Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մայրենի լեզվի միզազգային օրն է: Ներկայացնում ենք Պարույր Սեւակի «Պահպանենք եւ հարստացնենք մեր մայրենին» հոդվածը:
***
Սակավ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբության սրբոցը մայրն է, այս պատճառով էլ ամենանվիրական բաները առնչում են մորը` Հայրենիքը կոչելով «մայր», լեզուն` «մայրենի» Ճիշտ է, պատահում են նաև «մոր ծիծ կտրողներ», բայց ընդհանրապես մայրը հարուցել ու հարուցում է անշահադետ հոգածություն, բոլորանվեր խնամք, բնաբուխ փայփայանք: Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր ու մայրախնամ զավակները` սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչև Նարեկացի ու Շնորհալի, Դուրյան ու Րաֆֆի, Վարուժան ու Չարենց: Սովետական իշխանության չորս տասնամյակներում այդ հոգատարությունը վիթխարի չափեր է ստացել և տվել այնպիսի արդյունքներ, որոնք բերկրանք են հարուցում մեր բարեկամների սրտերում: Չխոսենք մեր դպրոց-ուսումնարանների թվից ու գրքերի տպաքանակից, ինչպես նաև Պետական համալսանից ու Գիտությունների ակադեմիայից:
Բավարարվենք հիշելով, որ անցած քառասուն տարում հայրենիք վերադարձավ, վերջապե՜ս, և հայրենի կտուրի տակ բնակվելով բարգավաճեց հայագիտությունը, որ տարափոխիկ թռչունի պես ապաստանել էր օտար բներում` Վենետիկում և Մոսկվայում, Վիեննայում և Թիֆլիսում, Պոլսում և Բաքվում: Այս խնամակալ և հոգածու վերաբերմունքի վառ հենքի վրա առավել սև է երևում հյուսվածքի այն շերտը, որ գործվեց անհատի պաշտամունքի մռայլ տարիներին, ձեռքերով այն մարդկանց, որոնց մեղքը նույնքան աններելի է, որքան բացատրելի: Այդ օրվանից անցել են տարիներ, պատշաճ և անպատշաճ շատ առիթներով հայ մտավորականությունը բազմիցս վերադարձել է այս ցավոտ խնդրին, խոսվել է գրավոր ու բանավոր: Վերջերս էր, որ նոր մի սրությամբ այս հարցը դրվեց և՛ համալսարանում ու ակադեմիայում` հայագետների կողմից, և՛ Գրողների տանը` գրողների բերանով, և՛ Հանրապետական ակտիվի խորհրդակցության ժամանակ` Վ. Համբարձումյանի զորավոր շուրթերով: Եվ, վերջապես, բազմահազար ռադիոունկնդիրների առաջ իր ձայնը հնչեցրեց մեր սիրելի ավագ ընկերը` անվանի բանաստեղծ Գեղամ Սարյանը, որի բանավոր խոսքը նաև գրավոր դարձավ «Սովետական դպրոց» լրագրում: Դժվար է բան ավելացնել Գ. Սարյանի «Խոհեր մայրենի լեզվի մասին» հոդվածին:
Դժվար է, որովհետև այնտեղ ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ պատճառաբանված ու հիմնավորված: Բայց դժվար է նաև չարձագանքել այդ հոդվածին: Դժվար է, որովհետև հասել է ժամանակը, որ վերջ տրվի այս խոսակցությանը, այսինքն` խոսքը դառնա գործ: Ամենից առաջ ուզում եմ ասած ու շեշտած լինել, որ մտահոգություն է հարուցում ոչ միայն բառերի այն խումբը, որ արհեստականորեն սոսնձվեց մեր շուրթերին, այլև այն վրդովեցուցիչ երևույթը, որ ծայր առավ ու գնալով ծավալվեց այդ սոսնձումից հետո` ստանալով մի տեսակ վահան ու թիկնապահություն: Բայց քանի որ խոսքը բացվել է այդ բառախմբի առիթով, դրանից էլ սկսենք: Հրամանագրով