կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 16:23
Հասարակություն

Պլանավորվել է ծախս 100 զոհի ու 50 վիրավորի հատուցման համար. Վարուժան Ավետիքյան

Պլանավորվել է ծախս 100 զոհի ու 50 վիրավորի հատուցման համար. Վարուժան Ավետիքյան

Այսօր ՊՆ-ում հրավիրվել էր մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության հիմնադրամի առաջին նիստը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեք անդամ ընտրվել է այն ՀԿ-ների կողմից, որոնք պաշտպանության ոլորտում ունեցել են որոշակի փորձ: Նրանք են` «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ԵԿՄ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը, «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Մեհրաբյանը: Երեք անդամ է լինելու կառավարությունից` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և մեկ հոգի ընդդիմությունից, մասնավորապես` ներկայացուցիչ առաջիկա խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից: Հիմնադրամի խորհրդի նախագահ ընտրվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հիմնադրամի տնօրեն նշանակվեց ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: Հաստատվեց նաև հիմնադրամի բյուջեն:

Վարուժան Ավետիքյանը նշեց, որ վարչական ծախսեր ընդհանրապես նախատեսված չեն, 2017-ի համար նախատեսված է երկու գործառնական ծախս` մեկը զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորի ընտանիքին ուղղված ծախսն է. նախատեսված է 1 միլիարդ 731 միլիոն դրամի չափով ծախս` որպես հատուցման գումար և 1 միլիոն դրամ բանկային ծառայությունների համար:

«Աստված տա` այս ծախսի կարիքը չլինի: 100 զոհ և 50 վիրավորի համար է նախատեսված այդ գումարը: Մի քիչ գեշ է հնչում, բայց ստիպված ենք դա պլանավորել»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Վիգեն Սարգսյանը շեշտեց. «Այլ ծախս, բացի փոխհատուցումից չկա, բացառությամբ պայմանական 1 միլիոն դրամը, որը, եթե կարիք լինի, կտրամադրվի բանկային ծառայությունների դիմաց»: