կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 18:23
Հասարակություն

340 STOP-ի համար ճանապարհային ոստիկանությունն ավելորդ ծախս չի՞ կատարել

340 STOP-ի համար ճանապարհային ոստիկանությունն ավելորդ ծախս չի՞ կատարել

Երեւանի մի շարք փողոցներում հետիոտնային անցումների գծանշումների վրա հայտնվել են կարմիր գույնի STOP գրառումներ: Մինչ օրս արվել է 340 հետիոտնային անցումների գծանշումների վրա:

 

 Yerkir.am -ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ  «հետիոտնային անցումները ցույց տվող գծանշման վրա կիրառվող STOP գրառման նպատակը հետիոտների ուշադրությունը երթևեկելի մասին մոտենալու վրա հրավիրելն է, որը նպատակ է հետապնդում կանխել հետիոտնի կողմից լուսացույցի արգելող ազդանշանի առկայությամբ հետիոտնային անցում մուտք գործելը, ինչպես նաև հետիոտնի վրաերթերը»:

 

Այս պատասխանից ենթադրվում է, որ նման գրառումներ արվում են այնպիսի հետիոտնային անցումների գծանշումների վրա, որոնք ունեն նաեւ լուսացույց: Տրամաբանությունը անհասկանալի է` եթե կա լուսացույց, եթե այդ լուսացույցը արգելող ազդանշան է տալիս, ապա հետիոտնը պարտավոր է կանգնել, իսկ եթե չի կանգնում լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում անգամ, ապա էլ ինչո՞ւ պետք է կանգնի` ինչ-որ STOP գրառման ուշադրություն դարձնելով:

 

Բայց դա դեռ մի կողմ: Երբեմն նման STOP գրառումներ են արված նաեւ հետիոտնային այնպիսի անցումների գծանշումների մասում, որոնց մոտ տեղադրված չէ լուսացույց: Նման դեպքերում երթեւեկության կանոնները հուշում են, որ եթե փողոցի վրա կա հետիոտնային անցման գծանշում, այսինքն` համապատասխան անցում, ու այդտեղ տեղադրված չէ լուսացույց, ապա մեքենաների վարորդները պետք է զիջեն հետիոտնին` ճանապարհը հետիոտնինն է: Այս մոտեցման տրամաբանությունը հետեւյալն է` հետիոտնը տվյալ դեպքում ստանում է առավելություն, քանի որ քայլելով տեղաշարժվելը մարդու բնական ու անօտարելի իրավունքներից է, իսկ մեքենա վարելը` ընտրովի, ձեռքբերովի իրավունք: Ուստի` նախապատվությունը տրվում է հետիոտնին: Եվ ուշադիր պետք է լինի ոչ թե հետիոտնը, այլ` վարորդը:

 

Ճանապարհային ոստիկանության հարգարժան աշխատակիցներն ավելի լավ կլիներ` STOP գրառումը նախատեսեին մեքենաների համար, այլ ոչ թե հետիոտնին հրամայեին` STOP... STOP-ներից ոգեւորվել են վարորդները, ովքեր անգամ ճանապարհը անցումով անցնող օրիորդի հետեւից բղավում են. «Էդ եքյա ստոպ գրածը չտեսա՞ր, ո՞ւր ես կաքավի պես քցվըմ ավտոյիս դեմը...»:

 

Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե այդ գրառումների համար ոստիկանությունը որքան հավելյալ փող է ծախսել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին. «Քանի որ այն կատարվել է հետիոտնային անցումների պարբերական գծանշման շրջանակներում, ուստի դրա համար որևէ ավելորդ ծախս չի կատարվել»։ Սա, թերեւս, պաշտոնական պատասխանն է: