կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-30 12:12
Քաղաքական

Այս ընտրարշավն ընթացավ նախորդից պահպանված վատ իներցիայով. Բագրատ Եսայան

Այս ընտրարշավն ընթացավ նախորդից պահպանված վատ իներցիայով. Բագրատ Եսայան

Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում տարածքային ցուցակով առաջադրված ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով քարոզարշավի ընթացքը, ընդգծեց՝ նախորդ ընտրություններից պահպանվել են մի շարք բացասական երևույթներ:

«Ունենք փոխված ընտրակարգ, Սահմանադրություն, բայց այս ընտրարշավն ընթացավ իներցիայով՝ նախորդ ընտրությունների նախընտրական պրոցեսների բացասական տարրերը ներառելով: Բացասական զարգացումներ տեղի ունեցան՝ կապված ռեյտինգային ընտրակարգի ներդրման հետ: Չնայած համամասնական ընտրակարգի ներդրմանը, այն բացասական երևույթները, որ բնորոշ էին մեծամասնական ընտրակարգին, կային նաև հիմա»,- ասաց Եսայանը՝ հավելելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էին 139 թեկնածու, իսկ հիմա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է ավելի քան 1560 թեկնածու:

Ըստ Եսայանի՝ սա ստվերեց համամասնական ընտրակարգի հիմնական բնույթը: «Առաջին պլան մղվեց ընտրարշավի խնամիական, համագյուղացիական էությունը, և սա բերեց այն բացասական երևույթների դրսևորմանը, որը հատուկ էր նախորդ ընտրություններին»,- ասաց Եսայանը՝ հավելելով, որ այս անգամ նախընտրական փուլում եղան նաև յուրահատուկ վատ դրսևորումներ:

«Դանակահարությունները ոչ միայն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջև են, այլ նաև նույն կուսակցությունների անդամների: Սա նրա ապացույցն է, որ կուսակցությունները չունեն մեկ թիմի պատկանելու զգացողություն: Այն ակնակալիքը, որ Դաշնակցությունը տասնամայակներ շարունակ պահանջում էր 100 տոկոս համամասնական ընտրակարգ, այս ընտրարշավի ընթացքում ամբողջությամբ իրականություն չդարաձավ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընտրարշավի ընթացքում գաղափարական պայքարը փոխարինվեց ընդդիմություն-իշխանություն հաճախ սարքովի հարցով:

«Որոշ կուսակցություններ արհեստականորեն փորձում էին խաղարկել հին խաղաքարտը, որ չի խաղում: Յոթերորդ ընտրարշավն է արդեն ասում են՝ ով իշխանություն է, վատն է, ով ընդդիմություն է, վատ է: Սա հիշեցնում է «Անորսալի վրիժառուներ» ֆիլմը, որի հերոսները վիճում են՝ ով է լինելու ցարը: Առանց գաղափարական հիմնավորման, ուղղակի փորձում են երդումների մակարդակով ցույց տալ, որ իրենք են իսկական ընդդիմությունը, ծրագրերի պայքար չի ստացվում»,- ասաց նա՝ շեշտելով, որ գաղափարական պայքար գրանցվեց ՀՅԴ-ի և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի միջև՝ կապված Արցախի հարցի հետ: