Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գաղտնի դարձնել ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ծախսերը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ օրինագիծը հասկանալի և ընդունելի կլիներ, եթե խոսքը գնար անվտանգության սարքերով հագեցած մեքենաների, գաղտնալսման տեխնիկայի գնման ծախսերի մասին, բայց օրենքի նախագծում ամեն ինչ ընդհանրական է գրված, և խոսքը ծախսերի մասին է:
«Ինչո՞ւ չէիք կարող առանձնացնել կոնկրետ այնպիսի սարքերի ցուցակը, որոնք կապված են կոնկրետ մասնագիտական անվտանգության ապահովման հետ, ինչո՞ւ եք ամեն ինչ տեղադրել մի հոդվածի տակ, երբ գաղտնիության շղարշի տակ կարող են լուրջ ծախսեր արվել, որոնք հանրային վերահսկողությունից դուրս կարող են լինել: Կարող է վարչապետն այցելել որևէ երկիր, շքեղ վիլլաներ վարձել, շքեղ ծախսեր կատարել, և այդ ամենը ձևակերպվում է որպես պետական ծախս, ու դրա վրա դրվում է գաղտնիության գրիֆ»,- ասաց Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ այդ օրենքի նախագծով կոռուպցիան պետականորեն է պահպանվելու:
Նա նշեց, որ հանրությանը հետաքրքիր չէ այն կամակերպությունների ցուցակը, որոնք ծառայություններ են մատուցել նախագահին, վարչապետին կամ ԱԺ նախագահին, սակայն հանրությանը հետաքրքրում է ծախսը: Այնինչ` գնումների բնագավառը խիստ կոռումպացված է, և դա են վկայում Վերահսկիչ պալատի հաշվետվությունները:
«Նախագահների ու վարչապետերի հրաժարականներ են եղել, երբ բացահայտվել են, թե նրանք ինչ ծախսեր են արել: Մենք կարող ենք լուրջ կասկածներ ունենալ, որ այդ օրինագիծը գործիք է` հասարակության ուշադրությունը հնարավոր չարաշահումներից հեռու պահելու համար: Եվ գաղտնիության շղարշի տակ տեղի կունենան չարաշահումներ ու կոռուպցիոն գործարքներ: Փաստորեն, Հայաստանում տեղի է ունենում նոր քաղաքականություն, որի իմաստն է` կոռուպցիան պահպանվում է պետության կողմից»,- ասաց պատգամավորը:
Հիմնական զեկուցողը` ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, նշեց, որ օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել անվտանգության ապահովման լիարժեք մակարդակ: «Իհարկե, կիսում եմ մտավախությունը, որ ծախսերի առումով պետք է հանրությանը տեղեկացնել, բայց օրենքով սահմանված կարգով կարող ենք հանրության տեղեկացնել, բայց ոչ` լիարժեք ինֆորմացիա, կան արարողակարգեր, որոնք միանգամից չենք կարող դարձնել հասարակության քննարկման առարկա»,- ասաց նա: