կարևոր
5887 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-01 11:12
Քաղաքական

Կևորկովի 3 բառից 2-ը Հ. Ալիևն էր, նրա գովքը. «դաշնակցական» ակադեմիկոսի բացառիկ հուշերը

Կևորկովի 3 բառից 2-ը Հ. Ալիևն էր, նրա գովքը. «դաշնակցական» ակադեմիկոսի  բացառիկ հուշերը

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի անչափ հետաքրքրական հուշերից մեկը, տպագրված Լրաբեր հասարակական գիտությունների հանդեսում (թիվ 3, Երևան, 2010):

Խորհրդային տարիներին Հայաստանի Խորհրդային Հանրապետության ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Առաքելյանը հաճախ էր այցելություն կազմակերպում Լեռնային Ղաղաբաղի Ինքնավար Մարզ: 1976 թ. հոկտեմբերի վերջերին ինստիտուտի չորս աշխատակից, այդ թվում նաև տողերիս հեղինակը, գնացինք Ստեփանակերտ` դասախոսություններ կարդալու: Մենք ծանոթանում էինք տեղի իրավիճակին, խորհուրդներով օգնում ղեկավարությանը և կարդում էինք դասախոսություններ: Ամեն ինչ ընթանում էր հաշտ ու համերաշխ՝ բարեկամական մթնոլորտում: Մեկ անգամ էլ դասախոսություն կազմակերպվեց Ստեփանակերտի մարզկոմի առաջին քարտուղար Կևորկովի օրոք, որն այնքան էլ խաղաղ չանցավ: Մարզկոմի քարտուղարը Ա. Առաքելյանի հեռախոսազանգին պատասխանեց, որ այդ օրը չի կարող ընդունել մեզ: Հաջորդ օրվա զանգին պատասխանեց, որ կարող է ընդունել միայն երեկոյան: Նույնը` չորս օր անընդհատ: Չորրորդ օրը Ա. Առաքելյանն ասաց.

- Կզեկուցես ինքդ, ընդունելությունը կլինի վաղը:

Բայց «վաղն» էլ չընդունեց: Բաքվից համաձայնվել էին զեկուցում կարդալու համար թույլատրել միայն ակադեմիկոսին և դոկտորին: Հետեվաբար, թեկնածուները զեկուցում չպետք է կարդային: Ակադեմիկոս Առաքելյանը հանդես եկավ ԱՄՆ-ում կատարած իր այցի մասին հուշերով, մեկ օր հետո դասախոսություն կարդաց ԽՍՀՄ տնտեսագիտության մասին2 . Հայաստանի մասին ոչ մի խոսք, քանի որ այդպես էր հրահանգված: Ես մանկավարժական ինստիտուտում ելույթ ունեցա խիստ ճնշման տակ. նախապես հիշեցրել էին, որ Հայաստանի բնակչության մասին հարկ չկա ծավալվել և պետք է խոսել ադրբեջանաբնակների ու նրանց գործունեության մասին: Թույլատրվեց խոսել ընդամենը 15 րոպե, հարցեր չեղան: Հաջորդ օրը, առավոտյան Կևորկովը Առաքելյանի զանգին պատասխանեց, որ շաբաթ օրը, երեկոյան ժամը 7-ին կարող է ընդունել:

Ընդունարանում մոտավորապես 40 րոպե սպասեցինք, հետո չորսիս էլ ընդունեց: Խոսակցությունը ռուսերեն էր: Ուրախությամբ հայտնեց, որ ինքը այս էլ երրորդ հայ ակադեմիկոսին է հանդիպում (Մ. Ս. Խաչատուրով, Անուշավան Արզումանյան և Ա. Ա. Առաքելյան): Անցանք խոսակցության բուն նյութին: Մայիսին եղել էր ԼՂԻՄ-ի կուսակցական կենտկոմի պլենումը, և զգալի թվով պատանիների կալանքի էին վերցրել ու դատի տվել: Այդ մասին ինձ հայտնի էր Ղարաբաղի թերթերից, բայց ես լռում էի: Ոգևորված Կևորկովը վերամբարձ տոնով խոսք բացեց պլենումի մասին` հիշատակելով.

- Ստեփանակերտում որոշ երիտասարդներ, հատկապես պատանիներ, ազգայնամոլական տրամադրություններով են լցված, և պլենումում նրանց հախից եկանք:

Ես, իբր թե այդ պլենումի մասին ոչինչ չիմանալով, վրա բերեցի.

- Այդ ի՞նչ պլենում է, այդ ի՞նչ երիտասարդության մասին է խոսքը:

Նա պատասխանեց.

- Մեր երիտասարդության «ազգայնամոլությունն» այն է, որ նրանք գիշերները «չերդակներում» կարդում էին Սողոմոն Թեհլիրյանի բեռլինյան դատավարության մասին գիրքը, որն արգելված է: Մենք նրանց դատի տվեցինք:

Ես ասացի.

- Իզուր եք այդպես վարվել:

- Խոսքը ոչ թե Թալեյրանի,- նա զայրացած ինձ նայեց,- այլ դաշնակցական տեռորիստ Սողոմոն Թեհլիրյանի մասին է, որը Բեռլինում դարանակալ սպանեց Թալեաթ փաշային:

- Ես գիտեմ, կարդացել եմ այդ գիրքը, շատ էլ լավ արեց, որ սպանեց Թալեաթ փաշային,- ասացի ես:- Այսօր երիտասարդությունն այդ մասին պետք է տեղեկանա:

- Ի՞նչ է, Դուք դաշնակցական ե՞ք,- առանց այլևայլության վրա բերեց նա:

- Ես կոմունիստ եմ, և Թալեաթի նման սրիկաներին, ոճրագործ մարդակերներին սպանելը իրոք հերոսություն է,- ասացի ես:

- Մինչդեռ պետք էր ծանոթանալ մեր պլենումի երկու ստվար հատորներով արձանագրություններին ու իմ զեկուցմանը:

Բերել տվեց պլենումի երկհատորանոց սղագրությունը` ասելով.

- Տեսե՛ք, Թալեաթի մասին ես ասել եմ, որ նա վատ մարդ է:

Ես էլի ինձ զսպել չկարողացա.

- Թալեաթը ոչ թե վատ մարդ, այլ արյունարբու գազան էր, հայ ժողովըրդի ոճրագործ հրեշը, որը գլխավորեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը. նա է ասել` թողնել մեկ հայ, այն էլ թանգարանի համար: Մայիսյան պլենումում գարնանացանի ընթացքի մասին հարցը քննարկելու փոխարեն, քննարկում եք Թալեաթի՞ հարցը: Կենտկոմը տեղյա՞կ է դրանից:

- Այո, տեղյակ է:

- Չի կարող պատահել, Ադրբեջանի կենտկոմը կարող է տեղյակ լինել, իսկ ԽՄԿԿ կենտկոմը` հազիվ թե,- ասացի ես,- Դուք սխալ եք վարվել` երիտասարդությանը հալածելով:

Այստեղ նա անզուսպ կերպով ինձ անվանեց «դաշնակցական»: Ինչպես երևում էր, «դաշնակցականը» նրանց բերանի անարգական խոսքն էր: Ես վեր կացա: Բայց նա, նկատելով իմ վճռականությունը, բազուկիցս բռնելով, գրեթե մեղմաբար, խնդրեց ու հորդորեց նստել: Սկսվեց Ղարաբաղի տնտեսական զարգացման մասին նրա ելույթը, միաժամանակ` Հեյդար Ալիևի գովքը: Յուրաքանչյուր երեք բառից երկուսը Հեյդար Ալիևն էր, նրա հոգատարությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ապա ասաց, որ ինքը Հայաստանից ոչինչ չի ակնկալում, թե ինքն իրեն կարող է շատ լավ սպասարկել: Հետո բերեց մեկ օրինակ. իրենց պետք էին քարհատ մեքենաներ, և դրանք բերեցին Միջին Ասիայից:

- Հայաստանը քարհատ մեքենաներով առաջին հանրապետությունն է,- ասացի ես:

- Գերադասեցինք Միջին Ասիան,- եղավ Կևորկովի պատասխանը:

Ապա սկսեց խոսել Աղդամ-Ստեփանակերտ երկաթգծի շինարարության մասին, որով Հ. Ալիևը շատ էր շահագրգռված:

- Պատին Խորհրդային Միության քարտեզն է,- ասացի ես,- կգտնե՞ք թեկուզ մեկ մարզ, որ երկաթգծով կապված չլինի կենտրոնի հետ, բացի Ստեփանակերտից:

Հարցը չլսելու տվեց և շարունակեց.

- IX հնգամյա պլանում Աղդամ-Ստեփանակերտ երկաթգծի մասին խոսք չկար: Հեյդար Ալիևը ինձ հանձնարարեց, որ այդ մասին խոսեմ ԽՍՀՄ պետպլանի նախագահ Բայբակովի հետ, ավելացնելով, որ եթե վերջինս չհամաձայնվի, ապա Բայբակովին ասեք, որ Հեյդար Ալիևը խնդրել է միջոցներ տրամադրել Ադրբեջանի հաշվին: Այդպես էլ եղավ: Այն մտավ IX հնգամյա պլանի մեջ: Բայց չկառուցվեց:

Հետո անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցին: Ես ասացի, որ այն Մեծ Հայքի 12-րդ նահանգն էր: Իսկ նա պնդում էր՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին երբեք չի պատկանել և նշեց, որ Հայաստանը հաճախ է օտար նվաճողների ձիերի սըմբակների տակ ոտնակոխ եղել, իսկ Ղարաբաղը և Զանգեզուրը՝ երբեք: Ապա շարունակեց.

- Մեկ ամիս առաջ ինձ մոտ էր Սերո Խանզադյանը: Նա ևս ձեզ նման պնդում էր այդ մասին, բայց այստեղից գնաց լրիվ փոխված:

Դրսում ակադեմիկոս Առաքելյանը գովեց իմ խիզախ քայլը: Միաժամանակ ինձ խնդրեց, որ այդ մասին Երևանում ոչ մի ակնարկ չանեմ, քանի որ լուրը կհասնի Կևորկովին, և նա հաշվեհարդար կտեսնի հայ բնակչության, մասնավորապես պաշտոնատար անձանց հետ:

Այդպես, որոշեցինք Երևանում այդ միջադեպի մասին ոչ ոքի ոչ մի խոսք չասել:

Անցան ամիսներ: Ձմռան մի երեկո զբոսնում էինք Մ. Նալբանդյանի արձանի շրջակայքում: Ինձ հանդիպեց համալսարանի պրոֆեսոր, ժուռնալիստ, ծնունդով ղարաբաղցի Սմբատ Ավագյանը: Նա առանց այլևայլության ինձ համբուրեց: Ես զարմացա` ինչի՞ համար: Հիշատակեց Կևորկովի հետ հանդիպումը և իմ պահվածքը:

Ես հարցրեցի.

- Չէ՞ որ այդ մասին մենք ոչ ոքի որևէ բան չենք ասել, Դուք որտեղի՞ց գիտեք դա:

- Ի՞նչ է, միայն Դո՞ւք էիք այնտեղ,- պատասխանեց նա:

Ես հիշեցի մարզկոմի` գաղափարական գծով քարտուղարին, որը պաշտպանում էր Կևորկովին:

Պրոֆեսորը նկատեց.

- Քեզ թվում է, թե Կևորկովին էր պաշտպանո՞ւմ. համակրանքը քո կողմն էր: