրիկյանը տակավին նախագահի թեկնածու է, դրսի ու ներսի մութ ուժերն այդպես կատաղել են, ապա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեն, երբ Հայրիկյանը նախագահ դառնա:

 

Անբարդույթ

Կայքերը շնչակտուր տեղեկացրել են, որ Հայրիկյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունք: ՀՀ նախագահի թեկնածուն գտնվում է կրծքի լավագույն մասնագետների հսկողության ներքո, ինչը թույլ է տալիս ասելու, որ նրա կուրծքը ապահով ձեռքերում է:

 

Դհոլ-2012

ՍԻՄ կուսակցության նախկին փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը և «Իրավունք» թերթը ՀՀ 2012 թվականի լավագույն քաղաքական գործիչ են ճանաչել ԱՄԿ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Ստանալով «Օսկարը»` Գեղամյանը, փոխանակ հուզվելու, հայտարարել է, որ ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի: Դրանով, փաստորեն, Գեղամյանը ալիբի է ապահովել ՀԱԿ-ի համար: Նա այդ պահին չեր կարող իմացած լինել Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին այն պարզ պատճառով, որ միջադեպը դեռ տեղի չէր ունեցել:

 

Սատանի ականջը խուլ

Հայրիկյանի դեմ կատարվածի պաշտոնական գնահատականը տատանվում է դիվերսիայից մինչ մանր ժուլիկություն միջակայքում: Թե ո՞ր գնահատականը կնախընտրեն, կախված է Պարույր Հայրիկյան-ՍԴ նամակագրությունից:

 

Հովհարային

Այսօր ԱԺ-ին 20 րոպեով լույս էին տվել: ՊատՃառը, ինչպես նշեցին Հովիկ Աբրահամյանին դեռևս հիշող աշխատակազմի տեխնիկական բաժնի աշխատակիցները, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցն է եղել:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