Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Ինչքանո՞վ ենք մտահոգ բանակաշինությամբ, հնարավորինս ժամանակակից լինելու, այլ ոչ թե 80-ականների զենքերով կռվելու հարցով
Բանակը կարևոր է յուրաքանչյուր ազգի պետականաշինության և ազգապահպանության համար: Այլ հարց է, թե որքանո՞վ ենք մենք բանակի կողքին կանգնած, հատկապես` մտավորականությունն ու իշխանությունը, ինչքանո՞վ են մտահոգ բանակաշինությամբ, հնարավորինս ժամանակակից լինելու, այլ ոչ թե 80-ականների զենքերով կռվելու հարցով: Դրա հետ կապված` Նժդեհը հետաքրքիր ձևակերպում ունի, ասում է. «Բանակը, որը կռվում է իր հայրերի, պապերի զենքերով, դատապարտված է»: Այսինքն` յուրաքանչյուր սերունդ պետք է նոր որակի բարձրացնի սպառազինությունը, և պետության մեջ այն թիվ մեկ խնդիրը պետք է լինի, մանավանդ` մեզ նման պետության, ազգերի համար թիվ մեկ խնդիրը ռազմարդյունաբերությունը պետք է լինի: Մի պահ ապրիլից հետո խոսեցինք այդ մասին, բայց ակներև այդ զարգացումը չկա:
Ապրիլն ապացուցեց, որ, այնուամենայնիվ, չնայած մենք շատ ենք թերացել, բայց հերոս տղաների ոգին իր գործն արել է
Մյուս կողմից` մեր կարևոր խնդիրը նաև գաղափարն է, այսինքն` գաղափարական, բարոյահոգեբանական ոգին, և քանի դեռ այդ ամենը բարձրակետի վրա չէ, շատ բանի չենք կարող հասնել: Տեսեք, թե ովքեր էին առաջին նահատակները` նրանք, ովքեր գաղափարակիրներ էին, նվիրյալներ: Հետագայում եկավ մի պահ, երբ ուղղակի զորակոչ եղավ, սակայն հայը կամավորագրվում և հերոսանում է որպես կամավոր զինվոր, ոչ թե` պարտադիր ծառայությամբ: Պետք է անել ամեն ինչ, որ պարտադիր զորակոչված զինվորն իրեն կամավոր զգա: Ապրիլն ապացուցեց, որ, այնուամենայնիվ, չնայած մենք շատ ենք թերացել, բայց հերոս տղաների ոգին իր գործն արել է: Այն հերոսական նկարագիրը, կենսագրությունը, անձնազոհության խենթ օրինակները, որ եղել էին 1990-ականների սկզբին, իր մեծ առաքելությունը կատարել է եկող սերնդի համար, բայց դա չպետք է մեզ հանգստացնի, որ Թաթուլը, Լեոնիդը, մյուսներն ամեն ինչ արել են, և մենք կարող ենք միայն սպառազինության մասին մտածել: Ինչպես մեր ռազմամարգարեն է ասել` զենքն անհրաժեշտ է, բայց` արի բազուկներում, այսինքն` եթե անգամ մենք կրակելու մրցույթում հաղթենք ու աշխարհում լավագույնը լինենք, դա դեռ չի նշանակում, որ կռվի դաշտում այդ զենքը կրակելու է: Նույն զինվորը, որ ֆիզիկապես շատ լավ պատրաստված է, այդ ֆիզիկական պատրաստվածությունը կարող է նպաստել շատ ավելի արագ կռվի դաշտից փախչելուն: Զինվորը կարող է իր անձը պաշտպանելու ոգի ունենա, բայց հայրենիքը պաշտպանելու գաղափար, վճռականություն ու կամք չունենա: Իսկ երբ դրանք համատեղվում են` գաղափարը, ոգին և կամքը, այդ ժամանակ լինում են հայրենատեր, և այդ դեպքում միայն կարող ենք մտածել, որ մենք, իրոք, անվտանգ հայրենիք ունենք: Բայց ապրիլն ապացուցեց, որ մենք դեռ լիարժեք անվտանգ չենք և ռազմավարորեն անխոցելի չենք:
Տղան պարտադիր ծառայության մեկնելուց հոգեբանորեն պետք է կամավորագրվի ազգի պաշտպանությանը
Դեռ շատ անելիքներ ունենք` և՛ ռազմարդյունաբերության, և՛ ազգային գաղափարության, և՛ ոգու, դաստիարակության առումով, որովհետև զինվոր չեն «ստեղծում», ապագա զինվորը դաստիարակվում է տանը, դպրոցում, և վերջակետը դրվում է բանակում: Բանակը պետք է այդ ամենի թագն ու պսակը լինի, բայց ոչ` հիմքը փորողը, պետք է ավարտին հասցնի այն գործընթացը, որը մանկապարտեզում կամ մոր արգանդում է սկսվում: Այս առումով զանգվածային լրատվամիջոցները, հեռուստատեսությունն իրենց ահռելի անելիքն ունեն, որ տղան պարտադիր ծառայության մեկնելիս հոգեբանորեն կամավորագրվի ազգի պաշտպանությանը, ոչ թե գնա ու 2 տարին մի կերպ անցկացնի և մտածի միայն անփորձանք տուն վերադառնալու մասին: Որտեղ հաջողել ենք, որտեղ հերոսացած տղաներ ենք ունեցել, հավատացնում եմ, այն ավելի ծնողի, ուսուցչի, նախորդ դեպքերի հերոսների օրինակներով է կերտված:
Պետք է ունենանք գաղափարապես ամուր հենք, բայց չսահմանափակվենք դրանով
Մենք պետք է ունենանք գաղափարապես ամուր հենք, բայց չսահմանափակվենք դրանով, այսինքն` հույսներս չդնենք դրա վրա: Դա բազմավեկտոր աշխատանք է` հավաքող ոսպնյակի գաղափարի պես. արևն ամբողջ օրն իր ճառագայթներով ջերմացնում է երկիրը, բայց հրդեհ չի լինում, սակայն բավական է` հավաքող ոսպնյակը դնեք և ֆոկուսացնեք բոլոր ճառագայթները մի կետի վրա, միանգամից հրդեհ կբռնկվի: Այդ տեսանկյունից, եթե կարողանանք բոլորիս ջանքերը` և՛ դպրոցների, և՛ հասարակության, և՛ ԶԼՄ-ների, և՛ բանակի, վերջնական տեսքի բերել, նոր միայն կարող ենք խոսել հայրենատեր զինվորի և ռազմավարորեն անխոցելի հայրենիքի մասին:
Զրուցեց Կարինե Հարությունյանը