կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-14 14:25
Տնտեսական

Ստանդարտացումը ծախս է

Ստանդարտացումը ծախս է

Հայաստանում հարյուրից ավելի խոշոր ընկերություններ կան, որոնք համագործակցում են Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ` համապատասխան որակ ունենալու համար: Ունենալ միջազգային եւ ազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք նշանակում է որոշակի ներդրումներ անել տեխնիկական բազան համալրելու կամ նորացնելու համար:

 

Վերը նշված ընկերությունները հիմնականում բարձր են գնահատում  գործարար համբավը եւ իրենց արտադրանքն արտահանում են: Դրանց ղեկավարները հասկանում են, որ ստանդարտների չհամապատասխանող ապրանքը արտերկրում կարող է պարզապես չընդունվել:

 

«Օրինակ, եթե գործարանը էկոլոգիական վնաս է հասցնում, որպեսզի իր գործունեությունը ստանդարտներին համապատասխանեցնի, պետք է 1 միլիոն դրամի ծախս կատարի` զտիչներ տեղադրելու համար: Բայց մեզ մոտ կան մարդիկ, ովքեր մտածում են քիչ ծախս անել, շատ փող աշխատել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:

 

Նման մտածելակերպի դեպքում բախվում ենք լուրջ խնդիրների` կապված բոլոր տեսակի ապրանքների որակի եւ անվտանգության հետ:  Բանն այն է, որ ստանդարտացման գործընթացը կամովի է, եւ ձեռնարկություններն են որոշում` ստանդարտացնել իրենց ապրանքը, թե` ոչ:

 

Ե. Ազարյանը նշեց, որ շատերը չեն կարեւորում ստանդարտացումը եւ չեն դիմում իրենց ինստիտուտին, որովհետեւ վստահ չեն, որ մերժում չեն ստանա, ավելորդ ծախսեր չեն կատարի:

 

Իսկ մասնավոր ընկերությունները կարող են սերտիֆիկատ տալ` կոնկրետ ապրանքի ստանդարտներին համապատասխան լինելու վերաբերյալ: Եվ այս դեպքում որոշակի խնդիրներ են առաջ գալիս. «Ապրանքը մաքսային չմտած` սերտիֆիկատը գրում, տալիս են»:

 

Հավանաբար հենց դրա արդյունքում է, որ կարագի փոխարեն սպառողին իրացնում են սփրեդ: Այս խնդրի մասին խոսելիս  Ե. Ազարյանը նշեց, որ իրենք բազմիցս լաբորատոր հետազոտություններ են կատարել, որոշակի կասկածներ են ունեցել ապրանքի որակի վերաբերյալ եւ, բնականաբար, սերտիֆիկատ չեն տվել. «Եթե ես սերտիֆիկատ տված լինեի, հիմա առնվազն պիտի ազատազրկված լինեի կամ էլ խառակիրի անեի: Ո՞նց կարելի  է նման բան անել»: