կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-11 15:30
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Ավետարան` ըստ Սերժի

…Եվ քաղաքի ամենալավ տեղերումը վաշխառուներն ու մաքսավորները դրեցին իրենց բուտիկները, և Տարոնը տեսավ, որ սիրուն չի:

 

Թասիբի գերի

Որպես իսկական գյումրեցի` ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատրաստ է մինչև վերջ կանգնել դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած արդար ընտրությունների թասիբին:

 

Պատանիստ

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ում մեղադրում են այն բանում, որ իր նախընտրական քարոզարշավին ներգրավել է նույնիսկ սատանիստների, հայտարարել է, որ իր համար հազար անգամ նախընտրելի է սատանիստը, քան «զնաչոկ» կրող  հանրապետական նորելուկ-«պատանիստը»:

 

Փիղ-կուսակցություն (ԲՀԿ մամլո գրասենյակի հայտարարությունը)

Հայտարարում ենք բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում հանդգնում են ձեռ առնել ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին` նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը ուշացնելու պատճառով. ԲՀԿ-ն, եղբայրներ ու քույրեր, ձվից նոր ելած կուսակցություն չէ, որ 21 օրը մեկ մի ճուտ հանի (իմա` որոշում կայացնի): ԲՀԿ-ն «լանգյառով» կուսակցություն է, և նրա որոշումը կարող է ծնվել հազիվ 5 տարին մեկ: Յա թե չէ` 7:

 

Հայեցա…կառք

ԲՀԿ-ականների` Բրյուսել կատարած պատմական այցի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է. «Սովորական մարդը կմտածեր, որ ամբողջ Եվրոպան ոտքի էր կանգնել և լծվել էր ԲՀԿ-ի հայեցակարգին»: Որքան հնարավոր էր` շուռումուռ տվեցինք այս հիասքանչ նախադասությունը` գտնելու համար նրանում թաքնված հանճարեղ միտքը, ինչը Գ. Սահակյանի հեղինակած խոսքերում անխուսափելի բան է, սակայն, ավաղ, չգտանք: Փոխարենը պարզեցինք, որ Գ. Ս.-ի գործածած «լծվել» բայի հուշումով` «հայեցակարգ» բառը գուցե պետք է կարդալ «հայեցակառք»: Բայց թե ինչ է վերջինս, ոչ ոք առայժմ չգիտի: Եվ հետոՙ ինչու պիտի մե՛նք մեկնաբանենք. Թող Կարեն Ավագյանը մեկնաբանի: Յա թե չէ`  Էդուարդ Շարմազանովը:

 

Լևոն Սարգսյան