Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ավարտվեց «Ջավախք» ամառային հերթական՝ 12-րդ ամենամյա ճամբարը։ Հուլիսի 27-ին տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում՝ հայրենասիրական երգերով, պարերով ու շնորհակալական խոսքերով:
Ճամբարը մեկնարկել է հուլիսի 22-ին։ 5 օրվա ընթացքում 13 հայ երիտասարդներն ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ավստրալիայից ինտենսիվ շփվել և աշխատել են Ախալքալաքի երեխաների հետ կրթադաստիարակչական նպատակներով և աշխարհասփյուռ հայերի միջև հաղորդակցություն ստեղծելու համար։ Ճամբարի ուսումնական մասը ներառում է պատմության, հայերի մշակույթի, հայ դասական, բայց արդի գրականության թեմաներ։
Խմբապետներն իրենց օրինակով ցույց են տվել սպորտային զարգացման կարևորությունը, հիգիենայի պահպանումը և այլն։
Ախալքալաք քաղաքից և գյուղերից շուրջ 160 երեխա այս օրերին հաճախում էին ճամբար և ինտենսիվորեն երգ ու պար սովորում՝ իրենց սովորածը հրաժեշտի միջոցառմանը ցույց տալու համար։ Երեխաները բաժանվել էին «Կարմիրներ», «Կապույտներ» և «Նարնջագույններ» խմբերի։ Յուրաքանչյուր խումբ պատրաստել էր իր երգն ու պարը: Երեխաները ելույթ ունեցան անձրևի տակ, բայց կարծես վատ եղանակը նրանց ավելի ոգեշնչեց։
Վերջում հնչեցին շնորհակալական խոսքեր։ Ճամբարի խմբապետներին տրվեցին շնորհակալագրեր։ Ճամբարի ամենաէմոցիոնալ մասնակիցները լաց էին լինում՝ հրաժեշտ տալով սփյուռքահայ ընկերներին։
«Ջավախք» ամենամյա ճամբարը անցկացվում Վրաստանի 4 մունիցիպալիտետում՝ Ախալքալաքում, Ախալցիխեում, Նինոծմինդայում և Ծալկայում։ Ճամբարն անցկացվում է Վրաստանի Հայ օգնության միության ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ։ Ճամբարին մասնակցում են ոչ միայն Երիտասարդական կենտրոնի երեխաները, այլև Վրաստանի Հայ Օգնության միության ծրագրերին մասնակցող ծնողազուրկները, երեխաները՝ սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներից։