կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 14:37
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ի նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական, թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը. ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի հայտարարությունը

ԿԳՄՍՆ-ի նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական, թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը. ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի հայտարարությունը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ ամբիոնի նիստի որոշումը՝ ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի ստորագրությամբ, որը Yerkir.am-ը ներկայացնում է ստորև. 

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի մշակումն ու ուսումնական գործընթացի մեջ ներառումն այսօր իսկապես կարևոր խնդիր է, որն անհրաժեշտ է իրականացնել պատմական հավաստի սկզբնաղբյուրների, նորահայյտ փաստերի, դրանց հիման վրա տասնամյակներ շարունակ հայ և այլազգի առաջատար ու մեծանուն պատմաբանների, արևելագետների, լեզվաբանների, հնագետների և ազգաբանների մշակած գիտական հիմնարար աշխատությունների, թեզերի ու հիմնադրույթների օգտագործումով` ներառելով նաև առարկայի դասավանդման արդի մեթոդներ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Ուզում ենք կարծել, որ հենց այդպիսի նպատակ են փորձել որդեգրել նաև «Հայոց պատմություն» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի քննարկման ներկայացված նախագծերի հեղինակները: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ հապշտապ, մեկուսի, հավակնոտ, ինչ-որ տեղ ինքնագլուխ կերպով կազմված նման «հայեցակարգի» բացթողումներն այնքան ակնհայտ են, որ խնդիրն իրականացնելու համար մասնագիտական խորը գիտելիքներ, երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ և պատմական իրադարձություններն ու անցքերը հաջորդաբար հայեցի շարադրելու հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման ու խորհրդատվության առաջնահերթ կարիք ունեն: Հայեցակարգերում, հատկապես «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի պարագայում, բացարձակապես հաշվի առնված չեն սովորողների տարիքային առանձնահատկությունները: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակները բազմաթիվ անհասկանալի և խրթին ձևակերպումներով, փորձել են ստեղծել մի խառնաշփոթ՝ նպատակ ունենալով հակակրանք ստեղծել առարկաների նկատմամբ: Այնինչ՝ պետք է լիներ հակառակը:

Չխորանալով և չկենտրոնանալով սույն «հայեցակարգերում»-ում ներկայացված վիճելի և/կամ անստույգ յուրաքանչյուր արտահայտության, եզրույթի, մեկնաբանության և ձևակերպման վրա, ինչը մի-քանի տասնյակ (իսկ մանրամասն ու հիմնավոր քննարկան պարագայում նաև մի-քանի հարյուր) էջ տեքստ կներառեր, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատակիցները (այդ թվում՝ 2 ակադեմիկոսներ, պատմական գիտությունների 6 դոկտորներ և 10 թեկնածուներ) միաձայն գտնում են, որ ներկայացված նախագիծը կազմված է հապճեպ, միակողմանի և մասնագիտական լուրջ վերամշակման ու հիմնովին վերաշարադրման կարիք ունի: Այն չի համապատասխանում իր գլխավոր նպատակին, ապագայում այս չափորոշիչների հիման վրա գրվելիք դպրոցական դասագրքերը չեն կարող սեր առաջացնել առարկայի նկատմամբ և աշակերտին տալ համակողմանի գիտելիքներ: Քննության ներկայացվող նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական և թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը, որոնց հաշվի չառնելու դեպքում անհնար է ստեղծել հաջողված դպրոցական դասագիրք: Ըստ որում առաջնահերթ պահանջ է, որ նախագիծն իրականացնող խումբը համալրվի Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների պատմաբան-մեթոդիստներով և ազգաբաններով, ինչպես նաև փորձառու մանկավարժներով:

ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյան

28. 07. 2020 թ.