կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-12 13:35
Տարածաշրջան

Բռնապետ պարոն Ալիևն իսկական պարոն Ալիևն է. The New York Times

Բռնապետ պարոն Ալիևն իսկական պարոն Ալիևն է. The New York Times

Հայտնի The New York Times պարբերականը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության մասին քննադատական հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք մի շարք կրճատումներով:

 

«Պարոն Ալիևի երկու երեսը» վերնագրված հոդվածում ասվում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վարպետորեն խաղում է քաղաքական Ջեքիլին եւ Հայդին: Բաքվում ԱՄՆ դեսպանն իր հաղորդագրություններում նկարագրում է նրան որպես Մայքլ Կորլեոնե և Սանի Կորլեոնե՝ համեմատելով նրան մաֆիայի մասին պատմող «Կնքահայր» ֆիլմի հերոսների` սառնասիրտ եւ դաժանությամբ հայտնի եղբայրների հետ:

 

Պարոն Ալիևն Արևմուտքի կողմից հիացմունքի արժանի «արևմտամետ է», նա հարգալից է, լավ հագնված և խոսում է անգլերեն: Պատրաստ է Եվրոպա եւ Իսրայել ուղարկել իր երկրի նավթի ու գազի պաշարները: Ալիևի իսլամական հայացքները հավասարակշիռ են և ժամանակակից, նա հյուրընկալում է միջազգային միջոցառումներ, օրինակ` 2012 թվականի «Եվրատեսիլը»  և այս տարվա հունիսին կայանալիք Եվրոպական խաղերը: Սակայն նա չափազանց կոռումպացված է, իսկ նրա կողմից ղեկավարվող ավտորիտար ռեժիմը, աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման առումով, ամենավատ համբավն ունի»:

 

Պարբերականը նաև հիշեցնում է Ադրբեջանում նախորդ տարի անկախ մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեմ սկսված արշավի մասին, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի խուզարկությունը եւ ռադիոկայանի աշխատակիցների ձերբակալությունն ու հարցաքննությունը, «Ազատության» լրագրող Հադիջա Իսմայիլովայի դեմ սկսված հետաքննությունը, ինչպես նաև իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դեմ մեղադրանքները և այլն:

 

Հոդվածը եզրափակվում է հետևյալ տողերով. «Արևմուտքը պետք է հասկանա, որ բռնապետ պարոն Ալիևն իսկական պարոն Ալիևն է: Մինչ նա խստացնում է իր արշավը քաղաքական ընդդիմախոսների և ազատության դրսևորումների դեմ, այսուհետ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է հստակեցնեն, անկախ այն բանից, որ ստիպված են բիզնես վարել Ադրբեջանի հետ, որ Արեւմուտքը պատրանքներ չունի, թե ով է նա և վնաս է հասցնում սեփական երկրին»: