կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-01 12:39
Աշխարհ

Այսօր 5-ամյա վերանորոգումից հետո Տրապիզոնում կվերաբացվի Սյումելայի հունական տաճարը

Այսօր 5-ամյա վերանորոգումից հետո Տրապիզոնում կվերաբացվի Սյումելայի հունական տաճարը

Այսօր, 5 տարի տևողությամբ վերականգման աշխատանքներից հետո, նախատեսվում է վերաբացել Տրապիզոնի Մաչկա գավառում գտնվող Սյումելայի հունական տաճարը։

Այս մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերանորոգվել է այս հնամենի ժայռափոր եկեղեցու 90 տոկոսը, այդ թվում՝ նրա 10 մատուռները, զանգակատունը, հյուրատունը, քահանաների և սարկավագների սենյակները և այլ նմանատիպ շինություններ։

Տրապիզոնի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության տնօրեն Մուստաֆա Ասանը նշել է․ «Այցելուների առաջ կբացվեն մինչ այդ փակ եղած հատվածներ։  Մանր-մունր աշխատանքներ են մնացել, սակայն դրանք չեն անհանգստացնի այցելուներին»։

Հիշեցնենք, որ պատմական Պոնտոսում, իսկ ներկայում՝ Թուրքիայի Տրապիզոն նահանգի Մաչկա գավառի Ալթընդերե հովտում գտնվող Սյումելա վանքը, ըստ ավանդության, հիմնվել է բյուզանդական կայսր Թեոդոսիոս Ա-ի (375-395) օրոք, Աթենքից այստեղ ժամանած երկու հոգևորականների կողմից, իսկ 6-րդ դարում Հուստինիանոս կայսրը պահանջել է նորոգել և ընդարձակել այս հոյակերտ ժայռափոր տաճարը։

18-րդ դարում Սյումելա վանքի բազմաթիվ հատվածներ են նորոգվել, իսկ պատերի մի մասը զարդարվել են մանրանկարներով։ 19-րդ դարում տաճարին հավելվել են մի շարք կառույցներ, և այս դարաշրջանում վանքն ապրել է իր ամենափայլուն շրջանը։

Սյումելայի տաճարը լքվել ու դատարկվել է 1923 թ․, իսկ 88 տարի անց, 2010 թ․ թուրքական իշխանությունները վերաբացել են տաճարը, որտեղ այդուհետև ամեն տարվա օգոստոս ամսին մեկանգամյա պատարագ էր մատուցվում, ճիշտ այնպես, ինչպես՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում։

https://www.cumhuriyet.com.tr/haber/sumela-manastiri-5-yil-sonra-aciliyor-1848618

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net