Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրապիզոնի որոշ շրջաններում հունարենի հազարամյա բարբառը պահպանվել է մինչ օրս, սակայն այժմ անհետացման եզրին է։
Հակառակ ամեն ինչի՝ հունարենի հազարամյա բարբառը կարողացել է գոյատևել մինչև 21-րդ դար: Սակայն հիմա հետազոտողները զգուշացնում են, որ սա կարող է այս «լեզվական ոսկու հանքը» անհետացումից փրկելու վերջին հնարավորությունը լինել:
Պոնտիերենով (նաև հայտնի է որպես մուսուլման-պոնտոսերեն) խոսում են ընդամենը մի քանի հազար հոգի, ովքեր ապրում են Տրապիզոնի Սև ծովի ափին գտնվող լեռնային գյուղերում։ Քանի որ այն գրավոր չէ՝ բանավոր է փոխանցվում սերնդեսերունդ։
Այս լեզուն այն ժամանակներից, երբ Հունաստանը ներկայություն ուներ Սև ծովում՝ հին ժամանակներում և վաղ միջնադարում, մնացած կենդանի մասունք է: Քանի որ տարածաշրջանն ավելի ու ավելի էր ենթարկվում իսլամի և Օսմանյան կայսրության ազդեցությանը, մարդկանց մեծ մասն ի վերջո սկսեց խոսել թուրքերեն: Սակայն Տրապիզոնի շրջակայքի մեկուսի բլուրներում որոշ մահմեդական համայնքներում պահպանվել են հին հունարենի բեկորներ:
Քեմբրիջի համալսարանի իսպաներենի և պատմական լեզվաբանության պրոֆեսոր Իոաննա Սիտարիդուն ասում է. «Փոքր Ասիայում իսլամ ընդունելը հաճախ ուղեկցվում էր տվյալ լեզվի՝ թուրքերենի փոխարինումով, սակայն հովիտներում գտնվող համայնքները պահպանում էին պոնտիերենը: Եվ մինչ հունալեզու համայնքները, որոնք մնացին քրիստոնյա, հատկապես 19-րդ և 20-րդ դարերի սկզբին ավելի մոտեցան ժամանակակից հունարենին՝ այդ լեզվով ինտենսիվ կրթության շնորհիվ, նրանք՝ հովիտներում գտնվող համայնքները, պահպանեցին որոշ հնացած առանձնահատկություններ»։
Թեև պոնտիերենը որոշ էական տարբերություններ ունի ժամանակակից հունարենից, նրա հիմնական առանձնահատկության արմատները գալիս են անմիջապես հելլենիստական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 323 – մ.թ. 32) օգտագործված հնագույն հունարենից։
Պոնտիերենի լեզվական առանձնահատկություններից մեկը անորոշ դերբայների օգտագործումն է որպես բայի ձև, որը կարող է օգտագործվել որպես գոյական, ածական կամ մակդիր: Օրինակ՝ ժամանակակից հունարենով խոսողը կասի «գնալն եմ ուզում»՝ «ուզում եմ գնալ»-ի փոխարեն։ Բացառությամբ պոնտիերենի, բոլոր հունական բարբառներն ու տարատեսակները, որոնք այսօր օգտագործվում են, դադարել են օգտագործել հին հունարենի այս անորոշ դերբայը: Դա կարող է աննշան տարբերություն թվալ, բայց այս օրինակը ցույց է տալիս, որ հելլենիստական հունարենը պոնտիերենի անմիջական նախնին է եղել՝ ի տարբերություն ժամանակակից հունարենի, որի անմիջական նախահայրը միջնադարյան հունարենն է:
«Պոնտիերենն ավելի շուտ ժամանակակից հունարենի քույրն է, քան դուստրը», – ասում է պրոֆեսոր Սիտարիդուն:
Պրոֆեսոր Սիտարիդուն վերջին 16 տարին անցկացրել է պոնտիերենի ուսումնասիրության վրա՝ հույս ունենալով ավելի խորը հասկանալ լեզուն և փրկել այն պոտենցիալ մոռացությունից: Այս ժամանակի մի մասը նա անցկացրել է Տրապիզոնի շրջանում` պոնտիերենը որպես մայրենի կիրառողների հետ:
Թեև լեզուն կարողացել է դարեր շարունակ գոյատևել, սակայն մտավախություն կա, որ այն շուտով կարող է վերանալ: Տրապիզոնում այս լեզվով խոսողների մեծամասնությունը 65-ից բարձր է, և ավելի քիչ երիտասարդներ են սովորում լեզուն, ինչը հանգեցնում է անորոշության, թե արդյոք լեզուն գոյատևելու է և սերնդեսերունդ փոխանցվելով՝ հասնելու հաջորդ փուլ:
Պոնտիերենը ևս դառնում է սոցիալ-մշակութային խարանի զոհ, ինչպես հաճախ է լինում փոքրամասնությունների լեզուների դեպքում: Թուրքական ազգայնականությունը գերադասում է երկրի ներսում տեսնել հունարենի վերջը: Նմանապես, Հունաստանի պահպանողականները պոնտիերենը համարում են իրենց մայրենի լեզվի «աղտոտված» ձևը։
Լեզուն անհետացումից փրկելու ջանքերի շրջանակներում Սիտարիդուն թողարկել է «Ժողովրդից սերված պոնտիերենը» նոր հարթակը, որը թույլ է տալիս հանրությանը վերբեռնել պոնտիերենի խոսակցական ձայնագրությունները:
« «Ժողովրդից սերված պոնտիերենը» նոր գործիք է, որն օգնում է բանախոսներին ստեղծել խոսակցական տվյալների շտեմարան վտանգված լեզուների համար՝ թույլ տալով հետազոտողներին դոկումենտացնել այս լեզուները, միաժամանակ դրդելով նրանց գնահատել իրենց սեփական լեզվական ժառանգությունը։ Այն ստեղծելով լեզվի մշտական հուշարձան՝ կարող է նաև օգնել մարդկանց ճանաչել իրենց իրենց լեզվական համայնքից դուրս գտնվողների ինքնությունը», – ասաց Սիտարիդուն:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net