մեր լեզվին փաթաթված այդ եվրոպական բառերից և ոչ մեկը չունի գեթ ամենաչնչին առավելություն մեր բնիկ բառերի հանդեպ` ո՛չ ստուգաբանությամբ, ո՛չ հասկանալիությամբ, ո՛չ էլ ճկունությամբ: Ավելին. այդ բառերը բնիկներին զիջում են և՛ ստուգաբանությամբ, և՛ հասկանալիությամբ, և՛ ճկունությամբ: Համեմատենք, դիցուք, «ռևոլյուցիան» «հեղափոխության» հետ: Նախ և առաջ` «ռևոլյուցիան» «հեղափոխությանը» զիջում է ստուգաբանորեն: Նրա լատինական արմատը նշանակում է «շուռ տալ, դարձնել» (նաև` «ետ շուռ տալ, ետ դարձնել») Հայերեն բառը պարունակելով այս առումը` ունի նաև ավելի լայն իմաստ, քանի որ «հեղել» («յեղուլ») բայը նշանակում է ոչ միայն «շրջել», «շուռ տալ», ոչ միայն «փոխել, փոփոխել», այլև «դարձնել, վերածել մեկ այլ բանի, մի որակից մի այլ որակ ստեղծել» «Ռևոլյուցիան» չի կարող հայերենում «հեղափոխության» հետ մրցել նաև ճկունությամբ: Հեղափոխությունը` ռևոլյուցիա, հեղափոխական միտքը` ռևոլյուցիոն (հայերենով` ռևոլյուցիոնական) միտք, հեղափոխական մարդը` ռևոլյուցիոներ, իսկ հեղափոխականները` ռևոլյուցիոներներ:
Բայց ինչպե՞ս թարգմանենք «հեղափոխիչը» Նորի՞ց «ռևոլյուցիոն» Հապա նաև` հեղափոխականություն, հեղափոխականացում, հեղափոխականացնել, հեղափոխականանալ, հեղափոխականորեն, հեղափոխել, հեղափոխվել, հեղափոխում և այնուհետև` հեղափոխարար, հեղափոխատյաց, հեղափոխամոլ, հեղափոխաշունչ և այլն, և այլն` իրենց ժխտականներով և հավաքական ածանցումով Այս և այսօրինակ բազմաթիվ այլ բառեր կկրկնապատկվեն «հակա» կամ «ան» ժխտականով, ինչպես նաև «ություն» վերջածանցով, և այս մեկ հատիկ բառի ածանցումն ու բարդումը կտա հարյուրից ավելի նոր բառ: Փորձենք այս բառերը փոխարինել «ռևոլյուցիա» բառի ածանցումով կամ բարդումով և ճակատով կբախվենք այն մետաղե պատին, որ կոչվում է անհնարինություն` առաջացնելով մի զնգոց, որ լսել է պետք: Արձանագրենք նաև այն նշանակալի իրողությունը, որ 20-30-ական թվականներին այնքան երգված ու փառաբանված հեղափոխությունը հետագայում համարյա ի սպառ չքացավ մեր սովետահայ բանաստեղծությունից` լոկ այն պատճառով, որ «ռևոլյուցիան» ու նրա ածանցումները բանաստեղծական տողի մեջ իրենց պահում են այնպես, ինչպես մախաթը պարկի մեջ. ո՛չ շեշտի տակ են ընկնում, ո՛չ չափ ու կշռույթի... Այսպիսի արդյունք կստացվի, եթե մենք շարունակենք մեր բնիկ բառերի համեմատությունները եվրոպական «պարտիա», «ռեսպուբլիկա», «կոնստիտուցիա», «դելեգատ», «դեպուտատ» և մյուս բառերի հետ: Հրամանագրված բառերից իր գոյությունն արդարացնել կարող է միայն մեկը` «սովետը»:
Մեր «խորհուրդը», անշուշտ, իր մեջ տեղակայում է ռուսական «совет»–ը և կարող է կատարել նրա դերը, ինչպես որ կատարել է երկար տարիներ` մինչև «սովետի» ընդունումը: Բայց «սովետը» մի բառ է, որով արտահայտվում է պետական նոր կարգ, կառավարության նոր տիպ, կառավարչության նոր եղանակ, որ ծնվեց ռուսական հեղափոխությունից և կիրառվեց Ռուսաստանում: Այսօր արդեն նույնիսկ ռուսները «совет» ասելիս առաջին հերթին հասկանում են պետական նոր կարգ, իսկ աշխարհի