կարևոր
8380 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 21:31
Հասարակություն

Գագիկ Գինոսյան. «Կարինի» երգ ու պարի ոգեղեն ճախրանքը

Գագիկ Գինոսյան. «Կարինի» երգ ու պարի ոգեղեն ճախրանքը

Կարինից ընդամենը մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք էր գտնվում Գինոսյանների  հայրենի փոքրիկ քաղաքը` Իլիջան (Եղեգիս - Էլեգիա), որը հայոց պատմության մեջ հիշատակվում է վաղնջական ժամանակներից:

1928-1829 թթ. ռուս – թուրքական պատերազմից և Ադրանապոլսի պայմանագրի կնքումից հետո Կարնո ստվար հայությունն ստիպված եղավ լքել իր բնակավայրերն ու հաստատվել Ռուսաստանի կողմից նվաճված նոր շրջաններ: Իլիջացիները հաստատվեցին Ախլցխայի Ծուղրութ գյուղում և շարունակեցին իրենց համառ կռիվը` ժայռոտ հողակտորները բերիացնելու համար, ինչպես նաև ստիպված էին պարբերաբար իրենց լինելթյան կռիվը մղել ընդդեմ թուրք հրոսակների: Այդ ճակատագիրն էր բաժին հասել նաև Գինոսենց տոհմին: Գինոս նշանակում է բարեծնունդ: Եւ տոհմը դարերի խորքը գնացող իր կենսագրությամբ ապացուցել է իր կրած անվան ճշմատացիությունը:

Գինոսենց տոհմն ունի իր «Կարմիր» ավետարանը, որտեղ պահպանվում է նաև Հակոբ Մձմնահոր մասունքը: Ըստ ավանդության՝ այստեղ տեղադրված է նաև մի կտոր Նոյան Տապանի փայտից:

Գինոսյան Մարտիրոս ավագը իր մահկանացուն կնքել է հերթական հայ-թուրքական ընդհարման ժամանակ: Այդ դժբախտությունից հետո նրա կինը` Հայկանուշը, որը ախլցխացի էր, վերցնում է իր երկու երեխաներին` Գևորգին և Ազնիվին, ու վերադառնում  Ախալցխա` հայրական օջախ: 

Գևորգին վիճակված էր հոր ճակատագիրը. նա չվերադարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից` կնոջ` Վարդանուշի փխրուն ուսերին թողնելով երեք դուստրերի և Մարտիրոս տղայի խնամքն ու դաստիարակությունը: Գևորգը Ախալցխայում բոլորի կողմից հարգված մարդ էր, հայտնի էր իր ոգեղեն ու կրակոտ պարով, հոգեպարար երգով, լավ դափ էր նվագում,  բոլոր սեղաններին փնտրված սեղաներեց էր: Օժտված էր բացառիկ մաթեմատիկական ընդունակություններով: Նրան կանչում էին հիվանդ մարդկանց մոտ Նարեկ կարդալու և ասում էին, որ շատ բուժիչ շունչ ունի:

Տարիներ անց նրա որդու` Մարտիրոսի ընտանիքում ծնվեցին երկու զավակները, որոնցից կրտսերը Գագիկ Գինոսյանն է:

***

Կենսագրական ակնարկ

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թ. օգոստոսի 3-ին Վրացական ՍՍՀ  Ախալցխա քաղաքում: 1972-1982 թթ. ավարտել է Հովհաննես Թումանյանի անվ. Ախալցխայի N3 հայկական միջնակարգ դպրոցը (նախկինում` Կարապետյան վարժարան, հիմնադրվել է 1830 թ):

1982-1983 թթ. աշխատել է Ախալցխայի N3 Շարժական մեխանիզացված  շարասյունում` որպես բանվոր: 1983 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը: 1985-87 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1987 թվականից` զորացրվելուց հետո, շարունակել է սովորել վերոհիշյալ ինստուտում և այն ավարտել է 1990 թ.:

1987-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան»  ազգագրական  խմբում:

1990 թ. աշխատանքի է ընդունվել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի  ռելյատիվիստիկ մասնիկների լաբորատորիայում` որպես ինժեներ: 1992-1994 թթ. «Ազատագրական Բանակ» ջոկատի (հրամանատար` Լեոնիդ  Ազգալդյան)  X   դասակի  կազմում (հրամանատար`  Ալեքսանդր   Թամանյան) մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1992 թ. օգոստոսին Վազգեն Սարգսյանի զորակոչով X դասակով    ընդգրկվել են Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում:   Ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ:  

1994-ից ծառայել է ՀՀ բանակում`որպես սպա: 1995-1996 թթ. ավարտել է  Ռուսաստանի Դաշնության մարշալ Շապոշնիկովի անվան «Բարձրագույն  սպայական  դասնթացը» և ստացել գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում:

1996 թ. սեփական դիմումի համաձայն զորացրվել է: Նույն թվականին ընդգրկվել է  «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում:

1997 թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով  պարգևատրվել  է «Արծիվ-Մահապարտներ» հուշամեդալով, իսկ 1998 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` «Արիության» մեդալով:

1997-1999 թթ. աշխատել է «Շանթ» հեռուստառադիոընկերությունում`որպես  երևանյան  մասնաճյուղի  տնօրեն:

2000 թ. արժանացել է Ավ. Իսահակյանի անվան երիտասարդ   ստեղծագործողների  հանրապետական գրական  մրցույթի 1-ին մրցանակի:

2001-ից հիմնադրել է «Ծովակ» մանկապատանեկան և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը: Աշխատել է Պ. Յավորովի անվ. № 131 միջն. դպրոցում` որպես  ռազմագիտության  ուսուցիչ:

2006 թ. լույս է տեսել նրա հեղինակած «Ողջու՜յն, տղե՛րք…» գիրքը` նվիրված Արցախյան ազատամարտում նահատակված իր հերոս հրամանատարների հիշատակին:

2007 թ. «Կարինը» հայաստանյան հանրությանը ներկայացրեց Ազգագրության թատրոնի առաջին երկու նմուշը` «Հայոց երգի Հայրիկը»՝ նվիրված հայ երգի  մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի հիշատակին, և «Խնգահոտ Էրգիր» ներկայացումը, ուր Էրգիրը կորցրած պապն այն կտակում է իր թոռին: Դրանից հետո հայ հանդիսատեսի դատին հանձնվեց երրորդ նմանատիպ նմուշը` «Վարք Հայոցը», որի հիմքում Պարույր Սևակի «Եւ այր մի Մաշտոց անուն» պոեմն է`  համեմված Գարեգին Նժդեհի գաղափարներով:  

2020 թ. 44-օրյան վերջին պատերազմը եղավ Գագիկ Գինոսյանի համար, որին անմնացորդ մասնակցեց նա:  Գտնվելով ռազմաճակատում՝ նա անգամ հնարավորություն չունեցավ հրաժեշտ տալու հավերժության ճամփան բռնած մայրիկին, ում աճյունը հայրենի Ախալցխա ուղարկեցին և վաղամեռիկ հոր կողքին հուղարկավորեցին հարազատներն ու ընկերները:

***

Ինքնատիպ մշակույթի կրողներ են ներկայիս Ախալքալաքի և Ախալցխայի հայերը, որը արդյունք է վերաբնակված կարնեցիների և բնիկ ջավախքցիների  մշակութային խաչասերման: «Կարին» ավանդական երգի-պարի խումբն ստեղծվեց այս ինքնատիպ մշակույթի մեծ պաշարը կուտակելու և այն վերստին ժողովրդին վերադարձնելու առաքելությամբ:

Գագիկ Գինոսյանը, երկար տարիներ աշակերտելով հայ ազգային անաղարտ արվեստի մերօրյա զարթոնքի նահապետ Հայրիկ Մուրադյանին և սրտնեղելով ՀՀ-ում  և՛ Կարնո, և՛ Ախալքալաք-Ախալցխայի պարարվեստի գրեթե իսպառ բացակայությունից, լցվեց վերջիններիս պարարվեստին և երգարվեստին նոր շունչ տալու, այն ժողովրդին վերադարձնելու վճռականությամբ և փորձեց ավելի գիտական ընթացք տալ այս գործին: Լրջորեն ուսումնասիրելով մեծն Կոմիտասի, ազգագրագետ և պարային գրառումների համակարգի հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները` համոզվեց, որ այդ ուսումնասիրությունները պետք է զուգորդել նաև բանահավաքչական աշխատանքներով, և որ այդ համադրությունով միայն կարելի է նախանշել ազգային արվեստի ապագան:

Գագիկ Գինոսյանը 1987-2001 թթ.  «Վան», «Անդոկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակում մասնակցել է արտերկրյա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր. 1996 թ. Իտալիայի Լիկատա քաղաքում երրորդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատոներում, 1999 թ. Ռումինիայի Յասսի քաղաքում հինգերրորդ միջազգային «Կատալինա» և Խորվաթիայի Կառլովաց քաղաքում`  ՅՈւՆԵՍԿՕ-ի նշանաբանի տակ անցկացվող երկրորդ միջազգային փառատոններում:

Համերգային գործունեությանը փոխարինելու եկավ բանահավաքչական աշխատանքը, որի ընթացքում Կարնո, Ախալքալաք-Ախալցխայի բազում պարեր և ծագումով կարինցի մեծահասակներ անմահացան տեսաժապավենների վրա:

Այդ ճանապարհին գնալով օրհախնդիր էր դառնում ազգային երգի-պարի խմբի ստեղծումը, որը, ի վերջո, իրականություն դարձավ: Լսողությունը` անցյալի շշուկներին, և հայացքը ապագային հառած՝ «Կարինն» այսօր իրականացնում է իր  իսկ ջանքերի շնորհիվ վերածնված պարերն ու երգերը նոր մեկնաբանությամբ ժողովրդին ներկայացնելու առաքելությունը:

Իհարկե, դեռ շատ կան չգրառված, չվերծանված, հետևաբար` նաև ժողովրդին չվերադարձված մշակութային գանձեր: Այս առումով կարևոր է պետական մոտեցումը, սրտացավությունը, ինչը, ցավոք, բացակայում է:

Ջավախքը հայ մշակույթին ու գիտությանը տվել է բազմաթիվ մեծեր`աշխարհահռչակ նկարիչներ Վարդգես Սուրենյանց, Վահրամ Գայֆեճյան, Հակոբ Կոջոյան, գրողներ Վահան Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, մեծանուն գուսաններ Ջիվանի, Հավասի, մեծագույն հայագետներ Գալուստ Տեր-Մկրտչյան, Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, անզուգական երգչուհի Լուսինե Զաքարյան, տաղանդավոր դերասաններ Կարպ Խաչվանքյան, Շահում Ղազարյան, թատրոնի և կինոյի ինստիտուտի հիմնադիր Վավիկ Վարդանյան, մեծանուն ռեժիսոր Կարո Ալվարյան, ներկայիս երաժշտագետ-երգահաններից Արեգ Լուսինյան, Գևորգ Մանասյան...

Այս անուների շարքը կարելի է շարունակել ու շարունակել, աստղաբույլ, որտեղ ոսկե տառերով գրվեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի պայծառ անունը:  

Պատրաստեց Վահե Սարգսյանը