Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տրապիզոնում գտնվող 4-րդ դարի հունական Սյումելա հնամենի վանքը, որը ներկայում վերականգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես փակ է այցելուների առաջ, սրբապղծության է ենթարկվել թուրքերի կողմից։ DJ Ահմեդ Շենթերզին իր երաժշտական խմբի հետ մեկտեղ այնտեղ տեսահոլովակ է նկարահանել՝ հատուկ թույլտվություն ստանալով տեղի նահանգապետարանից։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի՝ տեսահոլովակի նկարահանման ժամանակ վանքում էլեկտրոնային երաժշտություն է հնչել, և նկարահանումն ուղեկցվել է պարերի կատարմամբ։ Այս տեսարանը սոցիալական մեդիայում վրդովմունքի տեղիք է տվել։
Սոցիալական հարթակներում կատարված քննարկումների ժամանակ մտահոգություն է հնչել, թե բարձր երաժշտության ձայները ոչ միայն վիրավորանք են հոգևոր արժեքի նկատմամբ, այլ մինչև իսկ կարող են սպառնալիք լինել ու քանդել հինավուրց վանքի դարավոր պատերը։
Ինչ վերաբերում է սույն նախագծի հեղինակ DJ Ահմեդ Շենթերզիին, ապա վերջինս փորձել է արդարանալ՝ ասելով, թե այս նախագծի միջոցով իրենք փորձել են աշխարհին այլ տեսանկյունից ներկայացնել Սյումելա վանքը։
Հիշեցնենք, որ Տրապիզոնի Մաչքա գավառում գտնվող և 4-րդ դարի վերջերին կառուցված Սյումելա հունական վանքը 2010 թ․ վերաբացվել է որպես թանգարան, և թուրքական իշխանություններն թույլ են տվել այնտեղ տարեկան միայն մեկ անգամ պատարագ մատուցել։
Ի դեպ, այս դեպքը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ մոտեցում ունեն թուրքական իշխանությունները և թուրք հասարակությունը այլ կրոնների հոգևոր արժեքների նկատմամբ։ Մի քանի տարի առաջ էլ թուրքերը նորաձևության ցուցադրություն էին կազմակերպել Անիի հայկական եկեղեցիներում։ Նման դեպքերն ամեն անգամ հիշեցնում են, որ այլ հավատքների սրբավայրերը թուրքական իշխանության և հասարակության համար միայն որպես զբոսաշրջություն զարգացնելու վայր են դիտարկվում։ Նման վերաբերմունքը երբեմն էլ դրսևորվում է տվյալ կրոնը դավանող փոքրամասնության հոգևոր զգացմունքները վիրավորելու դիտավորությամբ․․․
Մելինե Անումյան
Akunq.net