մյուս բոլոր ժողովուրդների գիտակցությամբ սովետը բնավ էլ կարծիք չէ, որ թելադրվում է ուրիշներին, կամ մարդկանց ժողով չէ` մի բան որոշելու համար, այլ միայն ու միայն պետական նոր վարչաձև, կառավարման նոր կարգ: Այս նկատառումով էլ` քննության առարկա դարձած օտար բառերից միայն «սովետն» է, որ բեռ չի դառնում մեր լեզվի համար, ինչպես նաև չի աղքատացնում մեր լեզուն Օտար բառերի կիրառման խնդրում ամենից ավելի պիտի գործի կշռադատության օրենքը և ոչ երբեք օրենքը թույլ դիմադրության կամ ինքնահոսի: Եթե գործեր կշռադատության նվազագույն պահանջը, մի՞թե մենք մեր լեզվի մեջ տեղ կտայինք այնպիսի բառերի, ինչպիսիք են, օրինակ, «պարկը» (զբոսայգին) և «ցեխը» (գործարանի բաժանմունքը): Ռուսը կարո՞ղ էր փոխ առնել այդ բառերը, եթե դրանք նույնանիշ լինեին «мешок» և «грязь» բառերին: Մինչդեռ մենք օրական մեկ անգամ չէ, որ կարդում ենք. «Ցեխի պլանը չի կատարվում... ցեխը հիանալի արտադրանք է տալիս... ցեխի աշխատողները... ցեխի պատիվը... ցեխի նորարարները...ցեխի ղեկավարները…»:
Գոնե այդ «ցեխի աշխատավորները», որ բազմահազար են և ներկայացնում են մեր բանվոր դասակարգը, և «ցեխի ղեկավարները», որ հարգարժան մարդիկ են, գոնե սրանք հանուն իրենց «ցեխի պատվի» «բառադուլ հայտարարեն»` ազատվելու համար այս ականջ խցող և միտք ցեխոտող «ցեխ» բառից, որի դերը հեշտ ու հանգիստ կարող են կատարել մեկից ավելի դերակատարներ: Այստեղից էլ վերադառնանք մեր այն գլխավոր մտքին, որ մի խումբ բառերի հրամանագրումը ինքնին չարիք էր, բայց ոչ աղետ: Աղետավորն այն է, որ հրամանագրումով վահանավորված` ասպարեզ է ներխուժել բառերի մի այնպիսի խուժդուժ բազմություն, որին հին հույները կոչում էին «բարբարոս», հին հայերը` «խուժան»: Օտար բառ գործածելը դարձել է մի տեսակ կիրթ լինելու, զարգացածության, խելքի նշան, կարծես թե թասակի տեղ` գլխարկ, գլխարկի տեղ շլյապա դնելով, պիտի փոխվի գլուխը կամ նրա պարունակությունը: Եվ այս վարակը տարածված է ոչ միայն մտավորականության զանազան շերտերի մեջ, այլև գրականագետների և գրողների բնագավառում էլ: Գեղագիտական և գրականագիտական բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են լույս տեսնում, որոնց հեղինակները միամտություն ունեն կարծելու, թե խելոքի տպավորություն կթողնեն, եթե գեղագիտության փոխարեն ասեն էսթետիկա, քնարերգության փոխարեն` լրիկա: Այսպես էլ` ոչ թե արձակ ու արձակագիր , այլ պրոզա և պրոզայիկ, ոչ թե թատերագրություն ու թատերագիր, այլ դրամատուրգիա և դրամատուրգ, ոչ թե մենախոսություն և երկախոսություն, այլ մոնոլոգ ու դիալոգ, ոչ թե հույզ, այլ էմոցիա, ոչ թե գլխավոր, այլ կարդինալ, ոչ թե սկզբունք, այլ պրինցիպ, ոչ թե առաջադիմական և պահպանողական, այլ պրոգրեսիվ և կոնսերվատիվ, ոչ թե ամսագիր կամ հանդես, այլ ժուռնալ, ոչ թե գաղափար ու գաղափարախոսություն, այլ իդեա ու իդեոլոգիա, ոչ թե... ոչ թե... ոչ թե երգիծանք ու երգիծաբան, այլ սատիրա ու սատիրիկ... Ակա՜նջդ կանչի, Պարոնյա’ն: Հիշու՞մ եք. թե նա ինչպես է բնորոշել Գրիգոր Արծրունուն. «Ինդուկտիվ խմբագիր