Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ գավառական գրականության վերջին ներկայացուցիչ Մկրտիչ Մարկոսյանի մասին, որին կորցրինք անցյալ ամիս, «Արաս» հրատարակչության խմբագիր Ռոբեր Քոփթաշը գրել է. «Որպես արդյունք, շերտ-շերտ ցավից ձևավորված այս աննման երկիրն իրեն շատ սիրած, իր խմորով հունցված, այս երկիրը բոլորիս համար հավասար և ազատ ապրելու դրախտ դարձնել ցանկացած շատ թանկագին մի զավակ էլ կորցրեց։ Այսպիսով՝ հայերեն գավառական գրականությունը՝ արևելահայերենը՝ Աբովյանից սկսած, Պռոշյանով, Րաֆֆիով, Մուրացանով, Լեոյով, Ահարոնյանով, Փափազյանով, Շիրվանզադեով, Գամառ-Քաթիպայով, Հովհաննիսյանով և Իսահակյանով, արևմտահայերենը՝ երեք հոգևորականերով՝ Ալիշանով, Խրիմյանով, Սրվանձտյանցով սկսած՝ Չիթունիով, Գյուրջիյանով, Տեր-Կարապետյանով, Հարությունյանով, Թլկատինցիով, Համաստեղով, Զարդարյանով և Մնձուրիով շարունակվող շղթան, եթե նրա նման մի նոր հրաշք չծագի, Մարկոսյանով ավարտվեց։ Մի դարաշրջան նրանով փակվեց»։
Ողբերգությունը և հրաշքը
Վստահ եմ, որ այս խոսքերը չափազանց ծանր են լինելու նույնիսկ նրա համար, ով կարդացել է Մարկոսյանի պատմվածքներից թեկուզ միայն մեկը։ Բառերի ծանրությունը չի բխում ճշմարտությունը ուռճացնելուց։ Ընդհակառակը, ճշմարտությունը որպես այլևս անչափազանցելի մի ողբերգություն՝ կանգնած է մեր առջև։ Հատկապես այս պատճառով «Մարկոսյանով ավարտվեց։ Նրանով մի դարաշրջան փակվեց» նախադասությանը կցանկանայի առարկել Քոփթաշի նախորդ խոսքերով՝ «Եթե նոր հրաշք տեղի չունենա»։
Ենթադրությունը, թե հայ գավառական գրականությունն ավարտվել է, իհարկե, մեծապես հիմնված է գավառական հայկականության և գավառներում խոսվող հայերենի բացակայության վրա՝ չհաշված Վաքըֆլըն։ Մի տեսանկյունից այս պնդումը ճիշտ է։ Նույնիսկ եթե խոսեն էլ իրենց տեղական բարբառով՝ արևմտահայերեն կարդալ և գրել կարողացող, հայերեն (հետևաբար՝ քրիստոնյա, Լոզանի պայմանագրի համաձայն) սովորելու հնարավորություն ունեցող, բացահայտորեն իրենց հայ ներկայացնող «գավառական» բնակիչներ մեր երկրում արդեն գրեթե չկան։ Մեկ այլ տեսանկյունից դա սխալ է։ Մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր թեև սովորելու հնարավորություն չունեն (որպես մահմեդական, Լոզանի համաձայն), չեն կարող կարդալ և գրել արևմտահայերեն, բայց խոսում են հայերենի բարբառով, որը պահպանել են դարեր շարունակ որպես իրենց մայրենի լեզու: Այդ մարդկանց մեծամասնությունը, անշուշտ, համշենցիներն են։
Համշենցիներին կարելի՞ է համարել հայ գավառի մի մասը։ Դժվա՞ր է այս հարցի պատասխանը: Առանց կրճատումների և կարճ պատասխանների հարց է: Ամեն կարճ պատասխան ինչ-որ առումով սխալ կլինի այս հարցում: Քանզի թե համշենցիները, և թե հայերը տարբեր վերաբերմունք ունեն համշենցիների ինքնության նկատմամբ։ Այդ վերաբերմունքները մեծ մասամբ կապ չունեն պատմական ճշմարտության հետ։ Քաղաքական մթնոլորտը, որում մենք մեծացել ենք, կրթական համակարգը, որի միջով անցել ենք, մշակութային միջավայրը, որտեղ մենք աճել ենք, և մեր արժեքային դատողություններն են հիմնականում որոշում մեր վերաբերմունքն այս հարցում: Այս երկու ինքնությունները միմյանցից համեմատաբար հեռու են ընկալվում թե՛ համշենցիների, թե՛ հայերի համար, ովքեր կրոնը համարում են ինքնության ամենակարեւոր որոշիչ: Սակայն անշուշտ, իրավիճակը փոխվում է նրանց համար, ովքեր իրենց ինքնության կենտրոնում դնում են իրենց լեզուն և պատմական արմատները:
Համշեն և Տիգրանակերտ
Այս հոդվածում ինքնության ընկալումների շուրջ քննարկումը շարունակելու փոխարեն ուզում եմ կենտրոնանալ լեզվի վրա։ Քրիստոնեությունից, իսլամից, պատմական արմատներից վերանալով, երբ հայերեն Մարկոսյան ես կարդում, ավելի լավ ես հասկանում համշեներենի վիճակը։ Քանզի Մարկոսյանի նկարագրած Գյավուր թաղի բնակիչները իրար մեջ խոսում են ոչ թե գրական լեզու հայերենով, այլ Տիգրանակերտի (Ամեդ-Դիարբեքիր) խոսակցական լեզու հայերենով։ Հետևաբար և շատ հայերեն բառեր այս հերոսների խոսքում հանդիպում են գրականից տարբեր, և առատորեն օգտագործվում են հարևան լեզուներից՝ թուրքերենից, պարսկերենից և արաբերենից հայերեն մուտք գործած բառեր։ Այսինքն՝ այնպես, ինչպես վարվում ենք մենք Համշենի հայերենով խոսելիս։
Մի քանի օրինակ․
Տիգրանակերտ․ Խչեն թող սաղ մընե, ձեղիգ քիմի հերսե մեռնի։
Համշեն․ Խչեն սաղ մենա թող, ձաղիգի բես հարսե մեռնի։
Գրական․ Խչեն թող ողջ մնա, ծաղկի պես հարսը մեռնի։
Քննության առնված այս օրինակում երևում է, որ Համշենի բարբառը ավելի մոտ է գրավոր լեզվին։ Մինչդեռ «սաղ» բառն օգտագործվում է որպես օտար բառ երկու բարբառներում, Տիգրանակերտի բարբառում «քիմի» (թրք․՝ gibi-նման) բառն էլ է օգտագործվում։
Մեկ այլ օրինակ․
Տիգրանակերտ․ Էսվեձ էլ էդին-էդին գը շըշկըռի։ Ըխթիյարը գը թողե, գենչե գ՛առնե։ Միղք, հեզեր ժում միղք էղեվ Մարիամին։
Համշեն․ Ասպաձ ալ էդինես շաշուրմիշ գ՛ենա։ Բառավե թողու գու, գենջե գ՛առնու։ Մաղկ, հազար դանում մաղկ աղավ Մարիամին։
Գրավոր լեզվում «Աստված» բառը երկու բարբառներում էլ տարբեր կերպ է գրված։ «Գենչ» (թրք․՝ երիտասարդ) բառը երկու բարբառներում էլ վերցված է օտար լեզվից։ «Մեղք» բառը երկու բարբառներում էլ տարբեր կերպ է գրված։ Տիգրանակերտի բարբառում «բառավի» փոխարեն գործածվում է «ըխթիյարը»։ «Հազար» բառը համշենի բարբառում գործածվում է այնպես, ինչպես գրավոր լեզվում է, իսկ Տիգրանակերտի բարբառում՝ «հեզեր»։
Մի վերջին օրինակը․
Տիգրանակերտ․
-Խեր է ինչ է ինքեվոր Բեդո։
-Խեր չէ։ Գյուզելենց Մարիամե ծըզի օրեր
-Մեղք։
-Պրտեվ․․․ էզեդվեվ․․․
– Գենչեր դահա
Համշեն․
-Խայիր էլլի ինչ աղաց Բեդո
-Խայիր չա։ Գյուզելենց Մարիամե ծեզի օրեր
-Մաղք․․․
-Խալեսեցավ․․․ ազադեցավ․․․
-Գենչեր տեռ
Այս օրինակում երկու բարբառներում էլ օտար լեզվից փոխառություններ կան։ Համշենի բարբառում «ծեզին» համապատասխանելով գրական լեզվին, Տիգրանակերտի բարբառում այն դարձել է «ծըզի»: «Տեռ» (դեռ) բառը Համշենի բարբառում գրական լեզվին է նման, Տիգրանակերտի բարբառում այն «դահա» (թրք՝ դեռ) է դարձել։
Հրաշքներին հավատացե՛ք։
Այս օրինակները կարող են բազմապատկվել։ Կարելի է ուսումնասիրել նաեւ առնչակից բարբառները։ Ի վերջո, այս փոքրիկ օրինակները մեզ հետևյալն են մատնանշում. Համշենի բարբառը, որոշ հայերեն բարբառների հետ համեմատած, ավելի մոտ է գրական լեզվին։ Այս բարբառով մենք տասնյակ ու հարյուրավոր պատմություններ ունենք պատմելու։ 2014 թվի․ ի վեր լույս է տեսնում «Գոր» ամսագիրը։ Ունենք գրողներ, որոնց առաջին համշեներեն պատմվածքները տպագրվել են «Գոր» ամսագրի շնորհիվ։ Այո, համշեներեն ստեղծագործող հեղինակները դեռևս առաջին քայլերն են անում գրականության մեջ։ Այո, Համշենի բարբառի և գրական լեզվի միջև բավականաչափ կապ չկա։ Բայց սա չի նշանակում, որ չի կարող լինել: Քանի դեռ հավատում ենք հրաշքներին: Քանի դեռ կաշխատենք դրա ուղիները գտնելու համար։ Ինչո՞ւ Քոփթաշի «հայտնվող հրաշքը» դուրս չգա մեր հայրենիքից։ Սերմը հողի մեջ սպասում է ջրելուն։ Ձիլ ու ձաղիկ էլլիք (ծիլ ու ծաղիկ լինենք՝ Համշենի բարբառով-Ակունքի խմբ․)։
Մահիր Օզքան
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net