Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հակակշիռ անկարողություն
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` Ազգային ժողովն աշխատում է ժողովրդավարության սկզբունքներին ծայրահեղ հավատարիմ` մասնավորապես խստորեն պահպանելով հակակշիռների մեխանիզմը: Դա արտահայտվում է նույնիսկ պատահարների պատճառով շարժվելու կարողությունից ժամանակավորապես զրկված պատգամավորների համամասնության մեջ: Վերջին օրերին վնասվածքների պատճառով դժվարությամբ են տեղաշարժվում` իշխանությունից` Հերմինե Նաղդալյանը, ընդդիմությունից` Աղվան Վարդանյանը, «այլընտրանքից»` Վահե Հովհաննիսյանը:
Խորիմաստ Գալուստ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ԱԺ ընտրությունները կեղծել են` ընդդիմությանը խորհրդարան բերելու համար: Ի պատասխան` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է. «Գալուստ Սահակյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել կատարված կեղծիքների մասին», ապա դիմել է ԱԺ նախագահին` արդյո՞ք նա, չարձագանքելով պնդմանը, միանում է այդ խոստովանական ցուցմունքին, որին դարձյալ պատասխանել է Գ. Սահակյանը. «Հռետորը մի քանի տարի պիտի մնա խորհրդարանում, որ կարողանա հասկանալ` Գալուստ Սահակյանն ի՛նչ է ասում»: Փաստորեն, Գ. Սահակյանին կարելի կլինի հասկանալ միայն 6-րդ գումարման Ազգային ժողովում:
«Ռեցիդիվիստները»
Վրաստանի լեզվի պալատի նախկին ղեկավար Լևան Գվինջիլիան հայտարարել է, որ անհրաժեշտ է Վրաստանում «լեզվի ոստիկանություն» ստեղծել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Հայաստանում էլ նույնպիսի մտադրություններ կան: Սերգո Երիցյանն, ասում են, նույնիսկ փորձում է «ոստիկանապետ» դառնալ: Լուրը, սակայն, շատ շատերին ահաբեկել է. պատկերացնո՞ւմ եք` լեզվի ոստիկանություն ստեղծելուց հետո օրը քանի անգամ «կբռնվի» Սամվել Ալեքսանյանը կամ, ասենք, Մհեր Սեդրակյանը:
Լրագրողական եկամուտ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր «ցավն ու ափսոսանքն» է փոխանցել լրագրող Մհեր Սեդրակյանին` պատգամավոր Մ. Սեդրակյանի դեպքի հետ կապված: Մհեր դու, Մհեր, ԱԺ նախագահի փոխանցած «ցավը» կիսել է ընկերների հետ, իսկ «ափսոսանքը» տարել է խմբագրություն:
ՀՀԿ-ականի ինքնատիրապետում
Մինչ հայ ազգը միահամուռ Մհեր Սեդրակյանին անարգանքի սյունին է գամում, իսկ վերջինս համառորեն չի ուզում գամվել, լեզվի տեսչության պետ Ս. Երիցյանը շնորհակալական նամակ է ուղարկել պատգամավորին առ այն, որ նա իր պատմական խոսքում «դավայ» և մանավանդ «յալլա» բառերից հետո մաքուր հայերեն «ծնոտ» բառն է գործածել: Կարող էր, չէ՞, հունից դուրս գալ ու ծնոտի փոխարեն ասել` կտամ չանգեդ կջարդեմ:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