Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի օր դրսում պատահաբար Արթուր Մեսչյանին տեսա: Մոտեցա, զրուցեցինք, ուզում էի հարցազրույց անել: Հրաժարվեց, բայց փոխարենն ասաց, որ առանց ձայնագրիչի կխոսի այն ամենի մասին, ինչ կուզեի հարցնել: Տարված լսում էի, հո՜ զրույց չէր… Որոշ ժամանակ անց ասացի, թե` ախր, շատ լավ մտքեր եք, է՜, արտահայտում, ափսոս է, որ այս ամենի մասին չբարձրաձայնվի: Մեսչյանը պատասխանեց.«Իսկ դու գրիր քո անունից, ի վերջո, անձը կարևոր չէ, ի՞նչ կարևոր է` ե՞ս եմ այդ միտքն ասել, թե՞ դու»: Գրողը տանի, այդպես էլ չկարողացա համոզել, որ ես դժվար այդքան խելացի մտքեր հայտնեի երբևէ…
Գագիկ Գինոսյանի հետ հարցազրույցի եմ: Հարցազրույցը դեռ չսկսված` Գինոսյանն ասում է, որ մի խնդրանք ունի. «Այնպես արա, որ իմ անձը չերևա զրույցի ընթացքում, ուղղակի որպես մտահոգ քաղաքացու խոսք թող հնչի, շեշտն ինձ վրա չդնես, խնդրում եմ»: Մեսչյանին, Գինոսյանին հասկանալու համար ճանապարհ ունենք անցնելու:
Yerkir.am-ի զրուցակիցն է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
-Մեկ-մեկ սպասումը շատ երկար է թվում. մե՞նք ենք անհամբեր դարձել, թե՞ քաղաքացիական հասարակության կայացման մեր ամենաերկար օրն ենք, իրոք, ապրում:
-Չէի ուզենա, որ ամենաերկար օրում գտնվեինք, կուզենայի` հայոց արևն անընդհատ աճեր ու աճեր, և ինչպես մեծ պոետը կասեր` գարունները գան ու չգնան: Քաղաքացիական հասարակություն կոչվածը ես երևի մի քիչ սխալ տեսանկյունից եմ հասկանում. ինձ համար քաղաքացի լինել նախևառաջ ազգային տեսակ ունենալ է նշանակում, նշանակում է մարդ, որ իր անձից վեր է դասում հանրային, ազգային, պետական շահն ու խնդիրները, անգամ իրեն նեղելով, իր անձնականը ոտնահարելով` բարձր է պահում ազգի կայացումը: Պետք է ընդունենք` միշտ չէ, որ անհատի, քաղաքացու և ազգի համընդհանուր շահերը համընկնում են: Իհարկե, «Ձայն բազմաց` ձայն Աստծո», բայց ինչո՞ւ պետք է ազգը, երկիրն ուրացող, երկրի տնտեսությանը վնասներ տվող մարդու շահը համընկնի երկրի շահի հետ, և ինչո՞ւ ես պետք է պաշտպանեմ նրա շահերը: Այստեղ մի քիչ հակասություններ կան, և ինձ համար «մարդու իրավունք» հասկացությունը մի քիչ լղոզված սահմաններ ունի, և շատ հարաբերական են այդ սահմանները` որտեղ է վերջանում մարդու իրավունքը, որտեղ է սկսվում ազգի իրավունքը: Համընդհանուր շահը, մեկ մեծ ակոս ունենալու և ազգային հերկը շարունակելու խնդիրն ավելի կարևոր է, քան անհատների մանր-մունր ակոսները, որոնք ոչ թե օտարի սմբակները, այլ մի թեթև քամին կարող է համահավասարեցնել, և այլևս բերքի հույս չունենանք: Մենք պատրաստ ենք մի ամբողջ կաղնի հատել, որպեսզի մեր մարգագետնի վրա այն ստվեր չգցի, և մեր անձնական կանաչին վաղը մեր սեղանին չպակասի: Բայց մեր ազգային դարավոր կաղնին, մեր ավանդույթները, մեր ճիշտ մոտեցումներն ու ազգային տեսլականն ու հեռանկարը, ապագայի ուղին, անցածի փորձի վրա ապագան կանխատեսելը ոտնահարում ենք, ոչ մեկին հետաքրքի՞ր չէ…
-Ինչո՞ւ դասեր չենք քաղում անցյալից ու անում քայլեր, որոնց պատասխանը գիտենք:
-Իմաստուններն ու ազգային նվիրում ունեցողները քաղում են դասեր, որովհետև մարդիկ անընդհատ սրբագրում են իրենց գործելակերպը, կենսագրությունը: Բայց կան մարդիկ, ովքեր շահամոլ են, և եթե երեկ երկիրը վաճառում էին ներքին տականքին, վաղն արդեն դրսի տականքին, դրսի լրտեսներին պիտի վաճառեն այն: Այսինքն` մարդը, որն ունակ չէ սեփական վաստակն ունենալ, սեփական քրտինքով ինչ-որ բան վաստակել, պետք է վաստակի` սեփական քրտինքը վաճառելով: Այնպես չէ, որ մենք չենք խելոքանում, դասեր չենք քաղում, հետևություններ չենք անում, բայց բոլոր ասպարեզներում մենք դրսից պարտադրանք ունենք, և ինչ-ինչ մարդիկ երեկ, վաղը ինչ-որ գումարի դիմաց գնալու են փաստաթղթերի ստորագրման, որով վնասելու են երկրի շահերին: Պետք է զգոն լինենք, որ ազգի տականքի ձեռքին չհայտնվեն կնիքը, գրիչը, որով ստորագրվում ու կնքվում են ինչ-որ պայմանագրեր, որով մեկ տականք ամբողջ ազգին դնում է պարտադրանքի մեջ: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, երբ հարց էր առաջանում ազատագրված տարածքները հետ վերադարձնելու մասին, ասում էր, թե արյունով վաստակածը թղթով հետ չեն տալիս: Նժդեհն էլ ասում է` թղթե հիմարությունների համար չեն գնում զոհվելու, այլ սեփական համոզմունքների: Հիմա այդ թղթե հիմարություններից պետք է խուսափենք, որովհետև հետագայում այդ հիմարությունների մաքրագրման, սրբագրման կամ այդ թղթերը դեն նետելու համար մեր արյունով ենք վճարում:
-Քաղաքացու Ձեր տեսլականին հասնելու համար դեռ երկա՞ր ճանապարհ ունենք անցնելու:
-Ցավոք, այսօր Նարեկացի, Խրիմյան հայրիկ, Թումանյան չունենք: Աստվածաշնչի օրինակը պետք բերեմ` Աբրահամը 40 տարի անապատներով ման տվեց հրեաներին, որպեսզի ստրկությունը կարողանան մեջներից մաքրել, հետո նոր պետություն կառուցել, այսինքն` ստրուկի հոգեբանություն ունեցողը չի կարող պետություն կառուցել: Ժամանակի հետ ամեն ինչ տեղն է ընկնելու, բայց դա գալու է ժամանակի հետ և միայն այն դեպքում, երբ մենք ազգային, ազատ սերունդ կդաստիարակենք, կհանդգնենք ստրկամտի ճիվաններից պոկել անգամ իր զավակներին ստրկամիտ դարձնելու հոգեբանությունը, այն, որ առանց ռուս եղբոր հնարավոր չէ գոյատևել: Ազգը, որը տեսլական չունի` բացարձակ անկախ լինելու, սեփական ճակատագրի տերը լինելու, չի կարող ճիշտ ճանապարհ ունենալ: Պատմության պոչից կախ ընկած, քարշ եկող ազգերը պատմություն չեն կերտում և չեն կարողանում երկար գոյատևել, իսկ մենք պետք է մեր սեփական պատմությունը կերտենք, ոչ թե պատմության մի լուսանցքում լինենք:
-Կոմիտաս, Թումանյան, Խրիմյան հայրիկ, այո, այսօր չունենք: Բայց ծիլերը տեսնո՞ւմ եք, ինչ-որ բան ցանե՞լ ենք գոնե, թե՞ դեռ նոր պետք է ցանենք:
-Երիտասարդության հետ շատ-շատ եմ շփվում և պետք է հպարտությամբ ասեմ, որ սերունդը, որը գալիս է, ավելի քան գերազանցում է մեզ: Իհարկե, այս սերունդն էլ իր մեջ ունի իր տականքը, նրանք, ովքեր խցկվել են մի խողովակ` կուսակցական, կառավարական, «պապայական» ճանապարհներով փորձում են ինչ-որ պաշտոնի հասնել: Նրանց չհաշված` սերունդն ավելի քան կայացած է` ազգային տեսակով, նվիրում ունեցող, հոգեբանությամբ սրբագրված, «մի ջուր լվացած»: Մենք պետք է մեր փորձառությամբ իրենց «սպասարկելու» հանդգնություն ունենանք. ամեն թրթուր պառկում է, որ տանկը կարողանա իր վրայով քայլել, առաջ շարժվել, մեր մեծերն իրենց խորանի առջև էին թաղել տալիս, որպեսզի մարդիկ իրենց վրայով գնային դեպի խորան: Ցորենի հասկերի մեջ կան այնպիսինները, որոնք դեռ շատ լիքը, իմաստուն չեն, դեռ ցցված են և գերանդուն են զոհ դառնում, բայց նրանց մեջ կան իմաստունները, որոնք մինչև գերանդու հասնելը հասցնում են խոնարհվել, խոնարհվել դեպի մայր հողը, իրենց սպանել` իմանալով, որ իրենց մահով ավելի կատարյալ հասկի սկիզբ են դնելու: Ըմբոստ տղերքի խոնարհումից նոր սերունդ ծնվեց. Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի` գաղափարական տղերքի մասին եմ խոսում, քանի որ զոհեր շատ ենք ունեցել, բայց գաղափարական տղերքի ծիլերն ենք տեսնում այսօր: Ամեն անգամ ցավ եմ ապրում` տեսնելով, որ երբ սոցիալական խնդիր կա, համախմբվում ենք, երբ գաղափարական-ազգային խնդիր կա, դաշտը դատարկ է: Կարծում եմ` մի օր կգա այդ օրը, երբ դրա համար էլ ոտքի կկանգնենք, քանի որ հիմա խմորման պրոցեսն է: Ճիշտ է, մերանը միշտ քիչ է լինում, բայց այդ քիչ քանակությամբ մերանով էլ մածուն ենք ստանում:
-Կարողանո՞ւմ ենք մերանը ճիշտ օգտագործել: Հիմա, օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքար է գնում, կարողանո՞ւմ ենք մեր պայքարը, պահանջը ճիշտ ձևով ներկայացնել:
-Չեմ ուզում քննադատել տղաներին, որովհետև միշտ կա միտքը` եթե մենք սխալ ենք` եկեք, դուք արեք: Եթե դուք սրտի կսկիծով, ներքին ընդվզումով ինչ-որ քայլի եք գնում, հիշեք, որ բեմը խորան է, և յուրաքանչյուր ոք պետք է վաստակի խորանի վրա կանգնելու իրավունքը: Եթե ձեր հոգում չունեք առաքյալի սիրտ, իրավունք չունեք խորանը պղծելու: Եթե դուք բարձրանում եք խորան, պիտի հասկանաք` ներքևում գտնվողներից ավելին պիտի դառնաք, եթե անգամ չէիք մինչ այդ: Երբ բարձրանում եմ խորան, ամբիոն, ես չեմ կարող չհուզվել, քանի որ ես պետք է վաստակեմ այդ իրավունքը և հասկանամ, որ ներքևում գտնվողը պիտի համոզվի, որ ճիշտ է, որ ոչ թե նա, այլ դու ես վերևում: Եթե նա հանկարծ կասկածեց դրանում, դու տապալված ես` անկախ նրանից` քեզ կանպատվե՞ն, թե՞ լուռ կլսեն: Ինձ համար շատ մեծ քննություն է բեմ բարձրանալն ու խոսք ասելը: Նժդեհն ասում էր` հրամանատարը նաև խոսքով է հաղթում: Եթե չկա այն խոսքը, որը մատները պետք է բռունցք դարձնի, երբեք չես կարող հաղթել: Երկու խորհուրդ կուզեի տալ` անկեղծ, առաքյալ, նվիրյալ լինել և զորեղ խոսք հնչեցնել, եթե չես գտնում այդ հենքը` ավելի լավ է չխոսես, որովհետև տկար խոսքին ոչ ոք չի հավատա:
-Պատրա՞ստ ենք բռունցք դառնալ, մեզ մոտ, կարծես, ամեն մեկն ուզում է լիդեր դառնալ: Պատրա՞ստ ենք չերևալ, բայց օգուտ տալ դիմացինին, ազգին:
-Ես իմ բանաձևն ունեմ և կարծում եմ, որ կարևորն անձերը չեն, կարևորը գաղափարն է: Նժդեհը կասեր` պիտի մեռնի «ես»-ը, որ ապրի «մենք»-ը: Եթե ես չեմ կարող իմ անձը ստորադասել, ես տապալում եմ ոչ միայն ինձ, այլև կողքիս գտնվողներին: Օտարներն անում են ամեն ինչ, որ մենք համախմբված չլինենք: Տաճարը, երբ կառուցում են, ամեն մեկն իր դերը պետք է ունենա` անկյունաքար, հիմնաքար, բարավոր: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ դեր ստանձնի, բայց պետք է նաև հասկանա, որ առանց գմբեթ խորանը զուր է: Ամեն մեկն իր առաքելությունն ունի, բայց ամենամեծ ու ամենահամեստ առաքելությունը քարինը չէ, այլ շաղախինը. այդ շաղախը` գաղափարախոսությունը կրող մարդիկ, երբեք չեն էլ ձգտում խորան դառնալ, նրանք համեստորեն թաքնված են, բայց ամուր կապում են բոլոր օղակները:
-Այսինքն` ավելի հեշտ է ասել երկիրը երկիր չէ, քան փակե՞լ նրա բերանը, ով նման բան կասի:
-Իրականում ավելի հանճարեղ երևույթ, քան ազգն է, չկա: Գոհարը տաշում են, որ ադամանդ դառնա, իսկ տաշվածքից թռած մասն ինքնակամ հեռանում է: Որևէ մեկը չի կարող ասել, թե ինքն ավելին է, քան ազգը: Թումանյանի «Հայելին» հիշո՞ւմ եք. ամեն մեկը տեսնում է իրեն, եթե երկիրը երկիր չէ, ուրեմն նման բան ասողը երկրի քաղաքացի չէ: Մենք պետք է շատ խիստ լինենք ինքներս մեր անձի նկատմամբ, մարդը, ով հանրային դեմք է, նրան խոշորացույցի տակ են նայում: Հեշտ է մարդուն սևացնել, դուք փորձեք հասկանալ նրան: Ազգը, ով ունի Սամվել Կարապետյան, ով եթե անգամ սխալ է իր խոսքում, միևնույն է, ես վստահ եմ, որ եկեղեցու հազար քահանա չունի նրա սրտացավությունը հայ եկեղեցու նկատմամբ, և այդ պատճառով իրավունք չունեմ չհավատալու նրան: Այն թվերին, երբ մենք կռվում էինք Արցախում, նա չափագրում էր անգամ չազատագրված տարածքները: Մարդուն միանգամից սատանա են կոչում իր խոսքերի համար, իսկ միգուցե նրան լսել ու վերլուծել է պետք:
Նույնը վերաբերում է մեր իշխանություններին` ոչ մեկ չի ասում` տղե\'րք, կարո՞ղ է, իրոք, մենք ինչ-որ տեղ թերացել ենք, սխալ գործել, ո՛չ, մենք կատարյալ ենք, ընդդիմությունը տականք է: Այսպես չի լինում առաջընթաց, եթե չես տեսնում քո սխալը, ուղղվելու տեղ չունես: Խորհրդային միության ժամանակ տետրերը երկու լուսանցք ունեին` լայնը` իշխանության, նեղը ընդդիմության տարածքն էր, ժողովուրդն էլ մնացել էր մեջտեղում` խեղճ ու կրակ, չգիտեր` ուր գնա: Նույնն էլ հիմա է: Հիմա չեն թողել մի անցք, որ ժողովուրդը մի բանից կառչի ու հավատա, հետո էլ ասում են` լքում են երկիրը: Աամեն մարդ այդքան «զոռբա» չի, որ կարողանա դիմանալ և դեռ մի բան էլ հարցադրումներ առաջ քաշել:
-Նժդեհն ասում էր` ամենածանր գիշերին էլ հաջորդում է լուսաբացը: Լույս տեսնո՞ւմ եք:
-Իհարկե, տեսնում եմ, բայց այսպիսի բան կա` լուսաբացի տերը մենք պիտի լինենք, մյուս կողմից էլ` լուսաբացը չի գալիս ինքն իրեն, այն բերում են: Մեր պապերն անգամ լուսաբացը դիմավորող ծեսեր ունեին: Դու պիտի պատրաստ լինես այդ լուսաբացը կանչելուն և տեսնելուն: Արևածագին սպասելն անիմաստ է, եթե լուսամուտդ մրոտված է: Մեր հոգու մուրը պետք է մաքրենք, որ լուսաբացը նկատենք, թե չէ ստացվում է`մենք մեր մրոտ պատուհաններով սպասում ենք լուսաբացի գալուն, և լուսաբացը գալիս-գնում է, մենք էլ գիտենք` գիշեր է: Մենք վախենում ենք մեր հոգու մրից ազատվել, որովհետև հարևանը կտեսնի մեզ ու կճանաչի` իրականում ով ենք մենք: Մյուս կողմից` որպեսզի լուսամուտը մաքրենք, նախ պետք է մեր տունը մաքրենք:
-Նախորդ հարցազրույցի ժամանակ հետաքրքիր մի միտք ասացիք` խրամատը խորը փորես, գերեզման կդառնա: Մեր հանդիպումից հետո` այս մեկ տարվա ընթացքում, ինչ-որ բան փոխվե՞լ է, ակոս փորելու հմտություն ձեռք բերե՞լ ենք:
-Ճշգրտությունը պահելու համար չափի զգացողությունն է կարևոր, երբ չես կորցնում չափի զգացողությունը, կարողանում ես ճիշտ խրամատ փորել: Որպեսզի խրամատը գերեզմանի չվերածվի, զգոն պետք է լինենք: Եռաբլուրի տղաները ոչ թե գերեզման են մտել, այլ հավերժական խրամատ, և նրանց հոգիները հսկում են Հայաստանը: Պետք է միշտ հանդգնել սեփական ճակատագրին տեր լինելու կամք ունենալ, դա այս աշխարհում թե՛ անհատի, թե՛ ազգի համար ամենամեծ, ամենաբարդ առաքելությունն է: Հաճախ, երբ էպոսի մասին խոսում են և ասում` Մհերը մտավ Ագռավաքար և դուրս չեկավ, ես հակառակում եմ` Մհերը դուրս է գալիս Ագռավաքարից, երբ մենք մեր ճակատագրին տեր լինելու կամք ենք ունենում, նա մեզ հետ էր Զանգեզուրում, Բաշ-Ապարանում, Արցախում: Վստահ եմ` կարող ենք կերտել մի սերունդ, որը մեկընդմիշտ Մհերին կհանի Ագռավաքարից:
Կարինե Հարությունյան