դեդուկտիվ «Մշակի»: Նկատի առնելով մեր լրագրերի լեզուն` կարո՞ղ ենք ասել, թե պակասել են «դեդուկտիվ» լրագրերի «ինդուկտիվ» խմբագիրներն ու աշխատակից-թղթակիցները: Լուսահոգի Պարոնյանը հանգուցյալ Արծրունու լեզվի մասին խոսելիս բերել է մի հեռագիր. «Րեյնալ պատերազմական մինիստրին պախարակեց, որ խիստ մեծուրաներ չգործադրեց սենատորի մը դեմ, որ լեքիդիմական ցուցմունքներ առավ: Կապինետը կամենում է դեմիծիոնե տալ: Բյուդժեյի սոմաները ընդունված են սենադից. եպիսկոպոսների կրեդիտը մերժեց և ժողովի սեսիան փակված է հայտնում: Բյուլըդենը կծանուցանե, թե կայսրուհին պլեվրիտ ունի» Պարոնյանի ժամանակներում այս քաղվածքը, անշուշտ, հոմերական քրքիջ է առաջացրել ընթերցողների մեջ: Իսկ հիմա մեր ծիծաղը չի էլ գալիս, որովհետև վերջին երկու տասնամյակում մենք արդեն վարժվել ենք այն լեզվական խառնափնթորությանը, որ Լենինը կոչել է «ֆրանսնիժեգորոդյան բառագործութուն», իսկ մեզ համար հարմար կլինի կոչել «քյ՜ավառա—մոսկովյան»: Այս դատապարտելի վիճակին ենք հասել, կրկնում ենք, որովհետև օտար բառերի գործածությունը դարձել է մի տեսակ կիրթ լինելու, զարգացածության, խելքի նշան, մինչդեռ դա պիտի ընկալվի իբրև տգիտություն, կիսագրագիտություն, մտավոր խեղճություն, որովհետև որևէ լեզվով քիչ թե շատ կարգին (ուրեմն նաև` մաքուր) խոսել չկարողանալը այլ բան չի նշանակում: Չենք կարծում, թե կգտնվեն «ջուր պղտորողներ» և կաշխատեն «ձուկ որսալ»` մեզ հասկանալով այնպես, թե մենք ընդհանրապես դեմ ենք օտար բառի ընդունմանն ու գործածությանը:
Մենք հայոց լեզվի պատմությանը տեղյակ ենք գոնե այնքան, որ գիտենք փոխառությունների չափը մեր լեզվի ընդհանուր կշռի մեջ: Բայց լեզվին կշիռ է պետք և ոչ թե բեռ: Բոլոր ժողովուրդներն էլ բառափոխանակություն կատարել ու կատարում են: Բայց փոխանակություն կատարելիս ամեն մարդ վերցնում է այն, ինչ պակասում է իրեն, ինչի կարիք է զգում: Այսպես են վերցնում նաև բառերը: Եթե անհրաժեշտ են դրանք` հարստացնելով գեղեցկացնում են, իսկ եթե ավելորդ են` խճողելով այլանդակում են տվյալ լեզուն, չեն ավելացնում նրա կշիռը, այլ ծանրացնում են նրա բեռը: Հայոց լեզուն դարեր շարունակ բարգավաճել է ոչ միայն իր սեփական միջոցներով, այլև հարստացել է անհրաժեշտ փոխառություններով: Այսօր էլ շարունակվում է նույնը: Միայն վերջին քառասնամյակին մեր լեզուն ընդունել ու մարսել է հարյուրավոր նոր բառեր, որոնցով, իրոք, նա ավելացրել է իր կշիռը: Մեր արագընթաց դարը ամեն օր ծնում է նոր երևույթ, գիտության նոր ճյուղ, մեզ շրջապատում նոր առարկաներով ու իրերով, որոնք չեն կարող չբերել նոր բառեր, և այդ բառերի ընդունմանը կարող է հակառակել միայն խելապակասը: Բայց չպիտի մոռանալ, որ յուրաքանչյուր լեզու ունի առավելություններ, որոնք կարող են բացակայել ուրիշ լեզուներից: Հայերենն, օրինակ, ունի մի առավելություն, որ աշխարհի քիչ լեզուներ ունեն. բառակազմության հեշտությունն ու շահավետությունը: Ու եթե որևէ լեզու, հայերենից նայնիսկ ավելի հարուստ ու ճկուն մի լեզու, ստիպված է օտար բառն ընդունել, որովհետև բառակազմության իր հնարավորությունները սուղ են, ապա հայերենի պես մի լեզու պարտավոր է հայացնել այդ բառը, որովհետև օտար բառը, իբրև ընդհանուր օրենք, շատ ավելի քիչ բան է ասում հային, քան մայրենի լեզվի հաջող բառակազմությունը: Չի կարելի ասել, թե մենք չենք օգտվում մեր լեզվի այս մեծ առավելությունից, բայց անկարելի է չասել, օգտվում ենք շատ ավելի քիչ, քան կարող ենք և պարտավոր ենք: Եթե մեր նախնիներն այնպես վարվեին, ինչպես մենք ենք անում վերջին տարիներս, ապա մեր մանուկներն այսօր պիտի չգիտենային այնպիսի բառեր, որպիսիք են` թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, բնագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն, աստղաբաշխություն, բուսաբանություն, կենդանաբանություն և այլն - գիտության ճյուղեր, որոնք ժամանակին նույնպիսի նորություններ էին, ինչպիսին են հիմա, դիցուք, միջուկային տեսությունը կամ կիբեռնետիկան: Մինչդեռ մենք գիտական բազմաթիվ նոր երևույթների համար ոչ միայն չենք ստեղծում հայերեն համարժեքներ, այլև դարավոր կենդանություն ունեցող բառերն իսկ փոխարինում ենք նրանց «նեգատիվ»–ով: Մոռացած, որ հույն փիլիսոփայության կորած շատ երկեր այսօր համաշխարհային գիտությանը հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ, մեր որոշ վայ-փիլիսոփաների թեթև ձեռքով` «տրամաբանությունը», օրինակ, «լոգիկա» է հնչում, ճիշտ այդպես էլ «երկրաբանությունը»` «գեոլոգիա», «բուսաբանությունը»` «բոտանիկա», «կենդանաբանությունը»` «զոոլոգիա», և, նույնիսկ բանասերների բերանում էլ, «բանասիրությունը»` «ֆիլոլոգիա»: Ռուս մանուկներն անգիր գիտեն Տուրգենևի հայտնի խոսքը. «Պահպանեցեք լեզվի մաքրությունն իբրև սրբություն: Երբեք մի՛ գործածեք օտար բառեր: Ռուսաց լեզուն հարուստ ու ճկուն է այնպես, որ մենք բան չունենք վերցնելու նրանցից, ովքեր մեզնից աղքատ են»: Իր մեծ նախորդից մոտ 60 տարի հետո, 1934 թվականին, փոքր ինչ այլ խոսքերով նույնն էր պահանջում նաև Գորկին. «Ռուսաց լեզուն հարստացնելու անհրաժեշտության մասին եղած պարապ խոսքերը (разговорчики) կասկածելի են իրենց անկեղծությամբ և անարդյունավետությամբ, եթե դրական արդյունք չհամարվի լեզվի աղտոտումը անպետքություններով»:
Այս նույնը պիտի ներշնչել նան հայ մանուկին և հասկացնել հայ պատանուն: Մեր լեզուն «հարստացնելու», «մաքրամոլ» և «հնաբույր» չերևալու և, վերջապես, զարգացած ու խելոք կարծվելու արատը առաքինություն դարձրած` մեզնից շատերը հասել են այն ծիծաղելի (բայց և զայրացուցիչ) վիճակին, որ ռուս գրող Ֆոնվիզինը բնորոշել է շատ դիպուկ. «Ռուսերեն խոսելով` ֆրանսերեն են զկռտում»: Բայց մեր լեզուն տանջվում է ոչ միայն այդ «ֆրանսերեն զկռտալուց»` անհարկի և անպետք օտար բառերի խճախցումից: Բանն այնտեղ է հասել, որ աղավաղվում է մեր լեզվի շարահյուսությունն էլ: Վայ-գրողների ու վայ-լրագրողների մեղքով մեր արդի գրականության մեջ վխտում են օտար բառերի հետ նաև օտարաբանություններ, սխալ (և օտար) խնդրառություն, սխալ (և օտար) համաձայնություն, մեր շաղկապների նրբիմացության անգիտում կամ թերացում, իսկական և անիսկական կապերի գիտակցման այնպիսի՜ մթագնում, որ հավասարվում է բացաչք կուրության... Հիմա էլ, ի պատասխան արդար հանդիմանության, մեզնից շատերը արդարանում են. «Արդեն այսպես են ասում»: Մե՛նք պիտի պայքարենք հենց «արդեն այդպես ասելու» դեմ, էլ ուր մնաց թե գրելու դեմ: Մեզնից ոմանք իրենց ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքի մեջ զոհ են լինում իրենցով, նվագում են ջութակի վրա, երգում են իրենց մասին, գլխարկ են հագնում, ինչպես նաև ակնոցներ, գտնվում են իրենց մոտ, ստիպված տանն են փակվում ցեխի շնորհիվ, իսկ դուրս գալիս` շրջում են փողոցի վրա... Մի առանձին մտահոգության և հատուկ խոսակցության նյութ է մեր գործածական լեզվի աղքատությունը, հայերենի բառամթերքից կեսբուռ օգտվելու կամավոր մուրացիկությունը: Իսկ բառերն ապրում են ո՛չ բառարաններում, ո՛չ էլ գրքերում: Բառերի կյանքը գործածության մեջ է: Լեզուն մտածողություն լինելով` նաև գործիք է, իսկ այդ գործիքն ապրում է բանելիս և բանելով, հակառակ դեպքում փտում է կամ ժանգոտում... Ամեն ազգ ու ժողովուրդ իր բաժինն է բերում համաշխարհային մշակույթի մթերանոցը: Սակավ չէ մեր բաժինը: Ունենք սքանչելի երաժշտություն, որի քարեղեն մարմնավորումն է մեր փառահեղ ճարտարապետությունը: Ունենք հնադարյան ճոխ դպրություն: Մատենադարան, որի անգնահատելի արժեքը կրկնապատկվում է այդ մատյանները զարդարող մանրանկարչությամբ: Մեր բանաստեղծությունը տվել է գլուխգործոցներ, որոնք մեր հոգու թարգմանությունը լինելով` խոսում են հանուր մարդկության հոգու հետ: Այո՛, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին` հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով` մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության: Այս պատճառով էլ` նա ուսումնասիրվում է ոչ միայն մեր Պետական համալսարանում, այլև աշխարհի շատ համալսարաններում: Բայց այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունը, նրա պահպանությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա: Օտար համալսարաններն ու ակադեմիաներն ի վիճակի չեն անելու այն, ինչ պարտավոր է անել հայկական համալսարանն ու հայկական ակադեմիան` նաև այդ համալսարանների ու ակադեմիաների բարոյական պարտադրանքով: Եվ պարտավոր է անել Հայաստան աշխարհը` համայն աշխարհի հոգեկան պարտադրանքով: Այսպես պիտի նայենք մեր լեզվին` ոչ միայն այն պատճառով, որ նա մեր մայրենին է, այլ նաև այն բանի համար, որ նա իր չորս գրական լեզուների և վեց տասնյակ բարբառների անչափելի հարստության դրամագլուխը մեզ պահելով` շահույթը պարտավոր է մարդկությանը փոխանցել... Այս գիտակցությամբ էլ, որի մեջ հպարտությունից ավելի պիտի խոսի պարտավորվածությունը, այս գիտակցությամբ էլ մենք պիտի հոգ տանենք ու խնամենք մեր մայրենին և, առաջին հերթին, նրան ազատենք այն բորբոսից, որ ծնվեց անհատի պաշտամունքի ամպամած օրերին և պիտի փարատվի Կոմունիստական կուսակցության վերջին համագումարների կենարար ջերմությամբ:
03, 01, 1962թ. Երևան