|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2014թ. հոկտեմբերի 20-ին ոչ իշխանական խմբակցությունները քննարկման էին ներկայացրել «Կառավարման ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ» ԱԺ հայտարարությունը։
Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, իմպերատիվ կերպով այդ հարցը խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը պետք է դնի քննարկման։ Նա շեշտեց, որ կառավարման ճգնաժամի խնդիրը մեր երկրում արդիական է, և հորդորեց ԱԺ ղեկավարությանը առաջնորդվել ոչ թե նրանով, թե ինչ է կիսում կամ չի կիսում խորհրդարանական մեծամասնությունը, այլ բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքով ու իմպերատիվ կերպով արտահերթ հարցը դնել քննարկման։
Գ. Սահակյանն արձագանքեց` ասելով, որ պարտադիր, անհետաձգելի բազմաթիվ հարցեր կան, որոնք ԱԺ նախագահն ինքն է որոշում, թե երբ դնել քննարկման։ «Մենք ունենք անհետաձգելի աշխատանք այս քառօրյայում, և եթե կհասնենք, ուրեմն կքննարկենք նաև դա, որովհետև դա ձեզ համար իմպերատիվ է, ինձ համար, ընդհանուր առմամբ, հնարք է ընդդիմության կողմից, որը որևէ ճանապարհ չի տանում։ Բայց օրենքի պահանջն է, և ես կա՛մ այս, կա՛մ հաջորդ նստաշրջանում անպայման քննարկման դնեմ»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը չի ուզում տեսնել կառավարության ճգնաժամը: «Դուք չեք կարողանում կազմակերպել անկեղծ խոսակցություն, որը հուզում է ամբողջ ժողովրդին: Եթե դուք պատասխանատու քաղաքական ուժ լինեիք, կնախաձեռնեիք այդ երկխոսությունը, որ այս ահավոր վիճակին լուծումներ գտնեք, բայց դուք հրաժարվում եք, նշանակում է որ մերժում եք երկխոսության հնարավորությունը և դրդում, որ ժողովուրդն այլ քայլերի դիմի»,- ասաց նա:
Նույն կարծիքն ուներ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Պարո'ն Սահակյան, չեմ կիսում Ձեր տեսակետը: Խորհրդարանը ելքեր ման գալու հարթակ է, մենք չենք առաջարկում բացասական գործունեություն Հայաստանի համար, այլ առաջարկում են մտքեր առաջարկել, մտքեր փոխանակել` իրավիճակից դուրս գալու համար: Եթե չեք ընդունում այդ առաջարկությունը, ուրեմն ավելի հետաքրքիր առաջարկ ունեմ` վերացրեք խորհրդարանը ու քննարկումները տեղափոխեք այլ տեղ»,- ասաց նա:
Միջամտեց Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ քաղաքական մեծամասնությունը չի մերժում այդ առաջարկը, այլ ցանկանում է ավելի ամբողջական դարձնել ու ավելի ամբողջական քննարկել: ԱԺ նախագահն էլ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը շոուներ է ցանկանում անել, ժողովրդին ցույց տալ, թե աշխատում է, և այդ գործելաոճը չի անցնելու քաղաքական մեծամասնության մոտ: