Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նրբակիրթ Հայաստան
«Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել»,- Հանրապետական կուսակցության արտահերթ համագումարում ասել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասելն` ասել է, բայց դե արի ու պատկերացրու, թե ինչպես է, օրինակ, Սամվել Ալեքսանյանը Դուք-ով խոսում շաքարավազի վագոնները դատարկող իր աշխատողների հետ: Կամ` Տիգրան Արզաքանցյանն` իր բանվորների:
Իմունիտետ
ՀՀԿ ինտելեկտուալ հսկաներից Տիգրան Արզաքանցյանը, անդրադառնալով թիկնապահներով շրջելու իր անթարգելի սովորությանը և պատասխանելով ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանի այն խոսքին, թե` «Եթե նախկին պատգամավոր Տ. Արզաքանցյանը կարծում է, որ հարուստ է, կարող է խաչմերուկները կտրելով անցնի, մարդկանց վրա քշի, ոչ միայն շոու, այլև այնպիսի կոնցերտ կկազմակերպեմ, որ էլ ասելու չի», հայտարարել է, որ ով` ով, ինքը «կոնցերտներից» վախեցողը չէ: Գագիկ Բեգլարյանի դեպքից հետո ՀՀԿ-ում ողջ կուսակցությունով մեկ` մինչև վերջին հավաքարարը, «հակակոնցերտային» պատվաստում են անցել:
Ամենամուտ կոռուպցիան
ՀՀԿ արտահերթ համագումարում նախագահ Ս. Սարգսյանը հայտարարել է, թե կուսակցության հերոսական ջանքերով երկրում կոռուպցիան «լուսանցք» է մղված: Փորձեցինք ճշտել` որքանով է իրավացի թիվ մեկ հանրապետականը: «Լուսանցքում», սակայն, ի՛նչ ասես-ո՛վ ասես կար. հանդիպեցինք բազմաթիվ քաղաքական կուսակցությունների, օրինակ` Պարույրի ԱԻՄ-ին ու Խոսրովի ՔԴՄ-ին, Վազգենի ԱԺՄ-ին ու Արշակի ԱԺԴ-ին, նույնիսկ Արթուրի ՕԵԿ-ն էր այնտեղ հանգրվանել` կողքին տեղ ազատելով Գագոյի ԲՀԿ-ի համար, լուսանցքի մի անկյունում տեսանք նաև կենդանի արարածների` ձանձրացող Վարդան Ղուկասյանին, Ալիկ Սարգսյանին, շատ այլոց, բայց կոռուպցիան չկար ու չկար: Ասում ենք` էս իշխանությունները կարո՞ղ է կոռուպցիային սխալմամբ ուրիշ տեղ են «մղել»: Կոռուպցիային, ախր, շահ չկա` ուր ասես «կմղվի». դու իրեն կմղես «լուսանցք», մեկ էլ կտեսնեսՙ կառավարությունում ու նախագահականում ինքն իր համար ֆռֆռում է:
«Արմատ»-ական կարգախոս
Ս. Սարգսյանի նախընտրական կարգախոսը քննարկելիս, ասում են, պաշտոնակացված տարբերակի նկատմամբ որոշակի վերապահություններ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը. վերջինս, որպես արվեստին շատ մոտ կանգնած մարդ, փորձել է անցկացնել «ապահով» բառի ավելի ռոմանտիկ-փաղաքշական տարբերակը` «Դեպի ապահովիկ Հայաստան», սակայն հանդիպել է ԱԺ նախագահի բուռն դիմադրությանը: Տ. Սարգսյանն ի վերջո մեղմել է դիրքորոշումը, մանավանդ որ ընդունված տարբերակում իր ակնկալած անվան արմատը, այսպես թե այնպես, կա:
Լևոն Սարգսյան