կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 11:01
Առանց Կատեգորիա

Ժողովրդից փշալարով ''պաշտպանվածները''

Ժողովրդից փշալարով ''պաշտպանվածները''

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթներն ինձ դուր են գալիս, չկա ցեխշպրտոցի մյուս թեկնածուների հասցեին, չկա նրանց անտեղի քննադատություն: Խոստանում է աղքատության վերացում, տնտեսության զարգացում, գյուղացուն` աջակցություններ եւ այլն, եւ այլն: Հոյակապ խոսք, սակայն՝ նախագահի աթոռի համար առաջին անգամ պայքարողի համար: Նա միայն խոստանում է… Բայց իրո՞ք իրատեսական են խոստումները:

 

«Իշխանությունների եւ ժողովրդի փոխադարձ կապը չի կարող սահմանափակվել միայն ընտրությունից ընտրություն, շփումները պետք է լինեն ամենօրյա, փոխադարձ ազդեցությունները պետք է զգա ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ իշխանությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը Ստեփանավանում: Կա՞ այնպիսի մեկը, որ համաձայն չէ նախագահի այս խոսքերին: Դժվար թե: Բայց այդ «պետք է»-ի սկիզբը պետք է դրված լիներ առնվազն 5 տարի առաջ եւ շարունակվեր մինչ օրս: Եթե 5 տարի շարունակ տապալված բազում խոստումների գլխավոր պատճառը կառավարությունը համարում է ֆինանսատնտեսական ճգնաժամը, հանրության հետ շփումն էլ հո կապ չունի՞ ճգնաժամի հետ: Պետք է ներկայանալ եւ ցուցանիշներ ներկայացնել, ինչը լավագույնս նկարել է ԱՎԾ-ն:

 

Ուրեմն ինչի՞ց եք խուսափում: Ասեմ` Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցություններից մեկում մարզպետներին սաստումներին հակառակ` մեր երկրում աճել են տեղական բդեշխներ, ովքեր կապը հասարակության հետ հասցրել են մինիմումի: Մարդիկ այսօր մեծ կարիք ունեն լսված լինելու: Լսե'ք նրանց: Այդ շփումը օգտակար կլինի նաեւ կառավարման մակարդակը բարելավելուն: Հանրության հետ պահմտոցի խաղալը դարձել է մեր կառավարության անդամների երկրորդ մասնագիտացումը: Ինչո՞ւ են ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստի օրերին, կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց անողների շարքերը ստվարանում, որովհետեւ միտինգի ելածներին բանի տեղ չեք դնում, նախարարները շենքի հետնամուտքով են դուրս պրծնում եւ ծառայողական շքեղ մեքենաներով սլանում... «ծառայելու»: Ախր, նրանց աշխատանքը նաեւ մարդկանց լսելն է:

 

Իշխանություն-հանրություն շփման օղակներից մեկն էլ լրատվամիջոցներն են, որոնցով իշխանավորը ինֆորմացիա է հաղորդում քաղաքացուն: Իսկ ի՞նչ են անում կառավարության անդամները. էներգետիկայի նախարարը երկու ամիս է արդեն` կառավարության նիստից հետո փախեփախ է ման գալիս, որ լրագրողների աչքին չերեւա, չափչփում է կառավարության բոլոր սենյակները, ժամանակ մեռցնում` մինչեւ լրագրողները գնան: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա պատասխանը հասարակության մոտ նոր հիասթափություն կառաջացնի դեպի անզոր կառավարությունը:

 

Այստեղից բխում է երկրորդ հարցադրումը` շփումները թեեւ պետք է լինեն ամենօրյա, բայց պետք է նաեւ զուրկ չլինեն արդյունքից, չլինեն ձեւական: Այցելեք գյուղ ու կտեսնեք, որ գյուղացիների հանդիպած միակ պաշտոյան գյուղապետն է. «վերեւներից» չեն գնում, այցելողներն էլ խնդիր չեն լուծում, այլ միայն լսում են դժգոհությունները, որոնք, տարիներ ի վեր չկատարվելով, դարձել են մարդկանց համար անլուծելի, ապա տալիս օգնականի հասցեն ու պատվիրում գրավոր դիմել: Գրավոր դիմածն էլ, ինչպես ասում են, գրվում է քարին: Ախր, նախագահն ինքը, որ դուրս է եկել քարոզարշավի եւ խոսում է ամենօրյա շփումների մասին, գյուղեր է գնում ընտրողաբար, հանդիպումներին մասնակցում են նախօրոք ցուցակագրված մարդիկ: Իսկ թիկնազորն ու շրջապատը ստեղծում են այնպիսի պայմաններ, որ այդ ժամանակ էլ շփումը չստացվի, որպեսզի մարդիկ չմոտենան, «տոնը չփչացնեն», եւ հարց տվողներն ու ելույթ ունեցողները լինեն միայն «չեբուրաշկաները»:

 

Համարձակվում ենք հարցնել, վերջին 5 տարիների ընթացքում Դուք, պարո'ն նախագահ, քանի՞ անգամ եք տեղական լրատվամիջոցներին մամուլի ասուլիսի հրավիրել, քանի՞ անգամ եք հնարավորություն տվել Ձեզ հետ շփում հաստատելու: Մենք հիշում ենք մեկը՝ Ձեր պաշտոնավարման առաջին տարին ամփոփելիս: Դրանից հետո միայն առանձին դեպքերում է հնարավոր եղել հարց ուղղել, իսկ հարցազրույց հաջողվում է ձեռք բերել Ձեր հավանած մեկ-երկու լրատվամիջոցներին՝ ընտրողաբար: Չլսված բան է, որ երկրի ղեկավարը առիթը բաց չթողնի` հանրությունից խուսափելու:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