կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 17:53
Քաղաքական

Իշխող ուժի «տունը կռիվ է ընկել». եթե օրենք լիներ, ներդրողները կհասկանային՝ անիմաստ ծախս են արել

Իշխող ուժի «տունը կռիվ է ընկել». եթե օրենք լիներ, ներդրողները կհասկանային՝ անիմաստ ծախս են արել

«Իմ քայլի» տունը կռիվ է ընկել. Ամուլսարը դարձավ փորձաքար, որը կարծես քանդում է իշխող ուժի «բաբելոնյան աշտարակը»:

Իշխանական խմբակցության առաջամարտիկ ու համախոհ Թագուհի Թովմասյանն, օրինակ, «հետևը՝ սուր, առաջը՝  ջուր» վիճակում է. նախկինում՝ հանքը փակող ակտիվիստների կողքին էր, այսօր՝ հանքի ճանապարհը բացել հորդորող՝ «ժողովրդի վարչապետի» թիմում:

«Չեմ կարող ասել, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ դեմ էի, ապա այժմ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունն է ու ես վարչապետի թիմից եմ, հետևաբար ամեն ինչ ճիշտ է արվում ու այժմ կողմ եմ: Կարծում եմ, մեր երկրում ընդհանրապես որևէ հանքի շահագործման թույլտվություն այլևս չպետք է տրվի»,-ասաց նա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում:

Իշխող խմբակցության պատգամավորը թեև ռիսկերն անձամբ չի չափել, բայց մասնագետների հետ զրույցել,  բացահայտել, բարձրաձայնել ու արտահայտել է իր տեսակետը, որն, ասում է, բնականաբար, չի կարող փոխվել:

Այնպես չէ, որ քայլողներին մանդատ են տվել՝ ժողովուրդը ձեռքերը ծալած նստելու է՝ ասում են «Լուսավոր Հայաստանից» ու ավելացնում՝ ժողովրդավարությունն ամենօրյա աշխատանք է, ամեն օր պետք է կարողանալ ձեռքը ժողովրդի զարկերակին պահել ու հասկանալ՝ մարդիկ ինչ ցանկություններ ու մտավախություններ ունեն. «Այլապես էլ ինչո՞ւ ենք պառլամենտական վերահսկողություն իրականացնում»,-Yerkir.am-ին ասում է «Լուսավոր Հայաստանից» իրավաբան-պատգամավոր Տարոն Սիմոնյանը: 

Նրա համոզմամբ՝ մեկ տարին իզուր վատնել են, հանքի շահագործաման ռիսկերի մասին հիմնական հարցերին այդպես էլ չեն պատասխանել. «Հնարավոր է, որ Ամուլսարի շահագործման պարագայում անվերահսկելի ու անդառնալի հետևանքներ լինեն բնական միջավայրում, հետագայում էլ այդ հետևանքներն անդրադառնան տնտեսական միջավայրի վրա, օրինակ՝ Ջերմուկն ու Սևանա լիճը՝ որպես տնտեսական միավոր, կորցնենք կամ այդ հետևանքներն ազդեն Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի վրա: Ու քանի դեռ այս բազմազան հարցերի համար պատասխան չունենք, բնականաբար դեմ ենք լինելու այս ամենին»,- ասաց նա:

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը «ոտքը կախ է գցում». նախ, Yerkir.am-ին ասում է՝ մեր նպատակը կառավարությանն ու ժողովրդին համախոհության բերելն է, որպեսզի քննարկման ճանապարհով գան ընդհանուր հայտարարի, հետո՝ սեղմում «գազի ոտնակը». «Հասկանալու համար «Ամուլսարի» հարցը, ընդամենը պետք է կարդալ ELARD-ի եզարակացությունն, ու բոլոր հարցերը տեղը կընկնեն: Իսկ ELARD-ը. գիտեք, հայտարարել է, որ պատասխան չունի՝ արդյո՞ք ջրային ավազանն անվտանգ է մնալու, թե՞ ոչ: Բայց, մեծ հաշվով, հարցը կառավարության տիրույթում  է և գործադիրն է պատասխանատվություն կրելու որոշումից բխող հետևանքների համար»:

Բագրատյանը կարծում է՝ «Ամուլսարն» այն դեպքն է, երբ հանրաքվեով պետք է արտահայտել մարդկանց հավաքական կարծիքը: «Միայն հանրաքվեից հետո կառավարությունը կհամոզվի, որ ժողովուրդը հավաքականորեն դեմ է Ամուլսարի շահագործմանը»,-ասում է նա:

Հանքի ճանապարհն ուժով բացելու մասին ջերմուկցին լսել ու հայտարարել է. «Ձեր պատկերացրած ու չպատկերացրած բոլոր սցենարներին մենք պատրաստ ենք. մայր ու մանուկով կանգնելու ենք մինչև վերջ»: ԲՀԿ-ական պատգամավորը նրանց կողքին կկանգնի: Կկանգնի նաև «Իմ քայլ»-ական Թագուհի Թովմասյանը. «Կարևոր է, որ քաղաքացիների ու ոստիկանության միջև բախումներ չլինեն «Ամուլսարի» ճանապարհի բացման ժամանակ: Չլինի այնպես, որ ոստիկանությունն անհամապատասխան ուժ կիրառի, ինչպես դա եղավ Խորհրդարանի բակում օգոստոսյան իրադարձությունների ժամանակ»,-ասաց նա:

Այս ոլորտի օրենսդրությունը Թովմասյանը համարում է ապազգային ու շեշտում՝ որպես օրենսդիրներ պետք է ավելի վաղ նախաձեռնեին փոփոխություններ, որպեսզի որևէ մեկի մտքով չանցներ, թե կարող է հանք շահագործել: «Այս տրամաբանությունը պետք է գործեր նաև «Ամուլսարի» դեպքում: Եվ բոլորը՝ այդ թվում  ներդրողները հասկանային, որ անիմաստ ծախս են արել»,- ասաց նա:

Իրադարձություններն ինչպես կզարգանան, Թովմասյանն ասաց՝ չի կարող կանխատեսել:

Խնդիրը բազմավեկտոր է՝ արձանագրում է ընդդիմադիր թևի՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը. Տարոն Սիմոնյանը ազգային շահը վեր է համարում ցանկացած այլ շահից ու հորդորում՝ եթե կան մտավախություններ, կասկածներ ու այդ կասկածները փարատված չեն, պետք է նորից նայել՝  ինչ ենք կորցնում ու ինչ շահում:

Այս մտքերի մեջ է մեր ժողովուրդը դեռ անցած տարվանից.  ջերմուկցիների և սարը հանք դարձնել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության պայքարն առժամանակ ընդհատվել  էր  նոր փորձաքննություն անցկացնելու հայտարարությունից հետո: Այժմ հայտնի են  ELARD-ի փորձաքննության արդյունքները: Դրանք ակնհայտ մտահոգություններ են պարունակում, բայց իշխող քաղաքական թիմը ասում ու չի վարանում՝ «հանքի շահագործման ամենահավանական ժամկետը 2021 թվականի առաջին եռամսյակն է»: