կարևոր
2149 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-07 16:04
Հասարակություն

Չայելիի Ռաշոտ գյուղում պահպանված համշեներենը

Չայելիի Ռաշոտ գյուղում պահպանված համշեներենը

Մահիր Օզքան

Համշենցիների և համշեներենի վերաբերյալ ուսումնասիրություններում հաճախ հանդիպող Արևմտյան Համշեն-Արևելյան Համշեն տարբերակումը հիմնված է լեզվի խոսվել-չխոսվելու վրա։ Այն դեպքում, երբ արևելյան խումբ համարվող Արդվին նահանգի Խոփա, Քեմալփաշա և Բորչկա գավառներում բնակվող համշենցիները հաղորդակցվում են Համշենի հայերենով, արևմտյան խմբում ընդգրկված Ռիզե, Տրապիզոն և Էրզրում (Կարին-Ակունքի խմբ․) գավառներում ապրողները չեն խոսում այդ լեզվով։

Այս տարբերակումը միևնույն ժամանակ հիմք է տալիս, որպեսզի բանավեճի թեմա դառնա արևմտյան խմբում ներառված համշենցիների՝ հայերենի հետ առնչության հարցը։ Արևմտյան համշենցիները մոռացե՞լ են հայերենը։ Եթե նրանք մոռացել են, ապա արևելյան համշենցիներն ինչու՞ չեն մոռացել։ Նման հարցերը այդ քննարկումների ժամանակ բարձրացվող հիմնախնդիրներն են։

Հետևաբար, այս շրջաններում հայերենի հետքերով գնալը խիստ կարևոր է նման հարցերին պատասխաններ գտնելու առումով։ Այդ շրջաններում հայոց լեզվի հետքերին հետևելու ամենակարևոր աղբյուրներից են ճանապարհորդների նոթերը։ Տվյալ տարածքներ այցելած ճանապարհորդներ Բժշկյանը, Մառը և Կոխը վկայում են, որ այդ շրջանի բնակիչները մուսուլմանացած հայեր են, ովքեր հայերեն են խոսում։

Մեզ այդ հետքերին հետևելու հնարավորություն ընձեռող մեկ այլ աղբյուր են այդ շրջանների տեղանուններն ու տոհմանունները։ Շրջանում դեռևս օգտագործվում են այնպիսի հայկական տոհմանուններ, ինչպիսիք են՝ Գրիգորը, Թիմոշը, Խոզգերը և Մինասը։ Այդ տարածքներում յայլաների, լեռների, գագաթների անունների շրջանում բազում հայկական անուններ են պահպանվել։ Դրանց շարքում կարելի է հիշատակել այնպիսի խորհրդանշական տեղանուն, ինչպիսին «Մատուռն» է։

Մեկ այլ աղբյուր են օսմանյան արխիվներում պահպանված հարկահանության մատյանները, որոնցում առկա են գյուղերում ապրած հարկատուների ցանկերը։ Շրջանի գյուղերում 1600-ական թվականներին հարկատուների անունները հայկական են, իսկ հետագա տարիներին մուսուլմանական անունները հետզհետե ավելանում են։ Որոշ արձանագրություններում հնարավոր է հանդիպել մարդկանց, ովքեր կրում են մահմեդական անուններ, սակայն՝ հայկական հայրանուններ։ Նշենք, որ շուտով այդ արձանագրությունների վերաբերյալ նոր ուսումնասիրություններ են հրատարակվելու։

Ի դեպ, հարկ է արձանագրել, որ հայերեն խոսելը այս տարածքներում արգելված էր, դրա մասին վկայում են թե կատարված դաշտային հետազոտությունները, երբ հարցազրույցի մասնակիցները նշում են, որ իրենք հայերեն չէին խոսում, և թե Լազիստանի մյութեսարիֆ (օսմանյան շրջանում սանջակի՝ մարզի կառավարիչ-Ակունքի խմբ․) Ահմեդ Ֆաիք Գյունդայի հուշերը, որտեղ նա հայտնում է, որ տեղի բնակիչներին անձամբ արգելել էր հայոց լեզվով հաղորդակցվել։

Ըստ էության, երբ այս բոլոր տվյալներն ի մի ենք բերում, նկատում ենք, որ Արևմտյան Համշենի շրջանում հայերենի հետ առնչությունը գյուղերում նույն ժամանակաշրջանում միևնույն ձևով չի արտահայտվել և գյուղից գյուղ տարբեր մակարդակով է դրսևորվել։ Այն դեպքում, երբ որոշ գյուղեր շատ վաղ են լեզուն կորցրել, որոշ գյուղերում լեզուն մինչ օրս պահպանվել է։

Համշենի հայերենը մեր օրերում

Խիստ հիմնավոր տվյալներ կան առ այն, որ անցյալում հայերենը կիրառվել է արևմտյան շրջանում։ Լա՛վ, իսկ այժմ ինչպիսի՞ն է դրությունը այդ առումով։ Այս թեմայի վերաբերյալ ամենաառանձնահատուկ աղբյուրը, ըստ իս, «Թիթեր» անվամբ Հասան Ուզունհասանօղլուի կողմից գրված բառարանն է, որը շատ կարևոր աշխատություն է, քանի որ հազարավոր բառեր է մեկտեղել Համշենի բազմաթիվ գյուղերից։

Ներկայիս դրությունը հասկանալու առումով մեկ այլ աղբյուր կարող է ծառայել սոցիալական մեդիայի հարթակներում Համշենի շրջանի գյուղերի բնակիչների կողմից արված մեկնաբանություններն ու քննարկումները։ Որպես օրինակ կարելի է հիշատակել հետևյալ դեպքը․ Համշենի հայերենի մասին մի բանավեճի ժամանակ Սենոզի շրջանից մի օգտատեր հարցնում էր, թե ինչ է նշանակում իր մորական տատի օգտագործած «Հելարիմ, շատ հելարիմ» արտահայտությունը։ Դրանք լիովին հայկական արտահայտություններ են։ Բացի այդ, այս խոսքի առանձնահատկությունն այն է, որ այն կիրառվել է ոչ թե թուրքերեն նախադասության մեջ՝ որպես բառ, այլ՝ որպես փոքրիկ հայերեն նախադասություն։ Նշենք, որ 1990-ական թվականներին Սենոզի գյուղերում նմանատիպ հայերեն նախադասություններն արձանագրվել են նաև գիտական մեկ ուսումնասիրության մեջ։

Հայերեն խոսող մի ռաշոտցի

Հաճախ է քննարկվել այն հարցը, թե արդյոք մնացե՞լ է Արևմտյան Համշենի որևէ գյուղ, որտեղ դեռ հայերեն են խոսում։ Սակայն մինչ օրս այդ գյուղերում համշեներենով հաղորդակցվելու վերաբերյալ որևէ արձանագրում չկար։ Սոցիալական մեդիայի միջոցով իմացա, որ Յուսուֆ Էյուփօղլուն գրում և խոսում է Համշենի հայերենով, և մի քանի անգամ իրար գրեցինք համշեներենով։ Մեկ-երկու ամիս առաջ վերջապես կարողացանք հանդիպել և առիթ ունեցանք զրուցել մեր մայրենիով։ Հիքմեթ Աքչիչեքի հետ այցելեցինք նրան և նրանից թույլտվություն ստացանք հրապարակել մեր զրույցը։ Այստեղ ցանկանում եմ նրա թույլտվությամբ մի փոքրիկ հատված ներկայացնել սիրելի Յուսուֆ Էյուփօղլուի հետ մեր զրույցից։

