կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 13:10
Հասարակություն

Վերականգնվել է Կարինի ռուսական եկեղեցին

Վերականգնվել է Կարինի ռուսական եկեղեցին

Թուրքիայում ըստ բնօրինակի վերականգնել են Կարինի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Էրզրում) Օլթի գավառի ռուսական պատմական եկեղեցին։ Եկեղեցին վերանորոգել են՝ հիմք ընդունելով արխիվներում պահպանված լուսանկարները։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ ռուս ճարտարապետ Ֆյոդր Միխայլովիչ Վերժբիցկիի կողմից 19-րդ դարում կառուցված սույն եկեղեցին գտնվում է 480 քմ տարածքի վրա։

Եկեղեցու վերականգնումն սկսվել է 2019 թ․, Էրզրումի նահանգապետարանի, Օլթիի գավառապետարանի և տեղի քաղաքապետարանի կողմից մշակված և «Հյուսիսարևելյան Անատոլիայի զարգացման գործակալության» (KUDAKA / Kuzeydoğu Anadolu Kalkınma Ajansı) աջակցությամբ 2018 թ․ մեկնարկած նախագծի շրջանակներում։

Օլթիի գավառապետ Ջևդեթ Բաքքալը նշել է, որ եկեղեցին վերանորոգվել է պատմական նկարներին համապատասխան։ Նա նաև հավելել է, թե «Առաջիկա շրջանում ռուսների կողմից այցերի մեծ թիվ ենք ակնկալում։ Էրզրումը, որը ձմեռային զբոսաշրջության կենտրոն է, այն քաղաքներից է, ուր հաճախ են այցելում ռուս տուրիստները» ու հույս հայտնել, որ վերականգնված ռուսական եկեղեցու առկայությունը ավելի մեծ զարկ կտա այդ շրջաններում զբոսաշրջության զարգացմանը։

https://www.ntv.com.tr/n-life/gezi/erzurumdaki-tarihi-rus-kilisesi-eski-resimlerine-bakilarak-restore-edildi,jGXxa22bcUa1r3ZY5WdtkQ

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net