կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-15 14:51
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Երկրորդ մասնագիտություն

Ասում են՝ «Բարգավաճ Հայաստանի»` դեկտեմբերի 12-ի հռչակավոր որոշումից հետո, այս էլ քանի օր, վերջապես հանգիստ քնում է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը. նա կարողացել է պայթեցնել նույնիսկ ԲՀԿ-ի փուչիկը:

 

Հայերով

Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով: Իր քաղաքացիներին նախկինի պես «ապահովելու» պարագայում անհավանական չէ, որ Հանրապետականը 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցի արդեն «Դեպի հայերով Հայաստան» կարգախոսով:

 

Անազատիչ

Արդեն ավանդույթ է դառնում՝ ՀՀԿ համագումարին մասնակցելու հրավեր ուղարկել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, վերջինս էլ, ավանդաբար, չի մերժում, որովհետև ցանկացած պահի կարելի է Հայաստանում կամ մոտակայքում մի պարապ չինացի բռնել, ինչպես այս անգամ: Իսկ թե ինչու են ՀՀԿ-ում սևեռված հատկապես կոմունիստներին հրավիրելու գաղափարի վրա, լուրեր են պտտվում, թե Ազատիչն այդպես էլ չի կարողանում ազատվել անցյալի մղձավանջներից:

 

Եզակին

ՀՀԿ համագումարում Չինաստանի կոմկուսի կենտկոմի ուղերձը կարդացել է ՉԿԿ Եվրասիական վարչության պետի տեղակալ Ցյան Նայչենը: Ուղերձը, բնականաբար, հնչել է չինարեն: Զուգահեռ թարգմանությունն իրականացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ որպես պաշտոնական այցով ՉԺՀ-ում երկար ամիսներ գտնված եզակի հայ պաշտոնյա:

 

Արտագաղթի գաղտնիքը

«Մենք պիտի նոր հայ կերտենք»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ արտահերթ համագումարի ամբիոնից հայտարարել է ՀՀԿ առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես երևում է հայտարարության վճռական տոնից, նախագահի այդ մտադրությունն ամենևին էլ նոր չէ, ավելին՝ այն վերջապես բացահայտում է արտագաղթի գաղտնիքը` ահա՜ թե ինչու է իշխանությունն այսպես համատարած երկրից դուրս շպրտում «հին» հայերին. «նոր» հայի «ղալիբն» ախր արտասահմաններում են թափում:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