կարևոր
12547 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-16 14:08
Քաղաքական

Արայիկ Հարությունյանը վախենում է Փաշինյանից, Ալիևից, բայց չի վախենում իր ժողովրդից․ Մետաքսե Հակբոյան

Արայիկ Հարությունյանը վախենում է Փաշինյանից, Ալիևից, բայց չի վախենում իր ժողովրդից․ Մետաքսե Հակբոյան

Ես ոչ միայն տեղեկություններ ունեմ, այլ երկու անգամ էլ ես եմ առիթ ունեցել ներկա գտնվել այդ հանդիպումներին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանի կողմից կազմակերպված հանդիպումներին։

«Երկու անգամ Արայիկ Հարությունյանը լրիվ նույն բանն է ասել՝ պլանավորած սկզբից մինչև վերջ։ Պատմական շրջայց է կատարում, իր կանխատեսումներն ու վերլուծություններն է անում,  որը մարդիկ այլ կերպ են ընկալում։ Դա իր սեփական վերլուծությունն է, մենք բոլորս էլ կարող ենք վերլուծություն անել, բայց նա տարբերվում է բոլոր վերլուծություն անողներից նրանով, որ պատասխանատվություն է կրում և ինքը պետք է կանխարգելիչ քայլեր իրականացնի, որը մենք չենք տեսնում։ Հիմա կոմֆորտ վիճակ են ստեղծում Արցախում բնակվող ժողովրդի համար, մի տեսակ փորձում են բթացնել շրջափակման մեջ լինելու զգացումը՝ պայմանավորված նրանով, որ խանութներում հիմա ավելի շատ ապրանք կա, նաև հանրության ոգևորությունը այդ անցակետով երթևեկելու պահով։ Սրան զուգահեռ նաև ասում է, որ մոտ ժամանակներս ավելի վատ է լինելու, իրեն հարց եմ ուղղել, թե որն է իր նպատակը, բայց հստակ պատասխան չեմ ստացել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ինքը չի ուզում ենթադրություններ անել՝ դա չիմացության արդյունք է, թե հատուկ ծրագիր, բայց ամեն դեպքում Արայիկ Հարությունյանից պատասխան չի լսել․

«Բայց նաև իր պատասխաններից կարելի է ենթադրել, որ Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ մի ղեկավար, ով տրվում է ցանկացած ճնշման՝ լինի դա արտաքին, թե՝ ներքին։ Այսօր նաև շատ ակտիվ տեղաշարժ է տեղի ունենում այդ անցակետով, սա նշանակում է, որ կարմիր գիծը հատել են Ադրբեջանը, Հայաստանի իշխանությունը և այդ ուղղությամբ որևէ բան չի անում Արցախի իշխանությունը, հակառակը՝ ինքը խրախուսում է այդ անցակետով անցուդարձը առանց նույնիսկ չափելու վտանգներն ու ռիսկերը, որ այսօր քաղաքացիներն անցնում ու դառնում են այդ անցակետով, այդ ռիսկերի մասին մենք նաև Արայիկ Հարությունյանին ենք ասել, որին ինքը ևս պատասխան չունի»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորը նշում է, որ Արցախի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ամեն բան անում են իրենց իշխանությունը պահելու համար և այդ հանդիպումների նպատակն այն է, որ իբր ինչ-որ բան են անում իրենք․

«Արցախի նախագահն ասաց, որ իրենք ունեն ծրագրեր, որի մասին չեն բարձրաձայնում և նույնիսկ մեզ չեն ասում։ Ու ես, որպես քաղաքացի, եթե մի փոքր ավելի քիչ եմ տեղեկացված, ապա  իմ մեջ պետք է միանշանակ խուճապ առաջանա, որովհետև ես այս իշխանություններին բացարձակ չեմ  վստահում և չեմ կարող վստահել իրենց ծրագրերին, որոնց մասին ես տեղյակ չեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով Ստեփանակերտ-Երևան հնարավոր երթուղի բացելուն, պատգամավորը նշեց․

«Արցախը փոքր է և այստեղ լուրերը շատ շուտ են տարածվում։ Նաև մեր հանդիպումների ժանանակ, երբ Արայիկ Հարությունյանը պնդում էր, որ ինքը այլ տարբերակ չունի և պիտի օգտագործի այդ ճանապարհը բնականաբար ինքը այնպես պետք է անի, որ ավելի ակտիվ օգտագործվի ճանապարհը, իսկ երթուղային կլինի, թե ինչ, ես չեմ կարող ենթադրել։ Փաստ է, որ մենք ունենք անկամք իշխանություններ, որովհետև Արայիկ Հարությունյանը իր ուղերձում հստակ նշում էր կարմիր գծերի մասին, որտեղ կարմիր գիծ էր նաև Արցախ- Հայաստան անխափան ճանապարհը և անթույլատրելի էր անցակետի տեղադրումը։ Իսկ եթե այդ անցակետից դու ես սկսում օգտվել՝ դու շրջանցում ես քո կողմից գծած կարմիր գիծը։  Մենք նաև ինֆորմացիա ունենք, որ իշխանությունների նեղ շրջանակից կան մարդիկ, ովքեր այդ ճանապարհով դուրս կգան Արցախից։ Վտանգը կա, բայց դա չի վերաբերվում հասարակ ժողովրդին, որովհետև ժողովուրդն ավելի քան կպած է իր հողին, իր տանը և դա ավելի շատ կվերաբերվի այն մարդկանց, ովքեր միշտ օգտվել են Արցախի բարիքներից և հիմա այստեղ դերակատարություն չունեն և իրենց անելիքը դրսում են տեսնում։ Բայց սա մասսայական բնույթ չի կրում, եթե իհարկե խուճապը չմեծացնեն այստեղ։ Նույնիսկ այդ դեպքում էլ մարդիկ պատրաստ են մնալ, կռվել, մեռնել իրենց երկրի համար,  բայց ոչ այս իշխանությունները, որովհետև այս իշխանություններով մենք կորցրել ենք մեր հայրենիքը և ունեցել ենք հազարավոր զոհեր։ Իսկ այս իշխանության հետ նման կտրուկ քայլերի չեն գնա, որովհետև չկա վստահություն»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ուզում է բոլորին հաճոյանալ․

«Նա ուզում է հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին, հաճոյանալ իր նեղ շրջապատին, բայց իր համար միևնույնն է ժողովուրդը, նա վախենում է Փաշինյանից, Ալիևից, բայց չի վախենում իր ժողովրդից, որովհետև Արցախի ժողովուրդն, անկախ ամեն ինչից, օրինապահ ժողովուրդ է։ Հազվադեպ կտեսնեք մասսայական անկարգություն կամ անհնազանդություն, այստեղ բոլորը հասկանում են, որ այստեղ ցանկացած աշխույժ քայլ միգուցե թիրախավորի մեր անվտանգությունը և այս պատճառով մարդիկ զգուշավոր են, իսկ Արայիկ Հարությունյանն էլ օգտվում է դրանից։ Մենք պետք է այս իշխանություններին շրջանցենք և թույլ չտանք անել այն, ինչ անում են։ Շուտով մենք բոլոր համայնքներում այցելություններ կունանանք և մարդկանց կբացատրենք, թե որն է իրենց անելիքը»,- ավելացրեց պատգամավորը։