Մի ասացվածք Ռաշոտից․ ‘Karğa karğa hine daru nore per’ / «Ագռա՜վ, ագռա՜վ, հինը տա՛ր, նորը բե՛ր»։
Մի անեկդոտ Ռաշոտից․ “‘Ka Vesile, ka ari cebis me me put ere’ («Աղջի՜ Վեսիլե, աղջի՛, արի՛, մի հատ գրպանս նայի՛ր»)։ Մեծ կինը ձայն չի հանում։ ‘Ka ari cebis me me put ere’ («Աղջի՜, արի՛, մի հատ նայի՛ր գրպանս»)։ Գրպանում մի բան կա, որ պիտի գայթակղի մեծ կնոջը։ Վեսիլեն էլ ասում է․ ‘Cebit inç pin ga’ («Ի՞նչ կա որ քո գրպանում»)։
Ռաշոտից մի երկխոսություն․
Հիքմեթ Աքչիչեք- Onunet inçina? (Անունդ ի՞նչ է)։
Յուսուֆ Էյուփօղլու- Onunet inçina, Yusuf a. (Անունդ ի՞նչ է, Յուսո՞ւֆ է)։
Հ․Ա․-Ustetsi es? Vor kağan es? (Որտեղացի՞ ես։ Ո՞ր գյուղից ես)։
Յ․Է․- Vor keğen es? Çayeli Raşoten. (Ո՞ր գյուղից ես։ Չայելիի Ռաշոտից)։
Հ․Ա․- İnç pon g’enes? (Ի՞նչ գործ ես անում)։
Յ․Է․ Firunciluğ g’enim. (Փուռ ունեմ)։
Հ․Ա․- Vor dağ g’abris? (Որտե՞ղ ես ապրում)։
Յ․Է․- Gese keğin, megale es değ İstanboli. (Կեսը գյուղում, մնացածն էլ՝ այստեղ՝ Ստամբուլում)։
Հ․Ա․- İnçbes es betkes ta? (Ինչպե՞ս ես։ Լա՞վ ես)։
Յ․Է․- Kiç me erand im. Kiç me… Hivant çim, erand im. Hivandnuş? Hivandnuş? (Մի քիչ լավ եմ… Հիվանդ չեմ։ Լավ եմ։ Հիվանդանա՞լ։ Հիվանդանա՞լ)։
Հ․Ա․- Ինչպե՞ս եք ասում՝ լավ եմ։
Յ․Է․- Yes erand im. (Ես լավ եմ)։
Հ․Ա․- Իսկ ինչպե՞ս եք ասում՝ դու լավ ես։
Յ․Է․- Tun erand es. Tun erand es te? (Դու լավ ես։ Դու լա՞վ ես)
Հ․Ա․- Իսկ ինչպե՞ս են ասում՝ նա լավ է։
Յ․Է․- En erond e. En el erond e. (Նա լավ է, նա էլ է լավ)։ En el erond mart a. (Նա էլ է լավ մարդ)։
Հ․Ա․-Մենք լավ ենք։
Յ․Է․- Meg yekun erond ik. (Մենք բոլորս լավ ենք)։ Մեք նշանակում է ոչ միայն մեկ, այլև՝ մենք։ «Դուք» ո՞նց էր։
Հ․Ա․- Մենք ասում ենք՝ Դուք։
Յ․Է․- Հա՜, մենք էլ ենք «Դունք» ասում։
Հ․Ա․- Ինչպես եք ասում՝ նրանք լավ են։
Յ․Է․- Ener e erond en. (Նրանք էլ են լավ)։
Ինչպես որպես օրինակ ներկայացրեցինք մեր հոդվածում, լեզվի մասին մեր զրույցի, Համշենի հայերենով ներկայացված անեկդոտների, հանելուկների նմուշների, խաղիկների վերաբերյալ 1-2 ժամ տևած մեր խոսակցության ժամանակ միմյանց կարողացանք հասկանալ Համշենի հայերենով։ Էյուփօղլուն հայտնեց, որ իր նման՝ շուրջ 40 հոգի կարողանում է, իր իսկ արտահայտությամբ, «արմեներեն»-ով հաղորդակցվել, իսկ մոտ այդչափ բնակիչ էլ թեև այլևս չի կարողանում խոսել, սակայն հասկանում է իր մայրենին։
Այս բոլոր տվյալները մատնանշում են, որ արևմտյան համշենցիների մոտ հայերենը զանազան գյուղերում տարբեր ճակատագրի է արժանացել, և որ իրականությանը չի համապատասխանում այն ընկալումը, թե հայերենը վերացել է այս բոլոր բնակավայրերում։ Բացի այդ, ուշագրավ է, որ արևմտյան համշենցիները մեր լեզուն կոչում են ոչ թե համշեներեն, այլ՝ «արմեներեն»։ Հետևաբար՝ այս հանդիպումը նորանոր ծալքեր է բացում Համշենի հայերենի և համշենցիների մասին կատարվելիք ուսումնասիրություններում։

https://jinepsgazetesi.com/2023/07/cayeli-rasotta-yasayan-hemsince/?fbclid=IwAR0mOKlKr7hqHT8CIe_Z0qpijxtXbG9RmSETcORBkUdckfes7n9vcSrtEe8


Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net