կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-18 16:30
Քաղաքական

Թովմասյանի բազմաթիվ հարցերը, ուղղված Զեյնալյանին, դուր չեկան Փաշինյանին. քննարկում՝ ԱԺ-ում

Թովմասյանի բազմաթիվ հարցերը, ուղղված Զեյնալյանին, դուր չեկան Փաշինյանին. քննարկում՝ ԱԺ-ում

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բարձրացրեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հանձնաժողովը պետք է քննարկի և եզրակացություն տա հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում գրանցված միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում մասնավորապես ասված էր. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)»:

Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հերքել էր, որ նման բան է եղել: «Եթե ես որևէ մեկին բռունցքներով հարվածած լինեի, նա հիվանդանոցում կհայտնվեր»,- ասել էր նա:

Զեյնալյանը նշեց, որ իրենց առաջարկած նախագիծը կազմվել է` նախկինում եղած նմանատիպ միջադեպերը հիմք ընդունելով: «Օրենսդիր ներկայացուցչի կողմից նման վարքագիծն անընդունելի է: Պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքով` չի կարող նախագիծ ընդունվել նախադեպերի հիման վրա, քանի որ, ըստ նրա, այժմ ԱԺ կանոնակարգ-օրենքով Էթիկայի հանձնաժողովը պետք է քննի կոնկրետ դեպք:

Զեյնալյանը պատասխանեց. «Համաձայն ենք ձեզ հետ, որ սա շատ կոնկրետ դեպքի համար ստեղծվող հանձնաժողով է: Մենք այդ ձևակերպումը տվել ենք, սակայն այն, որ մենք փոխ ենք առել նախկին գործերից, դա չի հակասում ԱԺ կանոնակարգին, բայց մենք կարող ենք սա խմբագրել»:

Թովմասյանը նշեց, որ հանձնաժողովին եզրակացություն տալու համար պետք է կոնկրետացում: «Միգուցե հանձնաժողովի անդամները կարող են տեղեկացված լինել միջադեպի մասին, բայց դուք պետք է հստակեցնեք` պատգամավորի կողմից որ քայլն է խախտում այդ կանոնները, դրանք պետք է կցվեն նախագծին»,- նշեց նա:

Զեյնալյանն էլ արձագանքեց, որ դեպքի մանրամասները նշված չեն նախագծում, որովհետև կանոնակարգը դա չի պահանջում: Նրա խոսքով` դա թողել են, որպեսզի հանձնաժողովը բացահայտի` եղե՞լ է այդպիսի բան, թե՞ ոչ:

Նշենք, որ Թովմասյանի բազմաթիվ հարցերը բարկացրեցին Նիկոլ Փաշինյանին: Նա նախ մոտեցավ Զեյնալյանին և ինչ-որ բան ասաց ականջին, ապա Թովմասյանին ասաց, որ ինքն էլ է ցանկանում հարցեր տալ, իսկ Թովմասյանը դրա հնարավորությունը չի տալիս:

Թովմասյանն էլ նշեց, թե այս փուլում Փաշինյանն իրավունք չունի հարցեր տալու:

Ապա Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց հայտարարությունը փաստի վերաբերյալ արդեն իսկ ապացույց է:

«Փաստը ֆեյսբուքյան գրառո՞ւմն է և համապատասխան ֆրակցիայի հայտարարություննե՞րը»,- հարցրեց Թովմասյանը:

Զեյնալյանն էլ արձագանքեց. «Նաև մյուս կողմի հարցազրույցները»:

Թովմասյանը հետաքրքրվեց` արդյո՞ք նպատակահարմար է երկու հանձնաժողով ստեղծել` նույն դեպքի հետ կապված, եթե մյուս կողմն էլ որոշի նման հանձնաժողով ստեղծել: «Թե՞ հերքում եք նման հանգամանքը, մյուս պատգամավորի վարքագիծը չի կարող քննարկման ենթակա դառնալ»,- հարցրեց նա:

Զեյնալյանը նշեց, որ  հանձնաժողովը պետք է լսի միջադեպի կողմերին ու վկաներին, և գուցե իրականացվի առերեսում:

Նշենք, որ Զեյնալյանն առաջարկում էր 10 հոգանոց հանձնաժողով ստեղծել: Թովմասյանն առաջարկեց նախագծի անունը փոխել: