Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը: Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում 101 կողմ, 3 դեմ և 37 ձեռնպահ ձայներով տապալվեց 2020 թ. ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու նախագիծը (անհրաժեշտ էր 113 կողմ ձայն), որը դժգոհությունների լայն ալիք բարձրացրեց:
Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին նույնպես քննադատեց խորհրդարանի որոշումը՝ նշելով, որ ինքը՝ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, եղել և շարունակում է կողմ լինել 2020 թվականին համամասնական համակարգին անցնելուն: «Ի սրտե ցավում եմ, որ դա տեղի չունեցավ»,- հայտարարեց նա:
Այս բողոքի ակցիան շարունակությունն էր այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերի: Այն ժամանակ դժգոհություն առաջացավ այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Վրաստան կատարած այցելության ժամանակ նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին: Ցուցարարները ներկայացնում էին 3 պահանջ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով, ներքին գործերի՝ այդ ժամանակվա նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և բախումների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում: Իվանիշվիլին բավարարեց միայն առաջին պահանջը: Այսպիսով՝ իրենց խաբված զգացող քաղաքացիներն այլևս ունակ չէին հանդուրժելու դա:
Համամասնական ընտրակարգին անցնելու նախագծի տապալումից հետո խորհրդարանի առջև հավաքվեցին բազմաթիվ ցուցարարներ, որոնց ժամեր անց միացան Վրաստանում գործող գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական-հասարակական կազմակերպությունները: Դրանից հետո ցուցարարները ներկայացրեցին իրենց հիմնական 3 պահանջները՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրություններ և անցումային կառավարության ձևավորում: «Տատիկիդ խաբիր», «Մենք խաբվեցինք» գրություններով պաստառներ պարզած ցուցարարները շրջափակել էին խորհրդարանը և վրաններ խփել, սակայն ոստիկանները միջամտեցին՝ կիրառելով ջրցան մեքենաներ, եղան տասնյակ ձերբակալվածներ, նաև՝ տուժածներ:
Իսկ իշխող կուսակցության շարքերը բողոքի հուժկու ալիքից հետո սկսել են նոսրանալ:
«Վրացական ցույցերի հետ կապված ամենակարևորն այն է, որ ոչ թե հասարակության մեջ կա ընդվզում, այլ քաղաքական դաշտում, այսինքն՝ շատ մեծ միավորում գոյություն ունի քաղաքական դաշտում, և այն քաղաքական ուժերը, որոնք միշտ միմյանց դեմ են եղել, հիմա միավորվում են, որպեսզի պահանջեն, որ խորհրդարանում ընդունվի համամասնական ընտրակարգը: Եվ հենց ընդդիմության միացման փաստն է այստեղ ամենակարևորը»,– Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
Ըստ նրա՝ իշխանության շրջանում արդեն սկսել են երևալ տարաձայնություններ, և 12-ից ավելի պատգամավոր դուրս է եկել իշխող կուսակցության խմբակցությունից: «Իշխանությունը պատրաստ էր զիջումների գնալ ի սկզբանե, քանի որ քվեարկությունը հենց նրանց նախաձեռնությունն էր: Բայց իշխանության խմբակցության պատգամավորների մի մասը, որը հիմնականում ընտրվել է մեծամասնական համակարգով և համամասնականով հնարավորություն չի ունենա մտնելու խորհրդարան, դեմ է քվեարկել: Դա վկայում այն բանի մասին, որ կա՛մ Բիձինի Իվանիշվիլին չի կարողանում ղեկավարել իր խմբակցությունը, կա՛մ էլ պարզապես փորձել է այդպիսի քայլ անել՝ մոլորեցնելու համար ընդդիմությանը, ինչը, ինչպես երևում է, չի հաջողվել»,- նշեց Հրանտ Միքայելյանը և հավելեց, որ այստեղ չի տեսնում որևէ արտաքին ազդեցության հետք: