կարևոր
790 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 12:53
Քաղաքական

Իշխանությունը նպատակ ունի հաջորդ տարի ևս շարունակել սեփական բնակչության հաշվին իրականացվող թալանը․ ահազանգ

Իշխանությունը նպատակ ունի հաջորդ տարի ևս շարունակել սեփական բնակչության հաշվին իրականացվող թալանը․ ահազանգ

Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․

«Սիրելի երևանցիներ, վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստը, որի ընթացքում սահմանվելու են հաջորդ տարվա տեղական վճարների դրույքաչափերը։

Չնայած մի շարք դատական վճիռների, որոնք հաստատում են «Մայր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը՝ որ գործող թանկացումները եղել են ապօրինի և ոչ իրավաչափ, Նիկոլ Փաշինյանի երևանյան ֆիլիալը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի և Արամ Զավենի Սարգսյանի կցորդ քաղաքական ուժի, կրկին նույն թանկացված և երևանցուն ծանրաբեռնող գներն են մտցրել օրակարգ։ Նպատակը մեկն է՝ հաջորդ տարի ևս շարունակել սեփական բնակչության հաշվին իրականացվող թալանը։

Այսպես կոչված «ժողովրդավարության բաստիոնը» հերթական անգամ բացահայտում է իր իրական վերաբերմունքը ժողովրդավարության և թափանցիկության նկատմամբ՝ այս խնդրահարույց հարցերը անցկացնելով մեկ չզեկուցվող փաթեթով։ Միևնույն ժամանակ, նույն թեմայի շրջանակում արտոնություններին վերաբերող հարցերը ներկայացվում են առանձին, զեկուցվող ընթացակարգով՝ պարզ պոպուլիստական հաշվարկով, թե իբր «լավ բան» են անում երևանցիների համար։

Հիշեցնեմ նաև, որ երևանցին այս իշխանությանը չի ընտրել։ Նիկոլ Փաշինյանի կոալիցիան ստացել է ընդամենը 32 մանդատ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը՝ 33։ Սակայն կուլիսային պայմանավորվածությունների և մանդատագողության արդյունքում ՔՊ-ն ունեցավ քաղաքապետ, որը փաստացի ներկայացնում է փոքրամասնությանը։

Մենք՝ իրական ընդդիմադիրներս, մեր պարտքն ենք համարում տեղեկացնել երևանցիներին․ ցանկացած ավագանու անդամ, ով որևէ կերպ կնպաստի ապօրինաբար թանկացված սահմանաչափերի պահպանմանը հաջորդ տարվա համար, գործնականում դառնում է այդ քաղաքականության համահեղինակ և ոչ այլ ինչ, քան ծպտյալ քպական»։